HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 անչափահաս երեխաների մայրը եկել էր Հայկ Կյուրեղյանին սատարելու

Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը սկսվեց ու 5 րոպե անց հետաձգվեց` պաշտպան Արա Զաքարյանի չներկայանալու հիմքով: 

Մինչ այդ, երբ դատավոր Արմեն Բեկթաշյանը մտավ նիստերի դահլիճ և հնչեց «Ոտքի՛, դատարանն է գալիս» արտահայտությունը, Հայկ Կյուրեղյանն, ինչպես և առաջին նիստի ժամանակ, նստած մնաց: Դատավորը մեջբերեց քրեական դատավարության օրենսգրքից այն հոդված, ըստ որի դատավարության մասնակիցներն ու ներկաները պետք է ոտքի կանգնեն` «Ոտքի՛, դատարանն է գալիս» արտահայտությունը լսելով: 

«Ես կշարունակեմ նստած մնալ»,-ասաց Հայկ Կյուրեղյանը:

Դատարանն այսօր որպես սանկցիա կիրառեց նախազգուշացումը` նշելով, որ կրկնվելու դեպքում կարող է կիրառվել նիստերի դահլիճից հեռացումը: 

Հիշեցնենք, որ 30-ամյա Հայկ Կյուրեղյանն այս տարվա հունիսի 12-ից անազատության մեջ է: Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով՝ 258-ի մաս 4 և 316-ի մաս 4: Հիշեցնենք, որ նա հունիսի 12-ին «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակով կրակոցներ էր արձակել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց, ուր մեկնարկում էր Շանթ Հարությունյանի և 13 քաղաքացիների գործով դատավարությունը: Նա իր արարքը որակել էր որպես բողոքի ակցիա` ընդդեմ 14 անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու:

«Ոտքի չկանգնելով` եղբայրս ակցիա է անում»

Արեգ Կյուրեղյան

«Հետքի» հետ զրույցում Հայկի եղբայրներից Արեգ Կյուրեղյանն ասաց, որ ոտքի չկանգնելը ոչ թե կոնկրետ դատավորին է ուղղված, այլ ամբողջ համակարգին, որը անկախ չէ: «Հետևաբար մեր ընտանիքը որևէ ակնկալիք այս դատարանից չունի: Մի քանի ամիս առաջ 14 քաղաքացիներ դատապարտվեցին իրենց քաղաքական հայացքների համար, Հայկն էլ կլինի 15-րդը: Պիտի հասկանանք, որ խնդիրը համակարգային է»,-ասաց Հայկ Կյուրեղյանի եղբայրը: 

«Եկել ենք Հայկ Կյուրեղյանին սատարելու» 

Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանին սատարելու էր եկել Դավիթբեկ գյուղի նախկին գյուղապետ, ազատամարտիկ, Շանթ Հարությունյանի և ընկներների գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Արեք Պողոսյանի կինը`Մանեն` 5 երեխաների հետ:

Այս ընտանիքի 6 անդամները մեկ տարի մեկ ամիս է` գոյատևում են առանց միակ կերակրողի, առանց Ալեք Պողոսյանի: Հինգ մանկահասակ երեխաները երկրորդ ձմեռն է՝ զրկանքներ են կրում` ապրելով 31 հազար դրամ նպաստով: 


Ինչպե՞ս եք կարողանում դիմակայել ձմռանը հարցին` Մանեն ասաց, որ չի սիրում իր հոգսերի մասին խոսել: «Բոլորն էլ շատ հոգսեր ունեն, ի՞նչ ասեմ: Ալեքի եղբայրը արդեն երկրորդ ձմեռը մեզ փայտ է տալիս, վառում ենք, տաքանում: Իսկ գարնանը «Հետքի» գրած հոդվածից հետո մի շատ բարի, լավ ընտանիք ամեն ամիս գալիս է մեզ հյուր ու օգնում ամեն հարցով: Նրանք պարզապես չեն ցանկանում, որ իրենց բարեգործության մասին բարձրաձայնվի: Բայց ես անչափ շնորհակալ եմ իրենց, որ մեր կողքին են»,- ասաց Մանե Պողոսյանը, ով յուրաքանչյուր 15 օրը մեկ երեխաների հետ գնում է «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ամուսնուն մեկ ժամով տեսակցելու:

Դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 17-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter