HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վերջին 5 տարիներին ՊՆ ու ՊԲ բեռնատարների վթարներն ու դրանց պատճառները. վիճակագրություն

Վերջին հինգ տարիների ընթացքում ՊՆ և ՊԲ հաշվեկշռում գտնվող բեռնատարների վթարների հետևանքով զոհվել է 13, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել՝ 285 զինծառայող:

Այս մասին «Հետք»-ի հարցումներին ի պատասխան հայտնել են պաշտպանության նախարարությունից և ՀՀ գլխավոր դատախազությունից: Եւ՛ ՊՆ-ի, և՛ Դատախազության հայտնած զոհերի թիվը նույնն է:

Ըստ գլխավոր դատախազության տվյալների՝ 2013-2018 թվականների ընթացքում (նոյեմբերի 16-ի դրությամբ) ԱՀ և ՀՀ ՊՆ բեռնատարների հաշվեկշռում գտնվող բեռնատարների վթարի ենթարկվելու փաստով հարուցվել է 58 քրեական գործ: Այդ գործերից 26-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և կայացվել են մեղադրական դատավճիռներ, 28 քրեական գործով որոշում է կայացվել վարույթը կարճելու մասին, 4 գործով նախաքննությունը շարունակվում է:

ՊՆ-ից հայտնել են, որ 2013-12.11.2018 թթ. ժամանակահատվածում տարբեր հանգամանքներում, այդ թվում՝ մարտական առաջադրանք կատարելիս տեղի է ունեցել ՊՆ հաշվեկշռում գտնվող շարային և տրանսպորտային խմբերի բեռնատար ավտոմեքենաների կողաշրջման 101 դեպք:

Վթարների պատճառները

Դատախազությունը հայտնում է, որ հարուցված քրեական գործերից 4 դեպքով վթարի պատճառը եղել է տեխնիկական խնդիրը, 4-ով՝ ծառայության կազմակերպումը, 43 դեպքով վարորդների կողմից թույլ է տրվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, 7-ով՝ վարորդների մեղավորությունը չի եղել:

Ներկայացնենք դեպքերից յուրաքանչյուրը.

3 դեպքով վթարների պատճառ հանդիսացող ծառայության կազմակերպման խնդիրներն են եղել տրանսպորտային միջոցները շահագործելու կանոնները խախտելը, 2 դեպքով մինչ երթուղի դուրս գալը ոլորտի համար պատասխանատու անձանց կամ վարորդների կողմից ավտոմեքենան պատշաճ տեխնիկական զննման չի ենթարկվել, չի ցուցաբերվել անհրաժեշտ հետևողականություն, ինչի հետևանքով առկա տեխնիկական խնդիրը չի հայտնաբերվել, 1 դեպքով նախքան շահագործման դուրս գալը մեքենան ունեցել է տեխնիկական խնդիր՝ կապված արգելակման համակարգի հետ, որը հնարավոր է եղել նախքան երթը հայտնաբերել և վերանորոգել,  սակայն ոլորտի համար պատասխանատու անձանց և վարորդի կողմից չի ցուցաբերվել անհրաժեշտ հետևողականություն:

Առանց վարորդների մեղավորության արձանագրված վթարների 7 դեպքերի հանգամանքները հետևյալն են՝

-ձնահոսքի հետևանքով ավտոմեքենան սահել և ընկել է ձորը,

-բարդ աշխարհագրական դիրքի և լեռնային ռելիեֆի պատճառով ավտոմեքենան հետընթաց է կատարել և կողաշրջվել,

-մինչ դեպի թաքստոց հետընթաց կատարելը բեռնատարի հետնամասում ոչ ոք չի եղել, սակայն հետընթաց կատարելու ժամանակ իր անզգուշության և անուշադրության պատճառով այնտեղ է եղել զինծառայողներից մեկը, որն էլ ենթարկվել է վրաերթի,

-լուսացույցի արգելող նշանի պայմաններում խաչմերուկը մարդատար ավտոմեքենայի կողմից հատելու հետևանքով տեղի է ունեցել վթարը,

-բեռնատարը վարելու ընթացքում խափանվել է արգելակային համակարգը,

-զինծառայողներին տեղափոխելու ժամանակ հակառակորդի գնդակոծության պատճառով դրանից խուսափելու նպատակով և զինծառայողների կյանքին սպառնացող հնարավոր վտանգը կանխելու նպատակով գերազանցել է արագությունը, ինչի հետևանքով ենթարկվել է վթարի,

-ՊՆ հաշվեկշռում գտնվող բեռնատարի երթևեկելի գոտի դուրս եկած մարդատար ավտոմեքենայի հետ բախումից խուսափելու նպատակով բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց ճանապարհի կողնակ, ինչի հետևանքով կողաշրջվել է:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ վթարված բեռնատարներից 22-ը գրանցված են եղել ԱՀ ՊԲ հաշվեկշռում, 35-ը՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում:

Մենք ՊՆ-ից հարցրել էինք, թե նախարարության հաշվեկռում գտնվող բեռնատարների քանի՞ տոկոսն է, որ ըստ նախատեսվածի համապատասխան տեխնիկական փորձաքննություն է անցել, նախարարությունից պատասխանել են.

«Օրենսդրության համաձայն՝ ՊՆ համակարգի ավտոմոբիլային տեխնիկան յուրաքանչյուր տարի պլանային, ինչպես նաև ըստ անհրաժեշտության անցնում է տեխնիկական վիճակի զննություն»:

Սակայն ըստ հարուցված քրեական գործերի տվյալների՝ պարզ է դառնում, որ մի քանի դեպքերով վթարի պատճառ են հանդիսացել թե՛ տեխնիկական խնդիրները, ինչպես՝ մեքենայի անսարքությունը, թե՛ ծառայության կազմակերպման խնդիրները՝ տրասնպորտային միջոցները շահագործելու կանոնները խախտելը, մինչ երթուղի դուրս գալը մեքենան պատշաճ տեխզննման չենթարկելը, ինչը, ըստ էության, կարող էր նաև բացառել վթարը:

ՊՆ բեռնատարների վթարի պատճառ շատ դեպքերում դառնում են նաև վատ ճանապարհային ու եղանակային պայմանները:

«Խնդրում եմ հաշվի առնել, որ այս թիվը արտահայտում է բոլոր վթարները, դրանց միայն փոքր մասն է ծանր հետևանքներով: Նշված դեպքերը տեղի են ունեցել օրական հազարավոր երթուղիների ու մոտոժամերի (տեխնիկայի շահագործման համար նախատեսված ժամ, հեղ.) շահագործման պայմաններում: Մարտական հերթապահության ժամանակ երթերը բարդ են, շատ հաճախ բարձր լեռներում վատ եղանակային պայմաններում և դժվարանցանելի ճանապարհներով: Դրանց առանձին քննարկումը չի արտահայտելու իրականության ողջ պատկերը և առաջացնելու է թյուրընկալում»,- ասված է ՊՆ նամակում:

ՊՆ-ից, իհարկե, կարող են պնդել, որ 5 տարվա կտրվածքով զոհերի թիվը շատ չէ՝ հաշվի առնելով նաև վթարի պատճառ հանդիսացող հանգամանքները, երբեմն նախարարության որոշ պաշտոնյաներ այս թեմայի մասին խոսելիս մասնավոր զրույցներում վկայակոչում են քաղաքացիական վթարների վիճակագրությունը. համեմատության համար նշենք, որ 2018 թվականի նոյեմբերի 18-ի դրությամբ ՃՏՊ-ների հետևանքով երկրում զոհվել է 294 քաղաքացի: Իհարկե, քաղաքացիական վթարների վիճակագրությունը համեմատելի չէ ՊՆ մեքենաների վթարների հետ, որոնք շատ դեպքերում երթևեկում են լեռնային բարդ ճանապարհներում, բայց անշուշտ համեմատելի չէ նաև տեխնիկական խնդիր ունեցող քաղաքացիական մեքենայի շահագործումը ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի շահագործման հետ, քանի որ ծառայության ընթացքում զինծառայողին մի վայրից մյուսը անվտանգ տեղափոխելը ՊՆ-ի անմիջական պատասխանատվության ներքո է:

ՊՆ բեռնատարի կողաշրջման վերջին դեպքը թերևս նոյեմբերի 17-ի դեպքն էր, որի հետևանքով զոհվել էր 4 զինծառայող և մեկ տասնյակից ավելի զինծառայողներ հոսպիտալացվել էին: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ, այս միջադեպի հետևանքով պաշտպանության նախարարը զինվորական ծառայությունից ազատել է մի շարք զինվորականների, այդ թվում՝ ավտոմոբիլային ծառայության պետին, տանկային դասակի հրամանատարին, զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալին, ինչպես նաև նկատողություն են ստացել մի շարք զինվորականներ, այնուամենայնիվ, մինչ փորձաքննությունների պատասխանն արդեն իսկ պարզ է, որ այդ մեքենան տեխնիկական խնդիրներ է ունեցել:

Ըստ ԱԻՆ տվյալների՝ 2013-ին ՊՆ բեռնատարների մասնակցությամբ 6 պատահար է գրանցվել, 2014-ին՝ 3, 2015-ին՝ 5, 2016-ին՝ 7, 2017-ին՝ 7, 2018-ին՝ 4 դեպք: ԱԻՆ-ը ներկայացրել է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի ունեցած վթարների վիճակագրությունը:

Վարորդ-զինվորների դասընթացների մասին

Զինակոչիկները, որոնք ցանկություն են հայտնում զինծառայության ժամանակ վարորդ լինել, դիմում են գրում տարածքային զինկոմիսարիատում, որից հետո բեռնատարների վարման դասընթաց են անցնում «Հայաստանի ԴՕՍՍԱՖ» ՀԿ-ում: Ամառային զորակոչի դեպքում դասընթացը տևում է հունվարից հունիս, ձմեռային զորակոչի դեպքում՝ օգոստոսից դեկտեմբեր, դասընթացի համար վճարում է պաշտպանության նախարարությունը: Դասընթացն ավարտելուց հետո զինակոչիկները նախ քննություն են հանձնում ԴՕՍՍԱՖ-ում, ապա ճանապարհային ոստիկանությունում: Քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում զինակոչիկը վկայական է ստանում, որից հետո զորակոչվելիս, ցանկության դեպքում, ծառայությունն անցկացնում է որպես վարորդ: ԴՕՍՍԱՖ-ից վստահեցնում են՝ չի եղել մեկ դեպք, երբ իրենց մոտ քննություն հանձնած զինակոչիկը ՃՈ-ում չկարողանա քննություն հանձնել: Մենք չենք կարող հրապարակել, թե յուրաքանչյուր զորակոչի ժամանակ քանի զինակոչիկ վարորդ է զորակոչվում, քանի որ դա ռազմական գաղտնիք է:

Զինվոր-վարորդներ կարող են ընտրվել նաև հենց զորամասերում, վարորդական վկայական ունեցող զինվորներին հարց է ուղղվում, թե ցանկություն ունեն արդյոք վերջիններս ծառայել որպես վարորդ, և դրական պատասխան ստանալու դեպքում նրանք բեռնատարների վարման դասընթաց են անցնում ու քննությունը բարեհաջող հանձնելու պարագայում զինծառայություն իրականացնում որպես վարորդ:

ԶՈՒ-ում ներդրումները՝ կառավարության առաջնահերթություն

Նորընտիր կառավարության առանցքային ուղղություններից է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն ու զինված ուժերի մարտունակության բարձրացումը, որի մասին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության առաջին նիստում հայտնել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է կարողանանք առաջիկա հինգ տարիների ընթացքում ԶՈՒ զարգացման նպատակի համար ներդնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար, այդ միջոցները գտնելու ուղղությամբ պետք է լրջագույն աշխատանքներ տանենք»,- ասել է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter