HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Ես երկու օր է` աշխատանքից բացակայում եմ, իմ գործատուն շատ վրդովված է». Արմեն Գևորգյանը շատ հարցերի չպատասխանեց

«Ես երկու օր է՝ աշխատանքից բացակայում եմ, իմ գործատուն շատ վրդովված է այդ հանգամանքով: Եթե դեմ չեք, ես, այնուամենայնիվ, գնամ գործի»,- դատարանի որոշումից հետո այսօր այս մասին ասաց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, սակայն որոշ հարցերի պատասխանեց:

Նշենք, որ դատարանը քիչ առաջ որոշել է փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը մերժել:

«Սա չի նշանակում, որ գործն ավարտվել է, մենք շարունակելու ենք աշխատել, մենք շարունակելու ենք ներկայացնել նաև մեր փաստարկներն ու մոտեցումները՝ հիմնավորելով մեր անմեղությունը և ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Հարցին, թե դատարանում ինչ հայտարարություն է արել Գևորգյանը, վերջինս պատասխանեց, որ փորձել է ներկայացնել իր անցած ճանապարհը՝ ինչով է զբաղված եղել Հայաստանում վերջին 20 տարիներին՝ Ռուսաստանից վերադառնալուց հետո, ինչ սկզբունքներով է կազմակերպել իր աշխատանքը պետական համակարգում, իր կարծիքով՝ ինչ օգուտ է տվել Հայատանին, ինչպես նաև դատարանին խնդրել է որոշում կայացնելիս հաշվի առնել մի քանի հանգամանք, որոնք, իր համոզմամբ, կալանավորման համար հիմք չպետք է հանդիսանան:

Նշենք, որ Գևորգյանը մինչև վերջերս մեղադրվում էր արդարադատության կայացմանը խոչընդոտելու մեջ, սակայն օրեր առաջ նրան երեք նոր մեղադրանք է առաջադրվել՝ սահմանադրական հարգի տապալմանն օժանդակելը, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը:

«Ինձ համար նույնպես անակնկալ է եղել, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվել է՝ հաշվի առնելով, որ երբ օգոստոսի 3-ին ինձ մեղադրանք էր առաջադրվում, արդեն մեկ շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ մեղադրանքն, ըստ էության, ուրիշներին ներկայացված է եղել: Ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում՝ ես չգիտեմ»,- ասաց Արմեն Գևորգյանը:

Վերջինս չբացառեց, որ գուցե, առաջիկա օրերին լրագրողների հետ հանդիպում ունենա և պատասխանի նրանց հարցերին:

Ըստ Գևորգյանի` դատական նիստի ընթացքում բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել իրենց փաստարկները ներկայացնելու, ինքը կողմնակալություն չի տեսել:

«Մյուս կողմից ես կարծում եմ, որ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում լինել. հավատացեք, որ այս երկու-երեք օրվա ընթացքում բավական լարված քննարկումներ ու օրեր են անցել»,- ասաց նախկին փոխվարչապետը: Վերջինս չպատասխանեց հարցին` գործարար Սիլվա Համբարձումյանի հետ առերեսվել է, թե ոչ:

Հարցին չպատասխանեց նաև նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը` նշելով, թե գործի փաստական տվյալներ հրապարակել չի կարող:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի՝ արդարադատության կայացմանը խոչընդոտելու առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որ 2008 թվականի փետրվարի 28-ից մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա քննության է առնվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2008 թվականի փետրվարի 24-ի՝ «Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործը:

Ըստ ՀՔԾ-ի՝ նպատակ ունենալով խոչընդոտել տվյալ գործով սահմանադրական արդարադատության իրականացմանը՝ Արմեն Գևորգյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2008 թվականի մարտի սկզբներին, մինչև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից տվյալ գործով որոշում կայացնելը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի մոտ է ուղարկել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում աշխատող վերջինիս եղբորը, ում կարգադրել է փոխանցել, որ անհրաժեշտ է կայացնել ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշում:

Մինչև դեկտեմբերի 11-ը Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն մեղադրանքը լրացնելուց հետո քննչական մարմինը գտել էր, որ Գևորգյանին կալանավորելու անհրաժեշտություն կա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter