HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Առաջարկվում է 17-ի փոխարեն՝ 12 նախարարություն

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախագծի աշխատանքային տարբերակը, որը նախատեսում է օպտիմալացնել նախարարությունների թիվը:

Տեղեկացնենք, որ այս նախագիծը դեռևս չի հրապարակվել իրավական ակտերի հրապարակման միասնական E-draft.am կայքում՝ չնայած նրան, որ նախագծում նշված է՝ օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունվարի 1-ից:

Ըստ նախագծի՝ Հայաստանն ունենալու է երկու փոխվարչապետ, հետևաբար չի լինելու առաջին փոխվարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ Սահմանադրությամբ առաջին փոխվարչապետի պաշտոն նախատեսված չէր, այն կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքով էր ամրագրվել:

Ըստ փոփոխությունների՝ Հայաստանը 17 նախարարությունների փոխարեն կունենա 12 նախարարություն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, առողջապահության նախարարություն, արդարադատության նախարարություն, արտակարգ իրավիճակների նախարարություն, արտաքին գործերի նախարարություն, բնապահպանության նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, պաշտպանության նախարարություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարարություն, տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն, ֆինանսների նախարարություն: Այս փոփոխությունների արդյունքում՝ որպես առանձին կառույց չի լինի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, այն կգործի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմում, այս նախարարությունը նաև կհամակարգի տրասնպորտի ոլորտը: Նոր կառավարության կազմում տրանսպորտն ու բարձր տեխնոլոգիաներն առանձին կգործեն, այն կկոչվի բարձր տեխնոլոգիաների և ռազմաարդյունաբերության նախարարություն: Մշակույթի և սպորտի նախարարությունները կգործեն կրթության և գիտության նախարարության կազմում: Սփյուռքի նախարարությունը կդադարի գործել որպես առանձին կառույց, այն կգործի ԱԳՆ կազմում:

Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին խոսել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից առաջ՝ խոստանալով, որ լինելու է ոչ թե ավտոմատ կրճատում, այլ՝ բովանդակային փոփոխություն:

«Այսօր մենք ունենք 17 նախարար, խորհրդարանական ընտրություններից հետո ինչ-որ ժամկետում մենք 17 նախարար չենք ունենալու, մենք ունենալու ենք շատ ավելի փոքր թվով նախարարներ, եթե ելնենք այն կանխավարկածից, որ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, արդեն հսկայական կադրային փոփոխություններ են լինելու նաև կառավարությունում, այսինքն՝ ոչ թե ավտոմատ կրճատվելու է նախարարությունների թիվը, այլ բովանդակային փոփոխություններ են լինելու»,- ասել էր նա:

Արփինե Հովհաննիսյանը նաև գրել է, որ «քանի որ օպտիմալացման գործընթացում անխուսափելիորեն առաջանալու են իրավական խնդիրներ», ուստի հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու այն պետական ծառայողներին, ովքեր դրա կարիքը կունենան:

Հ.Գ. Արփինե Հովհաննիսյանի գրառումն արդեն մի քանի ժամ է լայնորեն տարածվում է սոցցանցում, սակայն կառավարության որևէ ներկայացուցիչ դեռ չի հերքել, որ Հովհաննիսյանի ներկայացրած նախագիծը կառավարության հեղինակածը չէ:

Տեղեկացնենք նաև, որ դեռ օրեր առաջ մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, օպտիմալացվող նախարարությունների մասին գրեթե նույնաբովանդակ հրապարակումներով էին հանդես եկել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter