HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Հայ երիտասարդների միություն

սկիզբը

Վարդան Լյուդվիկի Հարությունյանը ծնվել է 1961 թ., Վայքի շրջանի Սերս գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո` ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Երեւան: Ծանոթացել  է Մարզպետ Հարությունյանի հետ եւ անդամագրվել նրա ստեղծած «Հայ երիտասարդների միությանը»: Մինչ այդ անդամակցել է «Հայ ազգային միությանը»:

Գրել է հայրենասիրական ու հակասովետական բնույթի բանաստեղծություններ: Կարճ ժամանակ անց` 1979 թ. նոյեմբերին զորակոչվել է բանակ եւ առնչություններ չի ունեցել կազմակերպության ծավալած գործունեությանը: Չնայած այն հանգամանքին, որ Հարությունյանը Հայաստանում չի գտնվել եւ, փաստորեն, չի մասնակցել կազմակերպության ծավալած գործունեությանը, ՊԱԿ-ը որոշում է նրան նույնպես ներգրավել որպես մեղադրյալ: Պետանվտանգության կոմիտեի համար նման որոշման հիմք է հանդիսանում նախաքննության հենց սկզբից Հարությունյանի ցուցաբերած վարքագիծը: Նա ոչ միայն չէր ժխտում իր մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին, այլեւ չէր թաքցնում ու հայտարարում էր իր ունեցած հակասովետական հայացքների մասին: Որպեսզի նրա մոտից առգրավված սեփական բանաստեղծություններից բացի` այլ մեղադրանք էլ ներկայացնեն ու գոնե ձեւականորեն հիմնավորեն նրան երկարատեւ ազատազրկման դատապարտելու հանգամանքը, արձանագրում են, թե իբր` նա կարդացել է Ալեքսանդր Մանուչարյանի հեղինակած ինքնահրատ գրքույկները եւ դրանք կարդալու համար փոխանցել այլոց` այն դեպքում, երբ ՀԵՄ-ի կողմից Մանուչարյանի գրքույկների տարածման  ժամանակ Հարությունյանն ընդհանրապես Հայաստանում չի եղել եւ դրանք կարդալ կամ այլոց փոխանցել չէր կարող:

Վարդան Հարությունյանը կալանավորվել է 1980 թ. հունիսին: Մեղադրվել է 65 հոդվածի 1-ին մասով (հակասովետական ագիտացիա եւ պրոպագանդա) եւ 67 հոդվածով (առանձնապես վտանգավոր պետական հանցագործությունների կատարմանն ուղղված կազմակերպական գործունեությունը, ինչպես նաեւ հակասովետական կազմակերպությանը մասնակցելը):

Դատապարտվել է հինգ տարի ազատազրկման եւ երեք տարի աքսորի: Ազատազրկումը կրել է Պերմի մարզի քաղբանտարկյալների համար նախատեսված կալանավայրերում, իսկ աքսորը` Մագադանի մարզում` Կոլիմայում: Գորբաչովյան պերեստրոյկայի ժամանակ արված բոլոր առաջարկները` դիմել խորհրդային իշխանություններին ու վաղաժամ ազատ արձակվել` մերժել է: Դրա փոխարեն հանդես է եկել «Ինչու՞ ես ներման խնդրագիր չեմ գրում» նամակով, որը 1987 թ. հրապարակվել է Մոսկվայում ինքնահրատ եղանակով հրապարակվող «Гластность» հանդեսում եւ արեւմտյան լրատվամիջոցներում ու ժամանակին լայն արձագանք է գտել: Ազատ է արձակվել ողջ պատժաչափը կրելուց հետո` 1988-ին: Ակտիվորեն մասնակցել է Համազգային շարժմանը: Հայ-ադրբեջանական հակամարտության առաջին փուլում մասնակցել է հայ- ադրբեջանական հասարակական երկխոսության ձեւավորմանը: Ապրում է Երեւանում, զբաղվում է իրավապաշտպանությամբ ու հրապարակախոսությամբ:

Վարդան Հարությունյանի նամակն աքսորավայրից

Հրապարակվել է 1987 թ., Մոսկվայում հրատարակվող «Гластность» հանդեսում:

Ինչու՞ ես ներում չեմ գրում

1987 թ. գարնանը (մարտին) ինձ մոտ եկան Մագադանի մարզի Սուսումանի շրջանի ՊԱԿ-ի աշխատակիցները: Առաջարկեցին գրել նամակ-խոստում այն մասին, որ ապագայում կապրեմ խորհրդային օրենքներին համապատասխան` չխախտելով դրանք, եւ ազատություն ստանալ: Ես հրաժարվեցի: Երկու օր անց ինձ մոտ եկան երկուսը եւ, ներկայանալով որպես մարզային դատախազության աշխատակիցներ, առաջարկեցին նույն բանը. երկար համոզում էին, ասում էին, որ ձեւակերպումները կարեւոր չեն, որ հետո ընդհանրապես ինձանից դատվածությունը կհանեն, բայց ես կրկին հրաժարվեցի: Սրանից հետո ՊԱԿ-ի աշխատակիցները եւս մեկ նման առաջարկ արեցին: Հերթական անգամ մերժում ստանալով, ընդհանրապես դադարեցին այդ մասին խոսել, փոխարենը սկսվեցին գժտություններ աշխատանքի վայրում. վեճ ու կռիվ սադրեցին, չէին վճարում աշխատանքիս դիմաց: Ստիպված եղա տեղափոխվել այլ աշխատանքի:

Ինչու՞ ես հրաժարվեցի գրել: Որովհետեւ իմ քաղաքական համոզմունքները հակախորհրդային են եւ, բնականաբար, շարունակելով ապրել ԽՍՀՄ-ում` ես չեմ կարող լռել եւ ենթարկվել խորհրդային բոլոր օրենքներին, չընդունելով դրանցից շատերը: Քանի դեռ ապրում եմ ԽՍՀՄ-ում, ես կունենամ հակասություններ իշխանությունների եւ օրենքների հետ: Խոստանալ լռել` ես չեմ կարող, իսկ տալ սուտ խոստում եւ ազատություն ստանալուց հետո շարունակել պայքարը` համարում եմ անպատվաբեր գործ:

Վերակառուցումը եւ հրապարակայնությունը համարում եմ անօգուտ եւ սուտ քաղաքական խաղ: Իմ նպատակների մեջ չի մտնում կոմունիստական հասարակության վերակառուցումը: Ես գտնում եմ, որ կոմունիստական հասարակարգը պետք է ոչ թե վերակառուցել, այլ վերածել ազատ, ժողովրդավարական հասարակության, եւ պետք չէ «մտցնել» հրապարակայնություն, այլ տալ կամ ավելի ճիշտ` հասնել ազատության: Հասնել երկրի քաղաքական կյանքի ժողովրդավարացման, որպեսզի երկրում` կոմունիստական կուսակցության հետ միասին, բոլորովին ազատ գոյություն ունենան այլ կուսակցություններ ու կազմակերպություններ եւս:

Քանի դեռ Խորհրդային Միությունում գոյություն ունի մեկ կուսակցություն` կոմունիստների կուսակցությունը, խոսել ազատության, անգամ հրապարակայնության մասին` վաղ է: Կոմունիզմը չի ընդունում այլակարծություն եւ ցանկացած միջոցներով ճնշել է ու ճնշելու է ազատ միտքը: Պետք չէ մոռանալ, որ այսօր էլ քրեական օրենսգրքում գոյություն ունի 70 հոդվածը, իսկ Սահմանադրության մեջ` 47, 50, 51 հոդվածները, որոնք ազատություն են երաշխավորում միայն սոցիալիզմի եւ կոմունիզմի ամրապնդման  նպատակ հետապնդողներին: Այլ նպատակներ ունեցող մարդը Խորհրդային Միությունում ինքնաբերաբար դառնում է օրինախախտ եւ կարող է բանտում հայտնվել:

Այն, որ բոլոր այս եւ մյուս օրենքները մնում են ուժի մեջ, հաստատեց Գորբաչովը: Ֆրանսիական հասարակության հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ երկրում ամեն ինչ արվում է սոցիալիզմի եւ սոցիալիստական ժողովրդավարության ամրապնդման  համար, իսկ թե ինչ է նշանակում «սոցիալիստական ժողովրդավարություն»` աշխարհն արդեն գիտի: Նրա խոսքով` ԽՍՀՄ-ում «պայքար է մղվում» նրանց դեմ, «ում սոցիալիզմը դուր չի գալիս»:

Չկա եւ չի կարող խոսք լինել ԽՍՀՄ-ում ազատության մասին, քանի դեռ գոյություն ունեն վերը թվարկված հոդվածները եւ Գորբաչովի խոսքերը: Ես չեմ կարող ապրել ԽՍՀՄ-ում` չխախտելով խորհրդային օրենքները:

Պատմում է Վարդան Հարությունյանը

Ես ծնվել ու մեծացել եմ փոքրիկ ու հեռավոր մի լեռնային գյուղում, որտեղ մայրաքաղաքային կրքեր չեն եղել: Երեւի թե ամեն ինչի սկիզբն ու պատճառը ծնողներիս, հատկապես մորս ընթերցասիրությունն էր: Աշխատանքից հետո` երեկոները երեխաներով վառարանի շուրջը նստած` լսում էինք մորս ընթերցանությունը: Հետո, երբ արդեն մեծ էի` ինքս էի կարդում: Ինչ ձեռքս կընկներ: 20-րդ դարի 60-ականների հալոցքը, 1965 թվականի ցույցը, 1966-ի ձերբակալությունները մեր գյուղի ու ինձ համար իրադարձություններ չեն եղել: Ինձ համար, որովհետեւ ես փոքր եմ եղել` ընդամենը 4-5 տարեկան, մեր գյուղի համար, որովհետեւ դրանց մասին լուրերը երեւի մեր գյուղ չեն էլ հասել, կամ` եթե անգամ հասել են, ապա` որպես մեր գյուղին ու մեզ չառնչվող հետաքրքիր պատմություններ:

Վաղ պատանեկությունից եմ սկսել մտածել, թե ինչու Հայաստանն անկախ պետություն չէ: Հետագայում, շատ ավելի ուշ ինձ նույնպես հետաքրքրել է, թե որտեղից ինձ այդ միտքն, ու պատասխանը չեմ գտել: Լավ չեմ հիշում 8-րդ, թե 9-րդ դասարանի պատմության դասագրքում պատմվում էր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին: Դասերից մեկում նկարագրվում էր խորհրդային բանակի շարժը, եւ բանակն անվանվում էր ոչ թե խորհրդային, այլ` ռուսական: Ասենք` ռուսական բանակն անցավ հարձակման, ռուսները հետ քաշվեցին եւ նման այլ ձեւակերպումներ: Երեկոյան տանը` դասը սովորելիս այս տողերը գրավեցին ուշադրությունս: Հաջորդ օրը պատմության ուսուցչուհուն հարցրեցի, թե ինչու է այդպես գրված դասագրքում, չէ՞ որ բանակը միայն ռուսական չէր, այնտեղ խորհրդային բոլոր ժողովուրդներն էլ մասնակցում էին: Նա համաձայնեց, որ դասագրքում ձեւակերպումն այնքան էլ ճիշտ չէ, ասաց, որ ճիշտ կլիներ, եթե գրվեր խորհրդային բանակ, բայց նաեւ բացատրեց, որ այդպես են գրել` նկատի ունենալով, որ պատերազմի ծանրության հիմնական բեռն ընկած է եղել Ռուսաստանի եւ ռուսների ուսերին: Բացատրությունը չգոհացրեց ինձ: Իմ երկու պապերն էլ կռվել էին այդ բանակի շարքերում: Մեկը վիրավորվել ու վերադարձել էր, իսկ մյուսն անհետ կորել էր: Այսինքն` իմ ընտանիքի վրա պատերազմի բեռն ընկել էր իր ողջ ծանրությամբ, ռուսներից ոչ պակաս, բայց դասագրքի այդ մի տողը ջնջում էր իմ ընտանիքի ողջ ներդրումը: Վիրավորական  էր: Այդ ժամանակ, հիշում եմ, միտք ծագեց, որ չէր արհամարհվի հայերի մասնակցությունը պատերազմին, եթե Հայաստանը որպես առանձին պետություն մասնակցեր դրան, այլ ոչ` որպես ռուսական բանակի մեջ տարրալուծված միավոր, որին կարելի է եւ չնկատել: Այս փոքրիկ դրվագը տպավորվել է:

Հաջորդ հանգամանքը, որ երեւի ազդել է վրաս` «Ամերիկայի ձայնն» էր, որ հաճախ լսում էր տատս` մորս մայրը: Նրա ամուսնուն` պապիս 1937-ին կալանավորել ու, որպես ժողովրդի թշնամի, ութ տարի ազատազրկման էին դատապարտել: Գորկու մարզի կալանավայրից նա կամավոր մեկնել էր ռազմաճակատ` հույսով, որ պատերազմը շուտ կավարտվի, ինքն էլ կարդարացվի ու ընտանիք կվերադառնա: 1944-ին անհետ կորել է: Երեկոները հեռուստացույցով խորհրդային լրատվությունը դիտելիս, տատս` արդեն նյութին տեղյակ մարդու տոնով հայտարարում էր` սուտ են ասում թաղվածները: Նա խորհրդային լրատվությունը համեմատում էր նույն թեմային վերաբերող «Ամերիկայի ձայնի» լրատվության հետ եւ, բնական է, վստահում էր ամերիկյանին ու չէր թաքցնում սովետների նկատմամբ իր հակակրանքը:

Գիտեի, թեկուզ նույն ռադիոձայներից, որ մայրաքաղաքում ընդհատակյա գործող խմբեր կան: Վայքի դպրոցն ավարտելուց հետո, ուսումս շարունակելու նպատակով Երեւան եկա ու միաժամանակ նման խմբակ գտնելու հույս էի փայփայում: Ժամանակ անց ծանոթացա Բրյուսովի անվան ինստիտուտի արդեն բարձր կուրսի ուսանող Մելքոնյան Սմբատի հետ: Սմբատը «Հայ ազգային միություն» գաղտնի գործող կազմակերպության ղեկավարն էր: Կազմակերպության ծրագիրն իր մեջ ներառում էր հայոց լեզվի մաքրության, հայկական կորցրած տարածքները Խորհրդային Հայաստանին վերադարձնելու, ապագայում անկախ Հայաստան ստեղծելու հարցերը: Օրվա վիճակի մասին, խորհրդային կարգերի ու բարքերի մասին ոչինչ չկար: Սա ինձ քիչ էր թվում, եւ ես, Սմբատենց հետ հանդիպելուն զուգահեռ, ավելի լուրջ բան էի փնտրում: Այդ շրջանի իմ նոր ծանոթներից մեկը` Արսեն Ղազարյանը, որը հետո` 1980-ին դատապարտվեց,  իմանալով իմ պրպտումների մասին, ինձ ծանոթացրեց Ազգային միացյալ կուսակցության անդամներից Մարզպետ Հարությունյանի հետ: Դա 1979 թվականն էր: Ինձ համար ամեն ինչի սկիզբ համարում եմ այդ ծանոթությունը: Մարզպետ Հարությունյանը ԱՄԿ անդամ էր 1967 թվականից: 1969-ին նա կալանավորվել էր, սակայն ՊԱԿ-ը որոշել էր` կալանավայր ուղարկելու փոխարեն, հոգեբուժարան տանել նրան: Մարզպետն ասում էր, որ հոգեբուժարանում անցկացրած մեկ ամիսը կարելի է համեմատել կալանավայրի երեք ամսվա հետ: Հետագայում շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք իրենց կյանքի մի հատվածը, Պետանվտանգության կոմիտեի որոշմամբ, անցկացրել են հոգեբուժարաններում: Երբ նրանց պատմում էի Մարզպետի պատմությունները, տխուր ժպտում էին: Պարզվում է` Հայաստանի հոգեբուժարանները դրախտ կարելի է համարել ռուսաստանյան հատուկ հոգեբուժարանների համեմատ:

Ծանոթանալուց եւ որոշ ժամանակ շփվելուց հետո Մարզպետն ասաց ինձ, որ գոյություն ունի «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ), որը Ազգային միացյալ կուսակցության  երիտասարդական կառույցներից է, պատմեց ԱՄԿ-ի եւ ԱՄԿ-ականների մասին: Ծանոթացա ՀԵՄ-ի ծրագրին ու կանոնադրությանը եւ հասկացա, որ սա ճիշտ այն է, ինչ փնտրում եմ: Չի կարելի ասել, թե այդ փուլում արդեն հստակ ձեւավորված անկախական էի, բայց ոգեւորությամբ ընդունեցի անկախության համար պայքարի գաղափարը: Ծրագրի մեխը հենց սա էր: Անտեսված չէին նաեւ տարածքային հարցերը, բայց անկախությունը, նաեւ հակասովետիզմը, որ ընդգծված էր ՀԵՄ-ի ծրագրում` ոգեւորում էին: Այդ շրջանում հակասովետիզմը դարձել էր իմ էությունը, որը երիտասարդական եռանդով հասցրել էի ծայրահեղության: Անգամ բանաստեղծություններ էի գրել Հիտլերի ու Մուսոլինիի մասին` փառաբանելով նրանց, որ պատերազմել են սովետների դեմ: Այս դրվագը հետագայում հատուկ ընդգծվել է ե՛ւ մեղադրական եզրակացության, ե՛ւ դատավճռի ինձ վերաբերող հատվածներում: Պատմեցի Մարզպետին Սմբատենց մասին: Հանդիպում կազմակերպեցի: Սմբատենք ոչ մի կերպ չէին ընդունում հակակոմունիզմը, իսկ անկախության պահանջը համարում էին վաղ: Ասում էին` պետք է սկզբում ԽՍՀՄ շրջանակներում լուծել տարածքային խնդիրները, հետո անկախության հարց դնել, իսկ ՀԵՄ-ի ներկայացուցիչները` Մարզպետն ու Իշխան Մկրտչյանը, պնդում էին, թե քանի դեռ անկախ չենք, ոչ մի հարց էլ մեր օգտին չի լուծվելու, մեր տարածքները կորցրել ենք ԽՍՀՄ-ի մեղքով, ու անիմաստ է այդ հարցով նույն ԽՍՀՄ-ի հետ հույսեր կապել: Որոշվեց ժամանակ առ ժամանակ հանդիպել, բայց միավորման մասին խոսք լինել չէր կարող:

