HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արարատում գործը վերսկսելը ոչ միայն վիրավորանք է հորս հիշատակին, այլև ապտակ արդարադատությանը»

Արարատի բնակչուհի Գայանե Հովհանյանից տեղեկացանք, որ ապրիլի 21-ին Արարատի քննչական բաժնում վերսկսվել է նրա հոր՝ Գյանջիրով Հովհանյանի մահվան գործով նախաքննությունը:

Գայանեն երկու տարի է՝ պայքարում է հոր մահվան առեղծվածը պարզելու համար: 60-ամյա Գյանջիրով Հովհանյանը 2013-ի հունիսի 25-ին դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել: Նրան հայտնաբերել են տնից մոտ 3 կմ հեռու՝ ծառից կախված վիճակում: Նախաքննությունը վարել է Արարատի քննչական բաժնի քննիչ Արթուր Ավետյանը: Նախաքննական մարմինն ու մարզի դատախազությունը ի սկզբանե առաջ են քաշել ինքնասպանության վարկածը: Սակայն մահացածի ընտանիքը մինչ օրս պնդում է, որ տեղի է ունեցել սպանություն: Նրանք ականատես են եղել ավագ Հովհանյանի անհետանալուն նախորդող դեպքերին, երբ քարի արտադրամասի (որտեղ որպես բանվոր աշխատում էր ընտանիքի հայրը) սեփականատիրոջ որդիներ Նարեկ և Հովհաննես Ավետիսյանները ահաբեկել էին Գյանջիրով Հովհանյանին ու ողջ ընտանիքը՝ քարի արտադրամասից կատարված ենթադրյալ գողության դիմաց: Հովհանյանները գտնում են, որ նախաքննական մարմինը, հանցակազմի բացակայության հիմքով կարճելով քրեական վարույթը,  պարզապես հովանավորել է Նարեկ և Հովհաննես Ավետիսյաններին:     

Գայանե Հովհանյանը կարճման որոշման դեմ բողոքներ է բերել տարբեր ատյաններ՝ նախ վերահսկող դատախազին, ապա և դատարաններ: Այն, որ նախաքննությունը կատարվել է խախտումներով, արձանագրել է նաև Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ էլ մասնակի բավարարվել է Գայանեի բողոքը: Դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են և պարտավորեցրել վերացնել դրանք: Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը:

Ու թեպետ դատական երկու ատյաններում արձանագրվել է, որ Արարատի քննչական բաժինը խախտել է տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները, այդուհանդերձ քրեական գործի վերսկսումը դարձյալ իրականացնում է նույն քննչական բաժինը:

«Արարատի մարզում հորս մահվան գործը վերսկսելը կրկին վիրավորանք է ոչ միայն հորս հիշատակին, այլև ապտակ է արդարադատությանն ընդհանրապես: Ստացվում է փակ օղակ: Իմ ամբողջ պայքարն այն էր, որ այստեղ՝ Արարատում, նաև մարզում ամեն ինչ արել են, որ կոծկեն հորս մահվան իրական պատճառները, հիմա ստանում եմ ծանուցագիր, որ գործը վերսկսել են Արարատի քննչականում ու ինձ հրավիրում են որպես տուժողի իրավահաջորդ հարցաքննության: Բայց չեմ գնացել ու դիմում եմ գրել, որ պատրաստվում եմ բացարկ հայտնել: Պայքարելու եմ, որ գործը տեղափոխվի Երևան»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գայանե Հովհանյանը:

Գայանեի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Գարիկ Մալխասյանը նշեց, որ միանշանակ է՝ քննիչն ու վերահսկող դատախազն արդեն ձևավորված կարծիք ունեն այս գործի նկատմամբ, որ կատարվածը ինքնասպանություն է, ոչ թե ինքնասպանության դրդում, հակում, կամ սպանություն: «Հետևաբար ինչպե՞ս կարող են նույն անձինք քրեական գործի վերսկսումից հետո փոխել իրենց կարծիքը ու կատարել օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննություն: Նախաքննության ժամանակ այնքան հարցեր չէին ստացել իրենց պատասխանները, որոնք կարող էին փարատել տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի ու նրա ընտանիքի կասկածները: Բայց այդ ամենը չէր արվել: Այնպես, որ նոր քննությունը պիտի կատարվի բոլորովին այլ վայրում»,- ընդգծեց փաստաբան Գարիկ Մալխասյանը:

Լուսանկարում՝ Գայանե Հովհանյանը մոր հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter