HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դատարանը 1 տարով ազատազրկեց թերթին ու լրագրողին դատի տված տնօրենին

Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին երեկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Վահե Խալաթյան, նստավայրը՝ Էջմիածին) մեղավոր է ճանաչել:

Նազարյանի մասին «168 ժամը» եւ «Հետքը» ժամանակին գրել էին: Ըստ «168 ժամի»՝ տնօրենը դեռեւս 2011-ի փետրվարի 1-ին հայհոյել եւ հարվածել էր դպրոցի աշակերտ Ալբերտ Հարությունյանին, որի տատը նույն դպրոցի ուսուցչուհի է: Մինչ այդ դրվագը Ալբերտի հետ շարունակ վիճաբանել էր տնօրենի՝ նույն դպրոցում սովորող տղան՝ Տիգրան Տերտերյանը: Ալբերտի մայրը նամակ էր գրել ԿԳՆ-ին եւ երեխային տեղափոխել այլ դպրոց: Մամուլում բարձրացած աղմուկից հետո ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 22-ին տնօրենին հայտարարել էր խիստ նկատողություն, այնուհետեւ դպրոցում անցկացվել էր թեմատիկ ստուգում, ինչից հետո՝ մարտի 25-ին, Նազարյանը եւս մի նկատողություն էր ստացել, իսկ արդեն 2011-ի ապրիլի 30-ին նախարարի հրամանով ազատվել էր աշխատանքից: Նազարյանը բողոքարկել էր այս հրամանը, ու դատարանը հետագայում բավարարել էր նրա հայցը:

Բացի այդ՝ տիկինը եւ նրա տղան առանձին-առանձին դատի էին տվել իրադարձություններին առաջինն անդրադարձած «168 ժամ» թերթին եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանին: Նրանցից յուրաքանչյուրն իր հայցով թերթից եւ լրագրողից պահանջում էր հերքել պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները եւ զրպարտության համար 2 մլն դրամ փոխհատուցում վճարել:

2012-ի ապրիլի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատ.՝ Արայիկ Մելքումյան) մերժեց Տիգրան Տերտերյանի հայցն՝ ընդդեմ թերթի եւ լրագրողի: Հայցվորը չբողոքարկեց վճիռը, որը մտավ օրինական ուժի մեջ: Իսկ մինչ այդ՝ 2011-ի նոյեմբերին, նույն դատավորը իր վարույթում գտնվող մյուս՝ Սուսաննա Նազարյանի հայցով որոշել էր կասեցնել գործի քննությունը, մինչեւ Սուսաննա Նազարյանի դեմ հարուցված քրգործի ավարտը, որը նույն թերթի ու լրագրողի հրապարակումների արդյունք էր:

Քրեական գործը մտել էր դատարան, եւ քննվում էր դատավոր Վահե Խալաթյանի կողմից: Ահա եւ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, դատարանը Ս. Նազարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը), պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): Միաժամանակ դատարանը կիրառել է ԱԺ-ի կողմից 2011-ին ընդունված համաներման մասին որոշումը եւ Նազարյանին ազատել պատժի կրումից:   

Երբ վճիռը մտնի օրինական ուժի մեջ, Արայիկ Մելքումյանի վարույթում գտնվող քաղհայցը՝ ընդդեմ լրատվամիջոցի եւ լրագրողի, նորից քննության կառնվի: Եվ քանի որ քրգործով արդեն հաստատվել է տնօրենի մեղքը, այն իր ազդեցությունը կունենա քաղհայցի քննության վրա, քանի որ տնօրենը զրպարտություն էր համարում այն, որ լրագրողն իրեն բնորոշել է իբրեւ դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծող, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter