HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

8 տարի առաջ աղջկան կորցրած կինը մտահոգված է. նրա կարծիքով նախաքննությունը երկարում է

«Հետքը» հետևում է այն մարդկանց ճակատագրերին, ում մասին հրապարակումներ է գրել, բարձրաձայնել նրանց խնդիրների մասին: Նրանցից մեկը Մասիսի բնակչուհի Սաթենիկ Գևորգյանն է, ով 8 տարի առաջ կորցրել է 19-ամյա դստերը՝ Սուսաննա (Սյուզի) Գևորգյանին: Ըստ քրեական գործի` Սուսաննան մահացել է 2007թ. մարտի 9-ի երեկոյան 22:45-ին, Նորամարգ-Մասիս ավտոճանապարհին ավտովթարի հետևանքով:

«Հետքն»  անդրադարձել է այս ողբերգական պատմությանը, 19 տարեկան աղջկա մահվան հանգամանքներին ու տիկին Սաթենիկի 8 տարվա պայքարին՝ ուսումնասիրելով մեկ հատորանոց քրեական գործը Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում:

Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ 6 ամիս առաջ՝ 2014 թ.-ի հունիսի 27-ին, Սաթենիկ Գևորգյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՔՕ 308-րդ հոդվածը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը:

«Վախենում եմ, որ կձգձգեն քննությունը, հետո ամեն ինչ կկոծկեն»

«Հետքի» հետ զրույցում Սաթենիկ Գևորգյանը մտահոգություն հայտնեց նախաքննության ժամկետների հետ կապված: «Արդեն 6 ամիս է նախաքննություն է գնում: Վախենում եմ, որ կձգձգեն քննությունը, հետո ամեն ինչ կկոծկեն, ինչպես 8 տարի առաջ, ու ես էլի չեմ իմանա իմ աղջկա մահվան գաղտնիքը: Ես ապրում եմ ճշմարտությունը իմանալու հույսով: Այս ընթացքում ինձ երեք անգամ է կանչել քննիչը, վերջին անգամ էլ ասաց, որ երկարացրել են նախաքննության ժամկետը, քանի որ անհրաժեշտություն կա էլի քննչական գործողություններ անելու: Բայց մյուս կողմից էլ՝ ուզում եմ հավատալ, որ ամեն բան կբացահայտվի, գործն այս անգամ չեն կարողանա կոծկել»,- ասաց տիկին Սաթենիկը:

«Հետքը» տարեվերջին դիմեց ՀՔԾ՝ տեղեկանալու, թե ինչ փուլում է այս գործով նախաքննությունը: ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը պատասխանեց, որ ձեռնարկվում են բոլոր միջոցառումները բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ նախաքննություն ապահովելու համար:

Այս գործով Սաթենիկ Գևորգյանը չի ճանաչվել որպես տուժող

Աղջկան կորցրած Սաթենիկ Գևորգյանը դեռ ամռանը դիմել էր Փաստաբանների պալատին, որպեսզի փաստաբանի աջակցություն ունենա նախաքննության փուլում: Արձագանքել էր փաստաբան Գևորգ Գյոզալյանը՝ պատրաստակամություն հայտնելով անշահախնդիր օգնել Սաթենիկ Գևորգյանին:

«Հետքը» զրուցեց փաստաբանի հետ, ով նշեց, որ տիկին Սաթենիկը մարդկայնորեն իրավունք ունի մտահոգվելու, «սակայն մասնագիտորեն երբ մոտենում եմ հարցին, դեռ մտահոգվելու կարիք չկա»:

Խնդիրն, ըստ փաստաբանի, այն է, որ այս գործով Սաթենիկ Գևորգյանը չի ճանաչվել որպես տուժող, քանի որ տուժողը, որպես այդպիսին, պետությունն է ՔՕ 308 հոդվածի պարագայում: «Այս գործը մեզ համար հիմնական գործ չէ: Սա կարող է պարզապես մեզ հնարավորություն տալ մոտենալ հիմնական գործին: Իսկ հիմնական գործում խախտումներն այնքան շատ են: Կարող եք ինքներդ համեմատականներ անցկացնել նույն Վարդան Պետրոսյանի և այլ նմանատիպ այլ գործերի հետ: Վթարի մեղավորը կալանքի տակ չի հայտնվել այն դեպքում, երբ եղել է ՌԴ քաղաքացի, անձնագիրը եղել է նրա մոտ ամիսներ… Դեռ չեմ ասում փորձագետի եզրակացության մասին: Կարդում ես ու չես հասկանում՝ փորձագետ է գրել, թե իրեն ասել են, որ այդպես գրի: «Հետքում» կարդացի այս ամենի մասին, միանգամից հասկացա, որ պետք է մասնագիտական աջակցություն տիկին Սաթենիկին: Տոներից հետո ծրագրել եմ դիմել ՀՔԾ, որ Սաթենիկ Գևորգյանը ճանաչվի տուժող»,- նշեց փաստաբան Գյոզալյանը:

Հիշեցնենք, որ Մասիսի բնակիչ Արարատ Կաֆյանի վարած «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան (որում գտնվել է Մասիսի բնակչուհի 19-ամյա Սուսաննա (Սյուզի) Գևորգյանը), բախվել էր հողաթմբին ու վթարի ենթարկվել: Սուսաննան ստացած վնասվածքներից մահացել էր: Աղջկա ստացած վնասվածքների նկարագրությանը ծանոթանալով՝ Սաթենիկ Գևորգյանը 8-րդ տարին պնդում է, որ վթարը չէ աղջկա մահվան պատճառը, այլ այն պարզապես բեմադրվել է, որպեսզի Արարատ Կաֆյանը խուսափի բռնաբարության ու սպանության հոդվածներից:

Բռնության կասկածը մեծացել է այն ժամանակ, երբ Սաթենիկ Գևորգյանը իմացել է, որ Արարատ Կաֆյանի քննիչ աներձագն է նրա զանգից հետո եկել դեպքի վայր, մահացած աղջկա մորը երկար ժամանակ չեն հանձնել աղջկա հագին եղած շորերը, իսկ 1.5 տարի անց հանձնելիս էլ բացակայել են աղջկա ներքնաշորերը: Սաթենիկի համար կասկածելի է եղել այն, որ իրավապահները չափազանց բարեհաճ են գտնվել վարորդ Կաֆյանի նկատմամբ: Արարատի ու Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանը Արարատ Կաֆյանին մեղավոր էր ճանաչել քր. օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ կետով՝ դատապարտելով 2 տարվա պայմանական պատժի: Նա մեկ օր չի գտնվել անազատության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter