HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործը նորից կքննվի, այս անգամ` Արարատի մարզից դուրս

Չնայած այս տարվա ապրիլին Արարատի մարզի քննչական բաժնում վերսկսվել էր 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի մահվան գործով նախաքննությունը, այդուհանդերձ, նրա դստեր` Գայանեի հայտնած բացարկից հետո իրավիճակը փոխվել է: Այս անգամ քննության անցկացումը վերապահվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչություն: Այս լուրը մեզ փոխանցեց հենց Գայանե Հովհանյանը` շեշտելով իր գոհունակությունը:

«Լավ է, որ գործի նոր քննությունը մեր մարզից դուրս` Երևանում է լինելու, քանի որ այստեղ բազմաթիվ խախտումներ էին կատարվել, նախաքննությունը կատարվել էր կոպիտ բացթողումներով, բացերով, ինչը չտեսնել անհնար էր: Այդ խախտումները տեսան ու իրենց որոշումներով արձանագրեցին դատարանները: Սակայն նորից Արարատում գործը վերսկսելը, էլի եմ ասում, ապտակ էր հորս հիշատակին ու մեր երկրի արդարադատությանն առհասարակ: Ինչպես կարելի էր նորից գործ հանձնարարել մի մարմնի, որի գործողություններից մենք բողոքում ենք այսքան ժամանակ: Բայց հիմա, փառք Աստծո, հույս է արթնացել, որ նոր քննությունը կբացահայտի ճշմարտությունը, թե ինչ է տեղի ունեցել հորս հետ երկու տարի առաջ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Գայանե Հովհանյանը` կարծիք հայտնելով, որ եթե չլիներ իր, իր ընտանիքի ու փաստաբանի հետևողական պայքարը, հնարավոր է` գործի նոր քննությունը չհանձնարարվեր քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությանը:

Հիշեցնենք, որ Գայանե Հովհանյանը 2013-ից պայքարում է որպես տուժողի իրավահաջորդ, որպեսզի պարզի հոր մահվան հանգամանքները: Հովհանյանները պնդում են, որ հաշվեհարդար է տեղի ունեցել, սակայն Արարատի մարզի դատախազությունը որևէ հիմք չի տեսել, որ 65-ամյա տղամարդուն դրդել են կամ հակել են ինքնասպանության, առավել ևս, որ սպանել ու կախել են: Նախաքննական մարմինն ի սկզբանե առաջ է քաշել ինքնասպանության վարկածը, երբ 2013թ. հունիսի 26-ին Արարատից 3 կմ հեռու հայտնաբերվել է Գյանջիրով Հովհանյանի դին` բռնության հետքերով: Տուժող Հովհանյանները ականատես են եղել ավագ Հովհանյանի անհետանալուն նախորդող դեպքերին, երբ քարի արտադրամասի (որտեղ որպես բանվոր աշխատում էր ընտանիքի հայրը) սեփականատիրոջ որդիներ Նարեկ և Հովհաննես Ավետիսյանները ահաբեկել էին Գյանջիրով Հովհանյանին ու ողջ ընտանիքին՝ քարի արտադրամասից կատարված ենթադրյալ գողության համար: Հովհանյանները գտնում են, որ Արարտի մարզի նախաքննական մարմինը, հանցակազմի բացակայության հիմքով կարճելով քրեական վարույթը,  պարզապես հովանավորել էր Նարեկ և Հովհաննես Ավետիսյաններին:

Գայանե Հովհանյանը կարճման որոշումների դեմ բողոքներ է բերել տարբեր ատյաններ՝ նախ վերահսկող դատախազին, ապա՝ դատարաններ: Այն, որ նախաքննությունը կատարվել է խախտումներով, արձանագրել էր նաև Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, որտեղ էլ մասնակի բավարարվել է Գայանեի բողոքը: Դատարանը արձանագրել էր, որ տուժողի իրավահաջորդ Գայանե Հովհանյանի իրավունքները խախտվել են և պարտավորեցրել վերացնել դրանք: Վերաքննիչ դատարանն էլ անփոփոխ է թողել առաջին ատյանի որոշումը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter