HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով երկրորդ դատավորը ևս ինքնաբացարկ է հայտնել

Դատավոր Դավիթ Գրիգորյանը, որին մակագրվել էր երկրորդ նախագահ Ոոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործի քննությունը, ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը: Պաշտպանի խոսքով` դատավոր Գրիգորյանը ինքնաբացարկի երեք էջանոց որոշման մեջ նշել է, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել: Այժմ գործի քննությունը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին, այն կքննվի վաղը՝ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում:

Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ քննիչը և դատախազը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նաև դատավոր Նելլի Բաղդասարյանին, և վերջինս միջնորդությունը բավարարել էր:

«Ես ինքնաբացարկների այս տարափը բացատրում եմ նրանով, որ Ռոբերտ Քոչարյանին առանց օրենքը խախտելու հնարավոր չէ պահել անազատության մեջ, և դատավորները դա լավ հասկանում են: Մյուս կողմից՝ նրանք չեն կարող Քոչարյանին ազատ արձակել, որովհետև տեսնում եք, թե ինչ է կատարվում. հիմա էլ անցել են հրապարակային ակցիաների միջոցով շանտաժ անելուն, և ես կարծում եմ, որ իշխանությունները սա խրախուսում են»,- անդրադառնալով ինքնաբացարկների պատճառներին՝ ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ Քոչարյանին գրավով ազատելու և նրա կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվելու են մեկ վարույթում:

Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունը ներկայացրել են դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, և առ այսօր գրավի միջնորդությունը լուծում չի ստացել:

Հունվարի 10-ին դատարան է մուտքագրվել նաև Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ էր արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության: Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել է:

 

Դատավոր Դավիթ Գրիգորյանի լուսանկարը՝ court.am-ից:

 

 

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter