HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կյուրեղյանի գործով կարող է ստեղծվել փակուղային իրավիճակ

Հայկ Կյուրեղյանը հերթական դատական նիստին ոտքի չկանգնեց: Այս անգամ չկանգնեց նաև դահլիճի մի մասը: Կարգադրիչները հորդորում էին կանգնել Հայկ Կյուրեղյանին սատարողներին:

Հայկ Կյուրեղյանը նստած դիմեց դատարանին` ասելով, որ  հրաժարվում է պաշտպան Արա Զաքարյանի ծառայություններից:

- Դուք դարձյալ նստած եք դիմում դատարանին,- ասաց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը,- ընթերցելով քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածները, ըստ որոնց` դատարանը կարող է հեռացնել ամբաստանյալին նիստերի դահլիճից ,- Ձեզ զրկո՞ւմ եք Ձեր իրավունքներից, վկաներին հարցեր տալուց: Դուք կարգ եք խախտում, կարող եք հեռացվել: Դատարանը կարող է առանց Ձեզ շարունակել նիստը:

- Ես չեմ զրկում, Դուք եք զրկում, նոր Դուք կարդացիք օրենքը, որ կարող եք հեռացնել կարող եք չհեռացնել: Որոշումը Ձեզ է տրված: Դուք որոշեք: Ես մնում եմ հավատարիմ ոտքի չկանգնելու իմ որոշմանը: Չեմ հարգում դատարանը նրա համար, որ համարում եմ խաղալիք դատարան, գրպանի դատարան, ինչ-որ մեկի դատարան, ոչ թե Հայաստանի Հանրապետության դատարան,- դարձյալ նստած հայտարարեց Հայկ Կյուրեղյանը:

Դատարանը որոշեց ամբաստանյալին հեռացնել նիստերից 10 ժամով:

«Մենք էլ  չենք հարգում» ասելով` դահլիճում նստածները դուրս եկան միջանցք:

Դատարանը որոշեց ներգրավել հանրային պաշտպան: Նիստը հետաձգվեց մինչև գալիք տարվա  հունվարի 14-ը:

Հայկ Կյուրեղյանի հայրը` Արմենակ Կյուրեղյանը, «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Հայկը հրաժարվում է առհասարակ փաստաբանների ծառայություններից: «Փաստաբան Արա Զաքարյանից, նրա պրոֆեսիոնալիզմից մենք շատ շնորհակալ ենք, բայց խնդիրը քաղաքական է»,- նշեց Արմենակ Կյուրեղյանը:

Դահլիճում ներկաներից Ֆելիքս Հայրապետյանը նշեց, որ Շանթ Հարութունյանի դատավարությանը քաղաքացիները քաղաքավարի, ինչպես որ կարգն է, ոտքի էին կանգնում. «Մենք շատ հանգիստ կանգնում էինք, նստում էինք, փաստաբաններ կային, բայց ամեն ինչ որոշվեց դատարանից դուրս, իրավական հարթությունից դուրս»:

«Հետքը» զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Պետրոսյանի հետ: Հարցին, թե ինչ կարող է հետևել նրան, որ Հայկ Կյուրեղյանը շարունակի չկանգնել դատարանում, հրաժարվել փաստաբանից, իսկ դատավորն էլ ստիպված լինի անհարգալից վերաբերմունքի համար անընդհատ սանկցիա կիրառել ու հեռացնել նրան նիստերի դահլիճից, փաստաբան Պետրոսյանը պատասխանեց, որ ամբաստանյալի բացակայությամբ կարող են նիստեր արվել, սակայն պետք է ներկա լինի նրա պաշտպանը: «Մինչդեռ եթե Հայկ Կյուրեղյանը հրաժարվում է պաշտպանից, նրան էլ պարբերաբար հեռացնում են նիստերից, ապա ստեղծվում է փակուղային վիճակ»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter