HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոտ մեկ տարի անց ՀՔԾ-ն կարճել է 19-ամյա աղջկա մահվան գործով քննությունը

Հատուկ քննչական ծառայությունը Մասիսի 19-ամյա բնակչուհի Սուսաննա Գևորգյանի մահվան վերաբերյալ գործում պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործություն չի արձանագրել: Դեռևս անցյալ տարվա հունիսին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը մոտ մեկ տարվա քննությունից հետո կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում դեռևս անցյալ տարվա հունիսի 27-ին հարուցվել էր քրեական գործ ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

«Մոտ մի տարի հույսով սպասում էի, որ վերջապես կիմանամ, թե որն է եղել աղջկաս մահվան պատճառը: Բայց, փաստորեն, գործը կարճեցին»,- ասում է Մասիս քաղաքի բնակչուհի, 19-ամյա աղջկան 8 տարի առաջ կորցրած Սաթենիկ Գևորգյանը, ով անցյալ տարվա ապրիլին դստեր մահվան գաղտնիքը պարզելու նպատակով դիմել էր Հետքին»:

8 տարի առաջ` 2007 թ-ի մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը), բախվելով հողաթմբին, վթարի է ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել է: Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը Արարատ Կաֆյանին մեղավոր էր ճանաչել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ կետով՝ դատապարտելով 2 տարվա պայմանական պատժի. նա մեկ օր անգամ չի ազատազրկվել:

Աղջկա ստացած վնասվածքների նկարագրությանը ծանոթանալով՝ Սաթենիկ Գևորգյանի մոտ կասկած է առաջացել, որ ամենևին էլ վթարի հետևանքով չէ դուստրը զոհվել, որ վթարը պարզապես բեմադրվել է, որպեսզի բռնաբարության ու սպանության հոդվածներից խուսափի Արարատ Կաֆյանը: Բռնության կասկածը մեծացել է այն ժամանակ, երբ քննիչ Կարեն Թադևոսյանը տուժողի իրավահաջորդին երկար ժամանակ չի հանձնել աղջկա հագին եղած շորերը, իսկ 1 ու կես տարի անց հանձնելիս էլ բացակայել են աղջկա ներքնաշորերը: Սաթենիկի համար կասկածելի է եղել այն, որ իրավապահները չափազանց բարեհաճ են գտնվել վարորդ Կաֆյանի նկատմամբ. նա մոտ 40 օր վկայի կարգավիճակ է ունեցել, այն դեպքում, երբ ունեցել է երկու անձնագիր, եղել է ՌԴ քաղաքացի: Իսկ մեղադրյալ դառնալուց հետո էլ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը: Մահացած աղջկա մայրը՝ Սաթենիկը մինչ օրս պնդում է, որ Կաֆյանին պատասխանատվությունից փրկել է նրա քննիչ աներձագը՝ Սամվել Անդրեասյանը, ով փեսայի զանգով դեպքից հետո առաջինն է եկել դեպքի վայր ու օգնել ազգականին տեղափոխել դիակը:

Սակայն ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Գուրգեն Հակոբյանն իր գործընկեր՝ մեկ այլ քննիչ Թադևոսյանի արարքներում այդպես էլ հանցակազմ չի տեսել: Կարճման որոշման մեջ նշված է, որ քննիչ Հակոբյանը որոշում է կայացվել դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական և դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն նշանակելու մասին, հարցաքննել է հիմնական գործ քննած քննիչին, Կաֆյանի աներձագ-քննիչ Սամվել Անդրեասյանին, նրանց առերես հարցաքննություն անցկացրել Սաթենիկ Գևորգյանի հետ:

«Հետքի» լուսաբանումներին արձագանքելով` փաստաբան Գևորգ Գյոզալյանը դեռևս 10 ամիս առաջ ստանձնել է Սաթենիկ Գևորգյանի շահերի պաշտպանությունը: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ կարճման որոշումը արդեն բողոքարկել է վերադաս դատախազին: Փաստաբանը գտնում է, որ չի կատարվել բազմակողմանի քննություն, բաց են թողնվել էական շատ հարցեր:

Օրինակ՝ 2007 թվականի ապրիլի 25-ին տուժողի իրավահաջորդ Սաթենիկը միջնորդել է լրացուցիչ հարցաքննել իրեն, որի ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Արարատ Կաֆյանը վթարից առաջ ծեծի է ենթարկել Սուսաննա Գևորգյանին և  փորձել է բռնաբարել: Արարատ Կաֆյանն իր ցուցմունքով հերքել է Սաթենիկ Գևորգյանի հայտնածը և նշել, որ Սուսաննա Գևորգյանի նկատմամբ ոտնձգություն իր կողմից տեղի չի ունեցել: Ապրիլի 28-ին՝ երեք օր անց, քննիչը որոշում է կայացրել 138-րդ հոդվածով (բռնաբարություն) Արարատ Կաֆյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Ըստ փաստաբանի, աբսուրդ է այն, որ քրեական հետապնդում չիրականացնելու որոշման հիմքում քննիչ Թադևոսյանը դրել է այն անձի ցուցմուքը, ում, որպես պոտենցիալ հանցանք կատարած անձի, մատնանշում է մահացած աղջկա մայրը: «Այսօր, սակայն, քննիչի կողմից հարց չի դրվել, թե ուր են կորել տուժողի ներքնաշորերը: Ինչո՞ւ, ի՞նչ ճանապարհով են 9 կտորանոց հագուստից անհետացել հենց ներքին շորերը»,-հարց է բարձրացնում փաստաբանը:

Սաթենիկը, ով մեծ դժվարությամբ աղջկա հագուստից միայն 4 կտոր է ստացել, ասում է, որ առերեսման ժամանակ երբ ինքն այդ հարցը բարձրացրել է, քննիչ Կարեն Թադևոսյանը պատասխանել է՝ կարող է վառել են: 

Նոր հարցականներ է առաջացրել նաև այն, որ 8 տարի առաջ կատարված փորձաքննությամբ Սուսաննայի արյան խումբը որոշվել է B խմբի, իսկ այսօր՝ A խմբի. «Այսինքն՝ ոչ միայն եղած հարցերի պատասխանները չեն տրվել, այլև նոր հարցեր են առաջ եկել»,-պարզաբանեց փաստաբան Գյոզալյանը՝ ընդգծելով, որ նոր փորձաքննությամբ ջինսե տաբատի վրա դեղնավուն կասկածելի հետքերում հաստատվել է մեզի առկայություն, որը պատկանում է մարդու A հակագեն պարունակող որևէ անձից կամ անձանցից, այդ թվում կարող էր առաջանալ Սուսաննա Գևորգյանից:

Եվս մեկ հարցական է մատնանշում փաստաբանը. պարզվել է, որ դեպքի վայրի զննության ժամանակ որպես ընթերականներ հանդես եկած ոմն Արտակ և Ռազմիկ Գևորգյաններ անուններով անձինք գոյություն չունեն, այդուհանդերձ չի ձեռնարկվել բավարար միջոցներ պարզելու թե ինչպես են այդ անունները հայտնվել ճանապարհա-տրանսպորտային դեպքի վայրի զննության արձանագրության մեջ։

«Ինձ համար ակնհայտ է, որ Արարտի քննչականի երկու քննիչները՝ Կաֆյանի աներձագ Սամվել Անդրեասյանը ու նրա գործընկեր Կարեն Թադևոսյանը արել են ամեն ինչ, որ Կաֆյանը պատասխանատվության չենթարկվի, անգամ չեն ստուգել խմած է նա եղել, թե չէ: Ընդհակառակը՝ այսօր նույն քննիչները պաշտոնական առաջխաղացում ունեն: Իսկ ես 8 տարի անց չգիտեմ, թե ինչն է եղել աղջկաս մահվան պատճառը»,-ասաց Սաթենիկ Գևորգյանը, ով 8 տարի շարունակ պայքարում է աղջկա մահվան առեղծվածը պարզելու համար: 

Մեկնաբանություններ (1)

Հակառեժիմ
Հրեշներ են, քննիչներ չեն...................... թող նույնը իրենց հետ կատարվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter