HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիամ Չախոյան

Խաչատրյանների` Լոս Անջելեսում առանձնատուն ձեռք բերելու փաստով քրեական գործ չի հարուցվել. «Հետքին» մերժում են տրամադրել որոշումը

Նախկին ֆինանսների նախարար, ՊԵԿ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն գնելու փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունը որոշել է քրեական գործ չհարուցել: Այսօր՝ փետրվարի 15-ին, «Հետքի» հարցմանն ի պատասխան Ազգային անվտագության ծառայությունից տեղեկացրել են, որ այդ պատճառով իրավական փոխօգնության միջնորդությամբ ԱՄՆ-ին չեն դիմել: «Հետքին» նույնաբովանդակ պատասխան է տվել նաև Գլխավոր դատախազությունը։

««Փնտրվում է գնորդ կամ Գագիկ Խաչատրյանի որդիների շքեղ առանձնատունը Լոս Անջելեսում» վերտառությամբ «Hetq.am» համացանցային կայքի 2016 թվականի հունիսի 30-ի հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազի 01.07.2016թ. գրությամբ ուղարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Քննարկման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում 16.07.2016թ. որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին»,- նշված է Գլխավոր դատախազությունից ստացված գրության մեջ:

Հիշեցնենք, որ «Հետքը» անցած տարվա հունիսի վերջին հրապարակել էր այն ժամանակ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների կողմից ԱՄՆ-ում անշարժ գույքի տասնյակ միլիոն դոլարի հասնող մի գործարքի մասին հոդված: Ավելի ուշ «Սիվիլնեթն» իր հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը գործն ուղարկել է ԱԱԾ:  

«Հետքը» խնդրել էր Գլխավոր դատախազությանը և ԱԱԾ-ին տրամադրել որոշման պատճենը, սակայն մերժել են նույն պատճառաբանությամբ.

«Զանգվածային լրատվության միջոցներին՝ դրանցում հրապարակված տեղեկությունների ստուգման արդյունքում կայացված դատավարական որոշումների պատճենների տրամադրման ընթացակարգ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված չէ»:

«Հետքը» երկու իրավաբաններից հետաքրքրվեց, թե որքանով իրավաչափ է ՀՔԾ-ի (Միհրան Պողոսյանի գործով), ԱԱԾ-ի և Գլխավոր դատախազության դիրքորոշումը` բարձրաստիճան պետական պաշտոնյային առնչվող գործերով քննության վերաբերյալ որոշումները չտրամադրելը:

Իրավաբան Արա Ղազարյանը նշում է, որ իրավական շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված (հոդվածներ 262, 290) «այլ անձանց» տեղեկության տրամադրումը վիճելի տեսական խնդիր է, և պետք է քննարկել, թե արդյոք լրատվամիջոցը, որի հաղորդման հիման վրա գործը սկսել է քննվել, հանդիասանում է շահագրգիռ անձ և կարող է պահանջել և ստանալ այդ տեղեկությունը: Իրավաբանի կարծիքով` այս հարցը պետք է քննարկվի Սահմանադրական դատարանի կողմից, քանի որ վերոհիշյալ դրույթների նկատմամբ մոտեցումը միատեսակ չէ: Հիշեցնենք, որ Կապիկների գործով ՊԵԿ-ը «Հետքին» տրամադրել էր որոշումը:

«Դատավարության մասնակիցն ինքնին շահագրգիռ անձ է, -բացատրում է Ղազարյանը, - բայց օրենսդիրը սա չի նույնականացնում շահագրգիռ անձանց հետ, սա առանձին է նշվում, եթե նույնականացվեր, ապա ուղղակի կնշվեր՝ դատավարության մասնակից: Մենք ունենք շահագրգիռ անձը օրենսդրությամբ հստակեցնելու խնդիր»:

Հարցը ՄԻԵԴ-ի վճիռների լույսի ներքո դիտարկելով` Ղազարյանը նշում է. «Թեև տեղեկատվության մատչելիությունը որպես ինքնուրույն իրավունք Կոնվենցիան չի ճանաչում, սակայն եթե լրատվամիջոցն է պահանջում տեղեկատվությունը և եթե դա այնպիսի տեղեկատվություն է, որը «այլոք կցանկանային, որ պետական մարմինը տրամադրեր» (այսինքն` հանրային նշանակության տեղեկություն), այդ դեպքում դատարանը ճանաչում է տեղեկատվության մատչելիության իրավունքը՝ տեղեկատվություն ստանալու իրավունքի շրջանակում (Társaság A Szabadságjogokért-ն ընդդեմ Հունգարիայի, 14 ապրիլի, 2009թ.)։

Փաստաբան Հայկ Ալումյանի կարծիքով` խնդիրը շատ հստակ է. թե՛ ՀՔԾ-ն և թե՛ ԱԱԾ-ն պարտավոր էին տրամադրել որոշումը, քանի որ տվյալ դեպքում դա արգելող ոչ մի իրավական նորմ գոյություն չունի, իսկ Միհրան Պողոսյանի գործով ՀՔԾ-ի պատասխանում նշված հոդվածը, ինչպես նաև 290-րդ հոդվածը, բոլորովին այլ խնդիր են:  Նախաքննության գաղտնիքի մասին այստեղ խոսելը նույնպես ավելորդ է, այդ հիմքերը ևս բացակայում են:

«Եթե որոշումը ձեզ չի տրամադրվում, - ասում է Ալումյանը, - ապա պետք է վկայակոչեն այնպիսի նորմ, որը ձեզ արգելում է ունենալ այդ տեղեկությունը. այդպիսի նորմ գոյություն չունի: Առավել ևս եթե խոսքը հասարակությանը հետաքրքրող անձանց մասին է, իսկ տվյալ դեպքում խոսում ենք նախկին նախարարի, նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մասին, նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը, ընդ որում, ոչ նեղ անձնական կյանքին վերաբերող տեղեկությունների մասին է խոսքը, դրանց հանրությանը հասցնելը նաև անձնական տվյալների մասին օրենքով արգելված չէ»: 

Անդրադառնալով գործին՝ արձանագրենք, որ ԱԱԾ-ի քննչական վարչությունում «գործին ընթացք տալու» փոխարեն քննարկել են, թե արդյոք արժե քրեական գործ հարուցել, և որոշում են կայացրել հօգուտ պետական պաշտոնյայի՝ անտեսելով պետական խոշոր միջոցների յուրացման մասին հուշող առնվազն մեկ կարևոր դրվագ: Ավելին, ԱԱԾ-ն, ինչպես և Միհրան Պողոսյանի գործով՝ ՀՔԾ-ն, չեն փորձել դիմել «Հետքի» խմբագրությանը՝ պահանջելով հրապարակման մեջ տեղ գտած տեղեկությունների հիմքերը:

Խաչատրյանները նույնպես չեն դիմել «Հետքին»՝ հերքման ակնկալիքով: «Հետքի» հետ հարցազրույցում Գուրգեն Խաչատրյանը հաստատել է, որ հրապարակված տեղեկատվությունը համացանցում հասանելի է և այն նոր տեղեկություններ չի պարունակում, իսկ հոդվածում նշված գործարքներն իրենց բիզնես գործունեության ընդհամենը մի մասն են: Հարցին՝ որտեղի՞ց առաջին գործարքի, մեղմ ասած, ոչ փոքր գումարը, Գուրգեն Խաչատրյանը խուսանավել է՝ պատասխանելով, որ «այդ գործարքները իմ, եղբորս և մեր գործընկերների տնտեսական գործունեության բաղկացուցիչ մասն է»: Ըստ նրա՝ «այդ գործարքների հիմքում եղել են բիզնես խնայողություններ, փոխառություններ և վարկային միջոցներ»: Ուշագրավ է Գուրգեն Խաչատրյանի հետևյալ մեկնաբանությունը.  «․․․յուրաքանչյուր ոք գիտի, որ Միացյալ Նահանգներում նմանատիպ գործարքների ողջ ընթացքը մանրակրկիտ ուսումնասիրվում է համապատասխան մարմինների կողմից և կարող է իրականացվել միայն օրենքի տառին համապատասխանության դեպքում»:

Գուրգեն Խաչատրյանը չցանկացավ «Հետքի» ընթերցողներին տալ իրենց բիզնես հաջողության գաղտնիքները՝ մեզ բոլորիս թողնելով ենթադրությունների մեջ, թե ինչ միջոցներով է ԱՄՆ-ում օրինակելի (ինչը ԱԱԾ-ն կամ մեկ այլ իրավապահ մարմին նույնիսկ չփորձեց պարզել՝ իրավական փոխօգնության դիմելով) բիզնես գործունեություն ծավալող 33-ամյա Գուրգեն Խաչատրյանին և նրա եղբորը՝ 30-ամյա Արտյոմ Խաչատրյանին հաջողվել կուտակել մեծածավալ միջոցներ։

Գագիկ Խաչատրյանը 2016թ. հուլիսի 6-ին Ազատություն ռադիոկայանի հարցին, թե արդյոք վերջինս «աջակցել է իր որդիներին բիզնեսի հարցում կամ օգնել է ձեռք բերել նշված գույքը», պատասխանել է. «Յուրաքանչյուր անձ պարտավոր է հարգել ուրիշի անձնական կյանքը և ձեռնպահ մնալ խնդրո առարկային վերաբերող տեղեկատվության հրապարակայնացումից, անգամ եթե դա վերաբերում է իր զավակներին»:

ՊԵԿ-ի նախկին ղեկավարը, փաստորեն, անտեսել է այն հանգամանքը, որ նա ոչ թե «յուրաքանչյուր անձ» է, այլ «պետական պաշտոնյա», որը տարիներ շարունակ զբաղեցրել է հանրային խոշոր միջոցներին հասանելիություն ունեցող բարձր պաշտոններ և տիրապետել մեծ ազդեցություն ունեցող լծակների: 

Միլիոնավոր դոլարների հայտրարագրեր ներկայացնող ամենահարուստ նախկին պաշտոնյան «գիտի՝ ինչ է հայտարարագրել», և նրա ունեցվածքի վերաբերյալ մամուլում պարբերաբար հայտնվող լուրերն ու տեղեկությունները ոչ միայն չեն մտահոգում իրեն, այլև չեն հայտնվում իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում:

Եվ ինչո՞ւ պետք է հանրությունն իր «քիթը խոթի» պաշտոնյայի ամուսնացած և հավանաբար ծնողների հետ չբնակվող զավակների ունեցվածքի մեջ, չէ՞ որ նրանք, ՀՀ օրենսդրության համաձայն, նրա հետ փոխկապակցված անձ չեն համարվում: «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` հայտարարագիր են ներկայացնում պաշտոնյայի «ամուսինը, նրա հետ համատեղ ապրող ծնողը, ինչպես նաեւ համատեղ ապրող չափահաս եւ չամուսնացած զավակը»), իսկ սա նշանակում է, որ այս դրույթի շրջանակներից դուրս այլ անձանց (ամուսնացած, թեկուզ համատեղ բնակվող զավակները) կարողությունն այս տիրույթում չի կարող դառնալ իրավապահ մարմինների կողմից քննության առարկա:

Օրենսդրական հենց այս դրույթն էլ, թերևս, ՀՀ գլխավոր դատախազության համար հիմք էր հանդիսացել գործի քննությունը ոչ թե Հատուկ քննչական ծառայությանը հանձնելու, այլ՝ ԱԱԾ-ին, իսկ վերջինիս համար՝ հարցն ուղղակի քրեաիրավական հարթակ չտեղափոխելու համար:  Սակայն սա ընդհամենը մեր ենթադրություններն են. թե ինչ էր ընկած ԱԱԾ-ի որոշման հիմքում, մենք դեռևս չգիտենք, քանի որ ո՛չ ՀՀ գլխավոր դատախազությունը և ո՛չ էլ ԱԱԾ-ն անհրաժեշտ չհամարեցին հանրության առջև լինել հաշվետու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter