HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Որդուս վերջին կանգառը հայրենիքն է»․ բեյրութահայ հայրենադարձը հպարտ է, բայց նաև հիասթափված

Լիբանանահայ Ալեքսանդր Խուրին ընտանիքով Հայաստան է տեղափոխվել թավշյա հեղափոխությունից հետո։

Խուրին այն սիրիացի արաբ գերդաստանի ազգանունն է, որը որդեգրել է Ալեքսանդրի՝ ջարդից փրկված պապին։ Ալեքսի նախնիները սիսեցիներ են եղել։ Եղեռնից մազապուրծ, Տեր-Սահակյան ազգանունով պապը հայտնվել է սիրիացի արաբ ընտանիքում, այնուհետեւ ֆրանսիական լեգեոնի կազմում, սպայի կոչումով մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին, հետո տեղափոխվել Լիբանան։ Այստեղ էլ 99 տարեկանում մահացել է։  

Մանկության երազանքի հետքերով

Ալեքսը եղբոր, կնոջ եւ երկու տարեկան որդու հետ տեղավորվել են Արաբկիրի բնակարաններից մեկում, որի համար ամսական 100 հազար դրամ են վճարում։

Ալեքսն ու եղբայրը բարձր կարգի վարպետներ են։ Նա ադամանդի քարեր է տեղադրում, իսկ Պարույրը ոսկերիչ է։ «Սփյուռքի հայկական ընտանիքներում մի ավանդույթ կա՝ եթե երկու եղբայր են, մեկը պետք է ոսկերիչ լինի, մյուսը՝ քար գցող, որ իրար գործ փոխանցեն»,-ասում է Ալեքս Խուրին։

Ալեքսը պատմում է, որ հայրենադարձվելն իր մանկության երազանքն էր։ Մեկ-երկու անգամ փորձել է Բեյրութի կյանքը թողնել ու տեղափոխվել Երեւան, բայց ընտանեկան պայմանները թույլ չեն տվել։

«Հայրս 39 տարեկանում մահացավ Լիբանանում։ Ես 14 տարեկան էի, ու քանի որ ավագն էի, թողեցի ուսումս, ու եղբորս հետ սկսեցինք աշխատել։ Չթողեցինք մեր մայրն աշխատեր։ Մեծացել ենք մեր ուժերով։ 2005 թվին դարձա 18 տարեկան, ծառայեցի Լիբանանում։ Ծառայությունից հետո որոշեցի Երեւան գալ։ Էդ օրը ընկերներիս հրաժեշտ էի տալիս, որ արդեն մեկնում եմ Հայաստան, ընկերս ասաց՝ քեզ չեմ ուզում տխրեցնել, բայց, ցավոք, օդանավակայանը փակ է, Իսրայելը գնդակոծել է։ Ճամպրուկները պատրաստել էի արդեն։ Հենց ճանապարհները բացվեց, 21 օրով եկա Հայաստան։ Երկրորդ օրը զանգեցի մորս, ասացի՝ ես Լիբանան չեմ գալիս, մնում եմ Հայաստան։ Մայրս ինձ չքաջալերեց, ասաց՝ հիմա ժամանակը չէ։ Ամեն տարի, որ գալիս էի, ուզում էի մնալ Երեւանում, բայց չէր ստացվում»,-Երեւանի հանդեպ սիրո դրսեւորումն է պատմում Ալեքսանդր Խուրին։

Տեղափոխվել չի ստացվում, բայց հայրենիքի հետ կապն ավելի է ամրապնդվում։ «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերի ժամանակ Ալեքսը ֆեյսբուքով ծանոթանում է կնոջ՝ Հասմիկի հետ։ Հասմիկն իջեւանցի է։ Պատմում է, որ ցույցերի օրերին, ֆեյսբուքյան քննարկումների ժամանակ են ծանոթացել։ Հասմիկն այդ ժամանակ դասավանդում էր Իջեւանի երաժշտական դպրոցում։ Մեկ ամիս անց տեղի է ունենում Ալեքսանդրի եւ Հասմիկի նշանադրությունը։

«Ալեքսը եկավ Հայաստան, մնաց 20 օր, բարեկամներիս հետ ծանոթացավ։ Օգոստոսին ասաց՝ հունվարին պիտի ամուսնանանք։ Երբ վերադարձավ Լիբանան, ասաց՝ հոկտեմբերին պիտի ամուսնանանք։ Մի քիչ էլ անցավ՝ տոմս գնեց սեպտեմբերի համար, եկավ ու ամուսնացանք»։

Ամուսնությունից մեկ տարի անց Հաղարծնի վանքում տեղի է ունեցել Ալեքսի ու Հասմիկի պսակադրությունն ու նրանց որդու՝ Իսահակի մկրտությունը:

Հեղափոխությունից ոգեւորված

Մինչեւ հեղափոխությունը, Ալեքսը կնոջն առաջարկում է՝ մեկնենք Հայաստան։ Հասմիկն ընդդիմանում է՝ լավ տեղյակ լինելով Հայաստանի ներքին խնդիրներին։ Բայց հեղափոխությունից հետո միաձայն որոշում են՝ հայրենադարձվում ենք։

«Բեյրութում նոր գործ էինք դրել՝ Բուրջ Համուդում բացել էինք հայկական ռեստորան։ Ընտանեկան ռեստորան էր, մահմեդականներն էլ էին գալիս։ Հույս չունեինք, որ էդքան կմեծանայինք։ Արդեն ադամանդագործությամբ չէի հասցնում զբաղվել։ Անցանք երկրորդ փուլին ու շաբաթ-կիրակիները հայկական աշուղական եւ հունական բուզուկիով երեկոներ էինք կազմակերպում։ Մարդկանց տեղ ու դադար չկար։

Բայց եկավ հայկական հեղափոխությունը, Հասմիկին ասացի՝ ժամն եկել է, որ Հայաստան գնանք։ Հասմիկն ասաց՝ բա էսքան գո՞րծը։ Ասացի՝ ամեն ինչ պիտի փակենք ու գնանք։ Ռեստորանը վարձակալել էինք։ Հանձնեցինք ու եկանք Հայաստան»,- պատմում է Ալեքսը։

Ոսկե խոստումներ ու զրո աջակցություն

«Սփյուռքից շատ ընտանիքներ կարծում են, որ երբ գան Հայաստան, իրենց առջեւ ոսկեգույն դռներ են բացվելու։ Չկա նման բան։ Ես պատկերացնում էի, որ դժվար է լինելու, բայց որ էսքան․․․ Էս 3-4 ամիսը մենք շատ ենք տանջվել։ Չեմ ասում՝ սոված ենք մնացել։ Բարեկամներն աջակցել են, մեզ ճանապարհներ են ցույց տվել, որպեսզի աշխատանք գտնենք»,- ասում է Ալեքս Խուրին ու պատմում, թե ինչպես հայրենադարձությունից հետո հիասթափություն ապրեցին, հասկանալով, որ բարձրաստիճան պաշտոնյաները միայն հրավիրում են, իսկ ահա հարմարվելու պայմաններ չկան։

Քանի անգամ թակել է Սփյուռքի նախարարության դուռը։ Քանի անգամ նախարարի հետ հանդիպում է խնդրել։ Միշտ պատասխանել են՝ նախարարը զբաղված է․«Դեռ 2005-2006 թվականներից, իմ արհեստը վերցրած, որքան եկել եմ Սփյուռքի նախարարություն, միշտ ինձ պատասխանում էին, որ նախարարը զբաղված է։ 2010-ին ոնց եկա եւ ինձ չընդունեցին, նույնը ես տեսա հիմա։ Մեզ այս անգամ ընդունեցին, ասացին՝ ինչպե՞ս կարող ենք ձեզ օգտակար լինել։ Ես կարծես յոթերորդ երկնքում լինեի, որ Սփյուռքի նախարարությունում մեզ ընդունել են։ Մեզ հասցեներ տվեցին, ասացին՝ էս հասցեները ձեզ օգտակար կլինեն։ Դուրս եկանք նախարարությունից, սկսեցինք էդ հասցեներով մոտենալ»։

Հայրենադարձ ընտանիքը կարճ ժամանակում պարզել է, որ նախարարության տված հասցեները հասարակ մարդկանց համար չեն, այլ այն սփյուռքահայերի, ովքեր փողով են եկել ու բիզնես առաջարկներ ունեն։

«Ամեն մի հասցեով, որ մոտենում էինք, մարդիկ ապշած մեզ էին նայում՝ էս հասցեն ձեզ ո՞վ է տվել։ Պարզվեց, որ էդ հասցեներում մեծ գործարարների հետ բիզնես անող մարդիկ են։ Հետ գնացինք նախարարություն։ Մեզ ասացին՝ չի կարող պատահել, էդ հասցեներն իրական են։ Ու էլի մի անգամ եկանք կնոջս ու էրեխուս հետ նախարարություն, ասացինք՝ եթե ազատ հողեր ունեք, որ կարողանանք վարձի փոխարեն մեզ համար տուն կառուցել, տրամադրեք։ Դա էլ հայրենադարձության մաս է կազմում։ Իրար երես նայելով ասացին՝ հայրենադարձների համար ծրագիր չունենք։

Ես արդեն սկսում էի կամաց-կամաց վատ զգալ, քանի որ հայրենադարձ ասելով՝ մարդիկ վրես ծիծաղում են։ Միայն բարեկամներդ են ուրախանում։ Քանի անգամ գրեցինք նախարարին, որ ցանկանում ենք իրեն հանդիպել։ Մեզ մերժեցին, ասելով՝ նախարարը զբաղված է, ձեզ չի կարող ընդունել։ 10 րոպե խնդրեցինք, մերժեցին։ Ես ոչ եկել եմ իրենցից մուրացկանություն անեմ, ոչ էլ սոված եմ։ Ուղղակի ուզում ենք մեզ մի ճանապարհ ցույց տան։ Թե՝ նախարարը զբաղված է։ Սա նշանակում է, որ էս հեղափոխությունը չի կատարվել։ Եթե հայրենադարձը չի կարողանում հանդիպել նախարարին, ինչպես 2010-ին էր, նշանակում է՝ չի եղել հեղափոխություն»,- իր չստացված հայրենադարձության պատմությունն է ներկայացնում Ալեքս Խուրին։

Նա ասում է, որ երբ Սփյուռքի նախարարը, կամ վարչապետը հայրենադարձության կոչ են անում, սփյուռքի հազարավոր ընտանիքներ, որոնք բիզնեսի հետ կապ չունեն եւ ապրում են սովորական կյանքով, ցանկանում են վերադառնալ Հայաստան։ Բայց եկողներն էլ ընկնում են դռնեդուռ։  

«Իմ ասելիքս սփյուռքի ժողովրդին էն է, որ ոգեւորված մի եկեք, մի վստահեք այդ մարդկանց։ Այո, վարչապետը զբաղված է, բայց շատ պաշտոնյաներ կան, որ կարող են մարդ ընդունել»,- ասում է Ալեքսը։

Չորս ամսվա ընթացքում նա շատ տեղեր է դիմել, առաջարկել իր մասնագիտական ծառայությունները։ Արձագանք չի ստացել։ Վարկով մեքենա է գնել եւ զբոսաշրջիկների է տեղափոխում Հայաստանի, Արցախի ու Վրաստանի տուրիստական շրջաններ։ Ընկերությունն անվանել են «Ոսկե ծիրան»։

Հասմիկն ու Ալեքսը նաեւ հարսանիքներ են կազմակերպում, հիմնականում՝ արտասահմանցիների համար։

Հարցնում եմ՝ հայրենադարձվելն արդարացվա՞ծ են համարում։ Ալեքսը պատասխանում է․ «Արդարացված է իմ որդու համար։ Չեմ բացառում՝ ես աշխատանքի համար էլի կգնամ դուրս, բայց արդեն իմ որդուն չեմ տանի։ Ես արդեն տեսնում եմ, որ իմ որդու վերջին կանգառը հայրենիքն է։ 15 տարի առաջ իմ պլաններում ունեի, որ պետք է գամ, հաստատվեմ հայրենիքում։ Միգուցե 2005 թվին մնայի այստեղ, ինձ համար ավելի հեշտ կլիներ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter