HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սոֆյա Հովսեփյան. «Եկել է ժամանակը՝ ապացուցելու, որ պատգամավորը 5 տարին մեկ խոստումներով ձայներ գնող մեկը չէ»

Ազգային ժողովի նորընտիր պատգամավոր, նախկին փոխմարզպետ Սոֆյա (Սոֆիա) Հովսեփյանի հետ զրույցն անմիջական ու ջերմ է ստացվում՝ առանց ավելորդ պայմանականությունների, զերծ՝ գրասենյակային պարտադրող միջավայրից: «Մարդու իմ տեսակը երբեք չի փոխվում,- ծիծաղելով նշում է Սոֆյա Հովսեփյանը,- ինձ ճանաչողները դա կփաստեն, ու կարեւոր չէ, թե որտեղ կլինեմ՝ փողոցում պայքարելիս, դպրոցում երեխաների հետ աշխատելիս, թե որպես չինովնիկ` բնակիչների հետ շփվելիս»:

37-ամյա նորընտիր պատգամավորը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է: Սոֆյան մասնագիտությամբ հոգեբան է, ներառական կրթության փորձագետ, աշխատել է կրթական հաստատություններում եւ հոգեբանական կենտրոններում: Էությամբ ակտիվ, անարդարությունը չհանդուրժող, վատի հետ չհամակերպվող, սկսածը մինչեւ վերջ հասցնող մարդու տեսակ է իրեն համարում: 2009թ-ից սկսած՝ համահիմնադիր ու համակարգող է եղել ու կա մի շարք քաղաքացիական նախաձեռնություններում՝ «Ճանաչիր քո երկիրը», «Ոչ թալանին», «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», «Ապրանքներ անմիջապես գյուղերից», «Աջակցություն թիկունքից առաջնագիծ», «Աջակցենք զոհված զինվորների ընտանիքներին», «Դեմ եմ» եւ այլն: Առաջինն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, որ Շիրակի մարզում հենց երկրորդ օրը միացավ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» շարժմանը:

«Ես պարզապես հավատում եմ էն գաղափարներին, որոնց շուրջ ծնվում են այդ նախաձեռնությունները,- նկատում է զրուցակիցս,- նաեւ գիտեմ, որ առանց պայքարի դժվար է շատ բաներ փոխել: Խենթ ընկերներիս հետ արդեն տաս տարի է, տարբեր նախաձեռնություններ ստեղծելով՝ փորձում ենք ինչ-որ բան փոխել երկրում, հարցեր բարձրացնել, լուծման ուղիներ գտնել: 2014թ-ից «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնությունն ենք իրականացնում: Եղել ենք բոլոր սահմանամերձ բնակավայրերում, եւ կարող եմ ասել, որ լավագույնս գիտեմ այնտեղ առկա պրոբլեմները: Նախորդ իշխանությունների ժամանակ տեսած խնդիրներն անմիջապես բարձրաձայնում էինք, որոշ օրենսդրական փոփոխություններ հենց մեր բարձրաձայնումների շնորհիվ են եղել, հիմա պարզապես եկել է ժամանակը՝ անձամբ աշխատելու օրենսդրական դաշտում, անձամբ պատասխանատվություն վերցնելու»:

Վստահության բավական մեծ չափաբաժնով՝ 5981 քվեով, որպես Շիրակ աշխարհի «դեսպան»՝ Սոֆյա Հովսեփյանը «գործուղվում» է ԱԺ, իսկ մինչ այդ պետք է «փորձություն» անցներ Շիրակի մարզում, որպես մարզպետի տեղակալ:

«Գործադիրից սկսելն աննպատակ չէր,- պարզաբանում է Սոֆյան,- ինձ, ճիշտն ասած, հեղափոխությունից հետո այլ առաջարկ էր արվել, բայց ես ինքս ուզեցի գալ մարզ, չմնալ Երեւանում: Որպես փոխմարզպետ՝ զբաղվել եմ կրթության, առողջապահության ոլորտներով, սոցիալական ծառայությունների, երեխաների եւ կանանց, ընտանիքի իրավունքներն են եղել ուշադրությանս կենտրոնում, բայց դիմելու դեպքում, իհարկե, զբաղվել եմ նաեւ մյուս ոլորտների խնդիրներով: Եկեք հասկանանք, որ իմ գործունեության կամ անգործության արդյունքում շահողը կամ տուժողը միայն համայնքի բնակիչն է, նրա համար կարեւոր է, որ խնդիրը լուծվի, թե որ պաշտոնյան դա կանի, արդեն էական չէ»:

Սոֆյա Հովսեփյանը խոստովանում է, որ մինչեւ փոխմարզպետ աշխատելն էր ծանոթ մարզի խնդիրներին, սակայն գործադիրում աշխատանքն առավել խորությամբ բացահայտեց առկա պատճառները: Եթե նախկինում զրուցակիցս համոզված է եղել, որ յուրաքանչյուր չլուծված պրոբլեմի հետեւում թաքնված է մարդկային գործոնը, ապա անցած 8 ամիսները ստիպել են գնալ տարանջատման ճանապարհով: «Նախկինում ես կարող էի միայն ենթադրել, որ պրոբլեմը մարդկային գործոնի հետեւանք է, հիմա արդեն հասկանում եմ, թե որքան մեծ դեր են խաղում օրենսդրական բացերը: Պետք է այնպիսի օրենքներ մշակել, որ ով էլ լինի ղեկավար անձը, օրենքը ստիպի իրեն աշխատել, ոչ թե հնարավորություն ընձեռի կամայական որոշումներ կայացնել, օրենքն իր ուզած ձեւով մեկնաբանել ու շրջանցել: Երբ օրենքը ճիշտ է կիրառվում, ապա մարդկային գործոնն էլ չեզոքանում է»:

Սոֆյա Հովսեփյանը հույս ունի, որ այս խորհրդարանը էականորեն տարբերվելու է նախորդներից. «Եկել է ժամանակը՝ ապացուցելու, որ պատգամավորը 5 տարին մեկ խոստումներով ձայներ գնող մեկը չէ, կոճակ սեղմող չէ, սուտ խոստումներ տվող չէ: Մարդկանց մոտ տարիներով ձեւավորված այս կարծրատիպը կոտրելու ժամանակն է: Կոնկրետ ես խորհրդարան գնում եմ այդ նպատակով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter