HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրիշ հերոսներ

Եթե սերունդների, մեծամասնության ու փոքրամասնության, ուժեղի ու թվացյալ թույլի միջեւ բացակայում է երկխոսությունը, սկսվում է պայքարը հողմաղացների դեմ։ Եվ հակառակը՝ բավական է սկսես խոսել դիմացինիդ հետ, հասկանում ես, թե ինչքան նման եք իրար, նույնիսկ եթե առաջին հայացքից աչք են ծակում հենց ձեր տաբերությունները։ Ու հանկարծ պարզ ընկալում ես, որ անկախ նրա ֆիզիկական ու մտավոր հատկանիշներից, անկախ սեռական ու գենդերային հակումներից, անկախ ազգային ու կրոնական պատկանելությունից եւ մնացած, իրականում ոչինչ չնշանակող տարբերություններից, դուք՝ դու եւ նա, ունեք նմանատիպ վախեր ու երազանքներ, մանկության հիշողություններ ու սպասումներ ապագայից, երջանկության ու դժբախտության պատկերացումներ ու ձգտումներ, որոնք իրականացնելու համար ճիշտ կլիներ միավորել ուժերը՝ փոխանակ միմյանց գոյությունն ատելությամբ ու անհանդուրժողականությամբ թունավորելու։

Քանի դեռ ամեն ինչ լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ

Ես հիշաչար չեմ, վատ բաներն աշխատում եմ չհիշել։ Ի՜նչ ասես չի եղել։ Պատահել է՝ մորս հետ քայլել եմ փողոցում, կողքից ասել են՝ «ինչ խեղճ ա էս երեխեն»․ անցել, գնացել է։ Պատահել է՝ մեկն ասել է՝ «սրան ո՞նց են դուրս թողել», անցել, գնացել է։ Բա՜, էդպես էլ է պատահել, բա ի՞նչ եք կարծում։

Մանկական ուղեղային կաթված։ Բայց ինչքան ինձ հիշում եմ, երբեք չեմ մտածել բուժվելու մասին։ Ինչքան բուժել են, բուժել են ծնողներս։ Անցյալ օրը տանը խոսում էինք, որ երբեք չեմ ասել՝ թե ուզում եմ քայլել առանց սարքերի, առանց օժանդակ միջոցների։ Ավելի շատ աշխատել եմ իմ զարգացման վրա՝ մտավոր, հոգեւոր։ Եվ հիմա շատերը, ովքեր ժամանակին հիմնականում բուժման վրա են ռեսուրսները ծախսել, ինձանից են սովորում այս կյանքում սեփական տեղը գտնելու հմտությունը։

Քսանմեկ տարեկան եմ։ Պոլիտեխնիկ ինստիտուտում եմ սովորում։ Հիշում եմ՝փոքր ժամանակ մեկը կար բակում, որ անընդհատ աչքերիս մեջ նայելով ասում էր՝ «դու ինվալիդ ես»։ Սկզբում ես դրանից ահավոր ջղայնանում էի։ Իհարկե, կռվում էլ էինք, երբեմն ես էլ փորձում էի իրեն ինչ-որ կերպ նեղացնել, թույլ կողմերին կպչել։ Ամբողջ թաղը գիտեր, որ մենք հաճախ վիճում ենք։ Չէ՛, ծնողներս չէին խառնվում։ Բայց մի քեռորդի ունեի, ով փորձում էր ամեն անգամ հարթել իրավիճակը։

Էդ բակի տղան հիմա էլ չկա, ես իրեն, որ հանդիպեմ, չեմ էլ ճանաչի, երեւի ինքն էլ՝ ինձ։ Ընդհանրապես չեմ հիշում իրեն, ասում եմ, չէ՞, հիշաչար չեմ, ուղղակի, որ հարց տվեցիր, չգիտես ինչու՝ միտքս եկավ։ Երեւի կարող էի փորձել հետը խոսել, բացատրել ամեն ինչ, բայց ես այն ժամանակ այսքան պարզ ամեն ինչ չէի հասկանում, տեղյակ չէի այդ հարցերից, որ կարողանայի իրեն բացատրել, որ եթե «հաշմանդամ» է ասում, որ ինձ վիրավորի, ես իրենից չեմ նեղանում․ հա ի՞նչ, հաշմանդամ՝ հաշմանդա՛մ, դու վատ իմաստով ես ասում, բայց ոչինչ, մի օր կհասկանաս, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Եթե խոսեինք, կհաշտվեինք։ Կարելի էր փորձել, բայց դե ուշ է արդեն երեւի։

Մարդիկ առհասարակ մի քիչ այլ կերպ են ընկալում ամեն ինչ։ Դա անգամ տերմիններից է երեւում, որով արտահայտվում են այս խնդրի մասին։ Ես, օրինակ, չեմ կարողանում հասկանալ՝ ինչու՞ են «հաշմանդամ» կամ «ինվալիդ» բառն ասելու փոխարեն հսկայական մի նախադասություն ասում, իբր իմաստը մեղմելու նպատակով։ Երեւի դեռ էդքան չեմ հասունացել, որ հասկանամ, բայց դուր չի գալիս ինձ, որ մարդիկ մի ամբողջ նախադասություն են կպցնում, որ գա՜, դառնա «հաշմանդամություն ունեցող անձ»։ Իբր ինչո՞ւ։ Ես հաշմանդամ եմ, ես դրա հետ հաշտ եմ եւ հաշմանդամությունն ընկալում եմ որպես անձերի բազմազանության տեսակ։ Դրանով է, չէ՞, հենց աշխարհը գեղեցիկ։ Այսինքն այնպես, ինչպես արաբը իր չադրայի հետ է հաշտ (էս նախադասությունը վերջին օրերին երեւի հազարերորդ անգամ եմ կրկնում), էդպես էլ ես իմ քայլակի հետ եմ հաշտ։ Ոնց որ արաբ տեսնենք, ասենք՝ չէ, արաբ չի, չադրա ունեցող մարդ է, կամ հղի տեսնենք, ասենք հղիություն ունեցող մարդ է, որ հանկարծ իր հղի լինելը չշեշտվի, այլ շեշտվի, որ ինքը «մարդ է», նոր՝ որ շուտով մայրանալու է։

Ասենք մարդիկ այդ ամեն ինչը մի քիչ սխալ են ընկալում։ Քսանմեկ տարվա ընթացքում ահագին բան փոխվել է, իհարկե, ինձանից մեծերը այս ուղղությամբ բավականին երկար ու լուրջ աշխատանք են տարել, որ ինձ համար ինչ-որ բաներ ավելի հարմարավետ լինեն։ Ես էլ հիմա նույնը փորձում եմ անել իմ ընկերների, ավելի փոքրերի համար, որ գալու են ինձանից հետո։ Հիմա, իհարկե, հնարավորությունները ավելի շատ են՝ թե՛ տեխնոլոգիական, թե՛ հասարակության վերաբերմունքի առումով, չնայած հասարակության գիտակցությունը շա՜տ դանդաղ է փոխվում։ Օրինակ, վերջերս ՄԱԿ-ի գրասենյակում էինք ու այնտեղ նշում էին «հաշմանդամության միջազգային օրը»։ Դեկտեմբերի 3-ին մեզ շնորհավորում են այդ օրվա առթիվ։ Իսկ իրականում դա ոչ թե շնորհավորելու օր է, այլ իրավունքներից ու խնդիրներից, հուսամ՝ ապագայում նաեւ ձեռքբերումներից խոսելու օր։ Մենք կարող ենք ընկերներով կատակով իրար շնորհավորել, հումոր անել, բայց դա ընդամենը մեր ներքին կատակներից է։ Այն հատուկ կատակների ժանրից է, երբ ասում եմ՝ «բա որ ընկնե՞մ», իսկ ինձ պատասխանում են՝ «դե որ ընկնես, հա՛մ դու կպրծնես, հա՛մ ձերոնք»։

Հա, ընկերներիս մեջ հաշմանդամություն ունեցողներ շատ կան։ Բայց դե բոլորս էլ ունենք հաշմանդամություն ունեցող ընկերներ, չէ՞։ Հաստատ դու էլ կունենաս։ Պարզապես մեկի մոտ թեթեւ ձեւերն են, մյուսի մոտ՝ մի քիչ ավելի աչքի ընկնող։ Հարցն այստեղ ընդամենը երեւալու ու չերեւալու մեջ է, հասկանում ես, չէ՞։

Խտրականության ենթարկվում ենք, իհարկե։ Ընդ որում հատուկ հարմարեցումների անվան տակ էլ ենք երբեմն խտրականության ենթարկվում։ Այսինքն, երբ երթուղայինի վարորդը ինձանից փող չի վերցնում, հնարավոր է՝ իրեն թվում է, թե լավ բան արեց, բայց ինձ այդպես չի թվում։ Ինքն իրեն «բարի ձյաձ» է երեւակայում, իսկ իրականում ես այստեղ ենթարկվեցի խտրականության։ Ու դա ընդհանրապես «պոզիտիվ» խտրականություն չէ, ինչպես սովորաբար անվանում են։

Ես ուրիշ կերպ եմ ընկալում իմ հաշմանդամությունը․ քայլակս իմ ընկերն է։ Ես մեկ-մեկ վախենում եմ, որ ինքը հանկարծ մի օր կընկնի ինչ-որ էքստրասենսի ձեռքն ու իմ մասին ամեն ինչ մանրամասն կբացահայտի։ Այ էսպիսի մտքեր ունեմ։

Օգնելու հետ կապված։ Մի օր տնից դուրս եմ գալիս, ձմեռ օրով պիտի ինչ-որ տեղ հասնեմ։ Կանգառում կանգնած եմ․ մի տղա է մոտենում, որի դեմքն իսկի չի էլ երեւում կապիշոնի միջից։ Ասում է՝ քեզ ինչո՞վ օգնեմ։ Ասում եմ՝ նորմալ է, եղբա՛յր, ես քեզ կարո՞ղ եմ օգնել։ Այդ պատասխանիս վրա ձմեռային օդը մի պահ կանգնում է։ Սկսում ենք քայլել՝ զրուցելով, ու մի քիչ հետո էս տղան ասում է․«Կարող է՞ մի անգամ էլ հարցնես»։ Հա՛, հասկանում եմ, երեւի նորմալ է, որ մարդկանց մեջ անմիջապես հենց էդ հարցն է առաջանում, թե ինչով կարող են ինձ օգնել։ Բայց հենց որ ինձ հարցնում են՝ ինչով կարող ենք օգնել, պատասխանում եմ․ «Մի խանգարեք, ես մենակս էլ կընկնեմ»։

Բայց, գիտե՞ս, խնդիրը որն է՞, այն, որ դա պարզապես կատակ չի։ Որովհետեւ ինձ շատ անգամ սխալ օգնելով գցել են երթուղայինի՛ց էլ, ավտոբուսի՛ց էլ։ Երբ որ մարդը ֆիզիկա չգիտի, կամ գիտի ու չի կիրառում, դա կարող է բերել շատ ծանր հետեւանքների։ Եթե ինձ գրկում են մեջքից, (իմ հենման կետը մեջքն է), իսկ իմ մոտ գոտկատեղից ներքեւ թույլ է, ես ո՞նց պիտի շարժվեմ։ Հաշմանդամությունը այնպիսի բան է, որ մարդ ինքն է մշակում շարժման իր մեխանիզմները, թե ոնց անի գործողությունները եւ ինչ հերթականությամբ, որ իր համար հեշտ լինի։ Ու երբ որ ձեր օգնությունը հակասում է իր մշակած տեխնիկային, դա խախտում է թե՛ իր հավասարակշռությունը, եւ թե՛ ձեր։ Բայց դուք ձեր հավասարակշռության մեջ ֆիզիկապես ավելի կայուն եք, քան ես։ Օրինակ, ես երբեք մետրոյի շարժասանդուղքին չեմ մոտենում ձախ կողմից։ Որովհետեւ ձախ ձեռքս պիտի դնեմ, իսկ ձախս որ դրեցի, աջով քայլակ պահելը դժվար է լինելու։

Ինձ մոտ ինչ տեսնում եք՝ վերականգնված է։ Սկզբում կարելի է ասել, չորս վերջույթներիս հետ էլ խնդիր եմ ունեցել, ու այս վիճակը ստացվել է տարիների բուժման ու մարզումների, վիրահատությունների, ու վարժանքների արդյունքում։ Մայրս հետեւողական է եղել միշտ։ Բայց այնպես չէ, որ ես իրեն սիրում եմ ուղղակի նրա համար, որ ինքն ինձ բուժումների է տարել։ Ես իրեն սիրում եմ, որովհետեւ ինքն ինձ թույլ է տվել, որ ապրեմ։ Ինքն ինձ դարձրել է այնպիսին, որ ես հիմա իմ փորձով կարողանամ կիսվել եւ օգուտ տալ ընկերներիս։ Բայց հիմա արդեն փորձում եմ իրենից հեռու մնալ, որ իրար չխանգարենք։ Եթե կարող ենք՝ օգնել իրար որոշ հարցերում, եթե չենք կարող՝ չխանգարենք։ Մեկ-մեկ, օրինակ, զանգում եմ, ասում եմ՝ «մամ ջան ինձ համար էսինչ բանը կանե՞ս», ասում է՝ «չէ՛, ի՛նքդ արա»։ Ես մամայիս իմ անկախության համար եմ շնորհակալ։

Դպրոցում ամեն ինչ շատ լավ էր։ Բայց պահ կար, որ ուսուցիչներս ինձ հետ չէին խոսում։ Դասղեկիս քննադատել էի, ամբողջ դասարանը ինձ հետ համաձայնել էր, իսկ ուսուցիչները նեղացել էին։ Ըհը, հիշեցրիք, ու զգացի, որ կարոտել եմ իրենց։ Ես մեկ-մեկ կարող եմ շատ անկեղծ լինել, անգամ մի քիչ փշոտ։ Առանց մտածելու կամ գիտակցաբար կարող եմ ասել բաներ, որ սթափվեն։ Պատահում է։ Մի քիչ ծրագրավորող եմ, մի քիչ պոետ, բայց ավելի շատ՝ հոգեբան։

Հայր չեմ ունեցել, մոտ մեկ տարեկան եմ եղել, որ հեռացել է։ Հնարավոր է, որ իմ հաշմանդամությունն էլ դրա մեջ դեր խաղացած լինի։ Բայց ես դրանից, անկեղծ ասած, ո՛չ թե դժգոհ եմ, այլ ավելի շատ գոհ, որովհետեւ, երբ պապա չես ունենում, ստիպված ես լինում մի քիչ «պապա ունեցողներից» ավելի շուտ մեծանալ, քանի որ հասկանում ես, որ մորդ հիմնական հույսը՝ միակ հույսը դու ես։

Առաջին սե՞րս։ Չէ՛, դա չեմ պատմի։ Երեւի դպրոցում էր։ Բայց անձնական տիրույթ չմտնենք։ Քաղաքականությունից խոսենք, ոնց էինք փողոց փակում, բան։ Արդյունքնե՞րը։ Դեռ նոր պիտի երեւան։ Ես քաղաքագետ չեմ, բայց պիտի որ լավ լինի։ Վերջում կերեւա։ Ես համոզված եմ, որ քանի դեռ ամեն ինչ լավ չէ, ուրեմն դեռ վերջը չէ։ Որովհետեւ վերջում միշտ ամեն ինչ լավ է լինում։ Այո՛, դրական եմ նայում կյանքին, զարմանու՞մ եք։

Գիտե՞ս, մի բան ասեմ․ ես էս հեղափոխության մեջ իմ շահն ունեի, ո՛չ անձնական, այլ բոլոր հաշմանդամների շահը։ Բոլորն ասում են, որ մենք հավասար ենք, չէ՞, բայց ինձ տեսնելուց ուզում են հետս նկարվել։ Ինչի՞ համար, եղբա՛յր։ Կարո՞ղ է ցուցահանդեսի նմուշ եմ։ Հասկանո՞ւմ ես, մարդիկ էդքան ուղիղ չեն, որ ասեն, ես քեզ խղճում եմ կամ այլ բան։ Մարդիկ էդքան ուղղախոս չեն։ Գոնե որ ասեն, դիսկուրս կգնա, կքննարկենք, կհասկանամ, թե ինչու են խղճում, ես էլ իրենց կբացատրեմ, թե ինչու՝ պետք չէ՛։ Ասում են՝ չէ՜, եղբա՛յր, դուք մեզ հավասար եք։ Այս հեղափոխության օրերին ես ուզում էի, որ իմ հաշմանդամությունը երեւար ու ես կանգնեի բոլորի հետ, բոլորի կողքին։ ՀԱՎԱՍԱՐ։ Սա՛ էր իմ շահը։ Կարողացա՞ բացատրել։

Ինտուիցիաս շատ ուժեղ է։ Ես զգում եմ, եթե ինձ փորձում են խաբել, զգում եմ, թե փողոցում ո՛վ է մոտենալու ու ինձ փող տա։ Էդպիսի բաներ էլ են պատահում, բա ոնց։ Ասենք կանգառում կանգնած տրանսպորտի եմ սպասում, երթուղայինից իջնում ու ինձ հարյուր դրամ են տալիս։ Սկզբում շատ էի փշոտում, զայրանում։ Հիմա ուղղակի ասում եմ՝ եղբա՛յր, սխալվել ես։ Էնպես, ինչպես օգնողներին եմ ասում՝ ես ձեզ ինչո՞վ կարող եմ օգնել։ Ու մի բան էլ, երբեք չեմ խուսափում օգնություն խնդրելուց, եթե դա այդ պահին ինձ պետք է։ Օրինակ, երբ մետրոյի հսկիչ կինը գալիս ու ինձ ասում է, որ ինձ միայն ուղեկցողով է կարելի շարժասանդուղքից օգտվել։ Գիտե՞ք ինչքան եմ վիճել այդ թեմայով։

Մի դեպք պատմեմ․ մի անգամ, առաքիչ աշխատելու ժամանակներս էին, (դրա մասին էլ կպատմեմ, բա ո՞նց), մտել եմ մետրո, իբր որ արագ տեղ հասնեմ։ Խցիկից հսկիչ կինը դուրս եկավ, մի տեսակ հայացքով նայեց, իբր հաստատ գիտի, որ մտնում եմ փող հավաքելու։ Մոտեցա ժետոնը գցելու՝ եկավ, թե՝ քոնը ժետոնով չի, ձրի է, բայց դու պիտի ուղեկցողով լինես, ու դա ասաց գոռալով, ասես մի քանի օրվա զայրույթը հավաքել էր, որ թափեր վրաս։ Ես իրեն բացատրում եմ, որ կարող եմ իջնել, իսկ ինքը չի լսում։ Ասում եմ՝ եթե նույնիսկ չեմ կարող, օրենք չկա, որ ինձ կարգելի շարժասանդուղքի վրա ընկնել, թող մի անգամ ընկնեմ։ Օրինակ, ասում եմ, հիմա շարժասանդուղքի վրա կարող է էպիլեպսիա ունեցող մեկը լինել, որն այդ արագությունից ու քամուց կարող է պարզապես ուշաթափվել, բայց դու դա նախապես չես իմանա, քանի որ չես տեսնում, որ իր ուղեղի մի հատվածը մի քիչ այլ գույն ունի, ինչը էպիլեպսիայի նշան է։ Ուղղակի իրենը չերեւացող հաշմանդամություն է, իսկ իմը՝ ակնհայտ։ Կարող է ինչ-որ մեկն ուղղակի ուշաթափվի, քանի որ դրսում ամառ է ու շոգ, ու դու դրա հետ ոչինչ անել չես կարողանա։ Երբ սա բացատրում եմ, տատիկի հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Հետո ոստիկաններ են մոտենում, իրենց էլ եմ ամեն ինչ բացատրում, տատիկին ասում են՝ թող իջնի, բայց տատիկին համոզել չի լինի․ մենակ ուղեկցողով, ասում է։ Ես պտտվում եմ․ հետեւումս մի տղա կա, ասում եմ՝ եղբայր կուղեկցե՞ս։ Ասում է՝ իհարկե։ Ես մտնում եմ թեւը ու առանց իրար խանգարելու իջնում ենք։

Առաքիչ ոնց որոշեցի դառնալ։ Որոշեցի, քանի որ, էսպես ասեմ, փորձում եմ մարտահրավեր նետել ինձ ու աշխարհին։ Փոքր ժամանակ կատաղում էի, երբ ինձ ասում էին՝«դու «կոմպ» լավ սովորի, քանի որ քո գործը պիտի նստած լինի, որ քեզ հարմար լինի»։ Եղբա՛յր, դա ո՞վ է որոշել։ Ու ես որոշեցի դառնալ առաքիչ։ Ես ունեի նպատակ՝ Երեւանը ճանաչելու, իմ կողմնորոշվելու խնդիրները լուծելու։ Որովհետեւ մանկական ուղեղային կաթված տարած մարդկանց հիմնական մասն ունեն տարածական կողմնորոշման խնդիր։ Ու հիմա ընկերներս ինձանից օգնություն են խնդրում, երբ իրենց թվում է, թե կորել են։ Ու ես միշտ հասանելի եմ իրենց համար։ Ես գոհ եմ իմ առաքիչի աշխատանքից, լիքը հարցեր լուծեցի ինձ համար։

Հիմնականում համբերատար եմ, բայց որ զայրանում եմ, ավելի լավ է չհանդիպեք ինձ։ Ա՛յ, որ ասացիք՝ պատմիր քո առաջին սիրո մասին, քիչ էր մնում զայրանայի։

Գրքերից խոսե՞նք։ Սեւակին եմ սիրում։ Բայց գրքերը հիմնականում ոչ թե կարդում եմ, այլ լսում, քանի որ լսողական հիշողությունս շատ ուժեղ է։ Կարող է տասը անգամ նույն էջը կարդամ ու չհիշեմ, իսկ լսելով հեշտ է։ Էս վերջերս «Պապ թագավոր»-ն էի լսում։ Դասախոսս էր հանձնարարել։ Բայց մինչեւ հիմա չեմ վերջացրել։

Մտածում եմ շատ։ Աշխարհն անկատա՞ր է, թե՞ հակառակը, եւ եթե անկատար է, ինչո՞վ։ Իր անարդարությա՞մբ, անհավասարությա՞մբ։ Իսկ գուցե հենց դրանո՞վ է կատարյալ։ Որովհետեւ՝ հավասարակշռության մեջ է։ Մեր կյանքը կառավարում է գլուխը, ու շատ բաներ հենց գլխում են կատարվում, համաձայն չե՞ք։

Ապագայի պլաննե՞րս։ Դառնում եմ լավ ծրագրավորող, լավ ֆրոնթ էնդ մասնագետ, ունենում եմ լավ մեքենա, փող, ինչքան անհրաժեշտ է` կարիքներս հոգալու ու նպատակներս իրականացնելու համար, ու շատ ճամփորդում եմ։ Ինձ համար ամեն ինչը կյանքի փորձ է, անգամ այն, ինչը իմ մոտ այս պահին չի ստացվում, կյանքի փորձ է։ Ընթացքում անընդհատ պարզում եմ բաներ, որ դեռ չգիտեմ, օրինակ ընտրությունների ժամանակ, երբ համակարգում էի դիտորդների մի խմբի աշխատանքը, հասկացա, որ դեռ չեմ կարողանում միանգամից էքզելի չորս ֆայլի հետ աշխատել։ Ուրեմն պետք է սովորեմ։ Իրականում սովորելը երեւի միակ բանն է, որին մայրս հետեւում է աչալուրջ, միակ տեղը, որտեղ ես դեռ անկախ չեմ։ Անգլերենս պիտի լավացնեմ մոտ ապագայում։ Որ դրա հետ կապված պրոբլեմ չունենամ։ Առանց այդ էլ գրեթե ամեն ինչ պրոբլեմ է, հասնում եմ շենքի աստիճաններին, ու արդեն պրոբլեմ է․․․

Ես իմ իրավունքները շատ լավ գիտեմ, բայց իմ պարտականությունների մեջ երբեմն մի քիչ զգայուն չեմ։ Մինչեւ չասեն՝ ինչու չես կատարում պարտականություններդ, կարող է չանեմ։ Բայց բաց եմ աշխարհի համար։ Ում ինչ պետք է օգնել, օգնում եմ, ում ինչ պետք է բացատրել, ասում եմ, ումից ինչ պետք է սովորել, սովորում եմ։ Շատ բաց եմ։ Բայց երբ մետրո եմ մտնում ու ինձ ասում են՝ չես կարող առանց ուղեկցողի անցնել, դա արդեն՝ չեղավ։ Երբ որ երթուղային եմ փորձում կանգնեցնել, իսկ վարորդը չի կանգնում, այլ մատը տնկում ու գնում է, դա՝ չեղավ։ Փորձել եմ տարբեր ձեւերով հարցը բարձրացնել, բայց չի աշխատում։ Մարդկայինը չի աշխատում, հաջորդ եկող վարորդին եմ մոտենում, ասում եմ իրեն հաղորդիր, որ մարդ լինելը «առողջությանը վնաս չէ», բայց նա մեկ է հաջորդ անգամ էլ չի կանգնում։ Զանգել եմ հերթապահներին, բայց ով որ չէր կանգնում, միեւնույն է՝ չի՛ կանգնում․ ինքը կարող է օրական երեք անգամ անցնել ու չկանգնել։ Բայց ես քարը երբեք չեմ վերցնի ու խփի պատուհանին, ինչպես երբեմն ինձ խորհուրդ են տալիս մոտիկ կանգնած մարդիկ։ Ճիշտ է, չեմ կարող վազել ու հասնել ավտոբուսին, բայց այլ տարբերակներ եմ փորձում մտածել․ օրինակ, բողոքել հերթապահներին։ Բայց դա էլ չի աշխատում։ Չգիտեմ։ Պարզապես ես միշտ աշխատում եմ հարցին նայել երկու կողմից, իրենց էլ հասկանալ։ Գուցե, մտածում եմ, չե՞ն պատկերացնում, թե ոնց պիտի բարձրանամ, կարծում են, որ ստիպված պիտի լինեն իջնել ու օգնել, եւ այդ պատճառո՞վ չեն կանգնում։ Բայց դա է, չէ՞ հենց ուղղակի խտրականությունը։ Պատահում է, որ չեն կանգնում ու այլ մարդիկ են մոտենում, խոսում ենք, ծանոթանում, ու ստացվեց, որ իրենց չկանգնելու պատճառով ես ծանոթացա լավ մարդկանց հետ, նոր ընկերներ ձեռք բերեցի։ Փաստորեն իրենց վատությունից ես շահող դուրս եկա, չէ՞։ Դա ապրելու իմ տարբերակն է։

Ռուզաննա Ազիզյան, Ստելլա Գեւորգյան

Գլխավոր նկարում` Արտակ Դավթյանը հեղափոխության օրերին

Այս շարքում տես նաեւ Առաջ նայելու քաջությունը, Երջանկության եւ ցավի արանքում

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter