
Ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման համար ԿԳՆ-ին 50 միլիոն դրամ տրամադրվեց
Կառավարության այսօրվա նիստին որոշում ընդունվեց` 50 միլիոն դրամ տրամադրել կրթության և գիտության նախարարությանը (ԿԳՆ)՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաև 2016 թվականի ապրիլի 2-ից 6-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած կամ մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: Հարցը զեկուցում էր կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
50 մլն դրամ կազմող գումարը ԿԳՆ-ից կփոխանցվի Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ): Ըստ նախագծի՝ ապրիլյան քառօրյա պատերազմին մարտական հերթապահություն իրականացրած 649 ուսանողների և երկու և ավելի երեխա ունեցող 112 ուսանողների (ընդհանուր՝ 761) ուսման վարձավճարը կփոխհատուցվի 20%-ի չափով: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 68 մլն 588 հազար դրամ: Գործադիրի ընդունած որոշմամբ՝ կառավարության պահուստային ֆոնդից ՀԵՀ-ին կհատկացվի 50 միլիոն դրամ, իսկ մնացած 18 միլիոնը հիմնադրամը կհատկացնի իր միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմին մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների ուսման վարձավճարների 20%-ի չափով փոխհատուցման ծրագիրը իրականացվել է՝ սկսած 2016/17 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից:
Արայիկ Հարությունյանը առաջարկեց Նիկոլ Փաշինյանին վերախմբագրել որոշման այն հատվածը, որը վերաբերում էր երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներին: Նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ նախորդ տարիներին 100 տոկոսով է փոխհատուցվել նշված խմբի ուսանողների վարձավճարը, և Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ 30 միլիոն խնայողություն կա, ու կարող են որոշմամբ սահմանված գումարը ավելացնել: Փաշինյանը հետաքրքրվեց՝ որոշման մեջ այլ գումար է, իսկ հիմա ավելացնում ենք 30 միլիոնով, հետո որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի՞ լինի: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ նիստի ընթացքում կարող են ընդունել կոնցեպցիան, սակայն վերաբաշխման գործոնը հաշվի առնելով՝ կհաստատեն խմբագրված տարբերակը:
Արայիկ Հարությունյանն էլ ավելացրեց, որ չեն ցանկացել օրակարգից հանել հարցը և այդ խմբագրմամբ են բերել, քանի որ հաջորդ շաբաթ ընդունելու դեպքում պայմանագրերը հնարավոր չէր լինի կնքել, և պետբյուջեի հետ կապված խնդիրներ կառաջանային:
Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայությունից
Մեկնաբանել