Իշխանն էլ էր Մարզպետի հետ ծանոթացել Ղազարյան Արսենի միջոցով: Իշխանի իսկական անունը Կնյազ էր: Ծանոթացնելիս Արսենը նրան Իշխան անունով էր ներկայացրել, ու նա մեզ համար դարձավ ու մնաց Իշխան: Իշխանը նվիրյալ էր` բառիս ամենաիսկական  իմաստով: Քաջ, համարձակ, զոհողության պատրաստ: Մեջը պաթետիկ, անգամ գրքային ինչ-որ բան կար, միաժամանակ ամաչկոտ էր ու չափազանց ազնիվ: Հետագայում` 1985 թ. ապրիլի 24-ին, Պերմի կալանավայրի պատժիչ մեկուսարանի մենախցում անհայտ հանգամանքներում զոհվեց:  ՀԵՄ-ի հաջորդ անդամը Սամվել Եղիազարյանն էր: Հայրենասեր ու գործին նվիրված երիտասարդ էր: Զարմանալ կարելի էր նրա նվիրվածության վրա: Մարքսիզմ-լենինիզմի տեսության մասին հոդվածներ էր գրում, ինչպես ինքն էր ասում` դրա հակամարդկային ու ապազգային էությունն ի ցույց դնելու նպատակով: Հաջորդ` հինգերորդ անդամը, նկարիչ Հովհաննես Աղաբաբյանն էր: Խմբում էլի անդամներ կային` Գեւորգ Սարգսյանը, Աշոտ Մուսախանյանը, Վաչագան Հայրապետյանը: ՀԵՄ-ը նաեւ մասնաճյուղեր ուներ: Մի մասնաճյուղն Արթիկի շրջանում կազմակերպել էր Իշխանը, որը հետագայում` մեկի տված ցուցմունքների պատճառով բացահայտվեց: Անդամներն էին Սողոմոն Պողոսյանը (ղեկավար), Ռուսլան Զատիկյանը, Հրաչյա Թորոսյանը եւ Ռոմիկ Մանուկյանը: Ռոմիկը հետագայում Շիրակի մարզպետ ու ԱԺ պատգամավոր դարձավ:

ՊԱԿ-ի գերխնդիրը, դատելուց բացի, մեր կամքը ջարդելն էր: Այս գործում, որպես իրենց դաշնակից` նրանք, երբ կարողանում էին, վերցնում էին մեր ծնողներին: Գոնե իմ դեպքում այդպես է եղել: Ինչու՞ պետք է որդիդ դատվի, նա խելոք, խոստումնալից երիտասարդ է, օգնեք մեզ` այնպես անենք, որ չդատվի, որ նրա կյանքը չխորտակվի: Եվ խորամանկությունը չհասկանալով ծնողները թակարդն էին ընկնում ու հանձն էին առնում չեկիստների օգնականի դերը: Կոնկրետ իմ դեպքում ծնողներս մինչեւ դատավարության ավարտը եղել են նրանց աջակիցներն ու աշխատել են իմ դեմ: Չեկիստների գերխնդիրը, որ փորձում էին լուծել ծնողներիս միջոցով` այն էր, որ ստիպեն ինձ հայտարարել, թե զղջում եմ արածներիս համար ու խոստանում եմ հետագայում նման գործունեություն չծավալել: Նրանք հորս վստահեցրել էին, որ այդ դեպքում դատարանն իմ նկատմամբ մեղմ կվարվի կամ ընդհանրապես ազատ կարձակի:

Դատավարության ժամանակ ծնողներս դահլիճում էին: Երբ ի պատասխան դատավորի հարցի` հայտարարեցի, որ ինձ մեղավոր չեմ ճանաչում ու չեմ զղջում, մի աներեւակայելի իրարանցում սկսվեց: Բարձր գոռալով ծնողներս պահանջում էին, որ խոսքերս հետ վերցնեմ, իսկ դատավորը չէր էլ պահանջում չխանգարել դատը: Մայրս լաց էր լինում, հայրս` պահանջում: Սցենարը լավ մշակված էր: Ըստ հաշվարկների` ես չպետք է դիմանայի այդ ճնշմանը: Դատական նիստի ընդմիջումներին հորս բերում էին ինձ մոտ, եւ նա ինձանից պահանջում էր հայտարարել, որ սխալվել եմ: Այդ հանդիպումներն աներեւակայելի ծանր փորձություններ էին ինձ համար: Ես նոր 20 տարեկան էի, շատ էի սիրում ու հարգում հորս, բայց մյուս կողմից չէի կարող կատարել նրա պահանջը: Նա մեկ պահանջում, մեկ` աղաչում էր: Խնդրում էր` իրեն չմերժեմ, հիվանդ մորս խղճամ: Դատը մի 10 օր տեւեց, եւ այս ամենը կրկնվում ու կրկնվում էր: Ծանր ապրումների մեջ էի: Բանտախցում ամբողջ գիշերներ չէի քնում: Վերջապես դատն ավարտվեց: Հաջորդ օրը պետք է հրապարակվեր դատավճիռը: Վերջ, մտածեցի ու թեթեւացած շունչ քաշեցի: Բայց դատավճռի օրը` դատարան տանելուց մի երկու ժամ առաջ ինձ անսպասելի տարան մեկուսարանի պետի աշխատասենյակ: Այնտեղ էին մեկուսարանի պետը, մեր գործով երկու քննիչ եւ ինչքան էլ զարմանալի է` հայրս: Նա կրկին, այս անգամ արդեն առանց ձայնը բարձրացնելու, խեղճացած ու արցունքն աչքերին խնդրում էր ինձ գրել, որ սխալս հասկացել եմ, գրել ու թուղթը տալ իրեն: Ես վրդովված էի: Հորս ասացի, որ իրեն օգտագործում են իմ դեմ, խաբում են իրեն, արդեն որոշված է, եւ ինձ դատապարտելու են, դատն արդեն ավարտվել է, պետք է վերջակետ դնել: Հայրս հուզված էր, ձեռքերը դողում էին: Կրակին անընդհատ յուղ էին ավելացնում ներկա չեկիստները: Նրա հուզմունքը փոխանցվել էր ինձ: Շատ վատ էի զգում: Քննիչներից մեկը՝ Ժորա Վարդանյանը, որը հետո անկախ Հայաստանում դատավոր ու դատարանի նախագահ դարձավ, ասաց` ոչինչ, որ դատն ավարտվել է, հայրդ դատից հետո ուզում է դիմել, որ գործը վերանայեն, այդ ժամանակ էլ նա իր, ոչ թե քո անունից կարող է օգտագործել այդ գրությունը, դու թուղթը հորդ ես տալիս, ոչ թե դատավորին: Այդ ծանր ապրումներից ու նվաստացումից հորս ազատելու համար եւ վստահ, որ դատավճիռն արդեն պատրաստ է, ու ինչ էլ գրեմ` մնալու է հորս գրպանում, արագ գրեցի` սխալս հասկացել եմ, կատարածի համար զղջում եմ, ստորագրեցի ու տվեցի  հորս: Երբ մեզ բերեցին դատարան, ես այս ամենը պատմեցի ընկերներիս: Մարզպետը նույնպես ասաց, որ դատն արդեն ավարտվել է, եւ գրածիս կապակցությամբ մտահոգվելն իմաստ չունի: Որքան մեծ եղավ բոլորիս զարմանքը, երբ դատավորը, դատավճիռը հրապարակելիս` ամենավերջում ընթերցեց. «Դատական  նիստի վերջին օրը ամբաստանյալ Վարդան Հարությունյանը գրավոր դիմում ներկայացրեց եւ հայտարարեց, որ իր սխալը հասկացել է եւ կատարածի համար զղջում է»: Այդպես էլ այս մեկ նախադասությունը, որ մեկուսարանի պետի աշխատասենյակում ոտքի վրա գրել էի հորս համար, չեկիստները փոխանցել էին դատավորին, եւ դա` առանց փոփոխության արձանագրվեց որպես մեր դատավճռի վերջին տող` հենց այնպես, համատեքստից  կտրված ու անկապ: Նույն դատավճռում հստակ ու ճիշտ իր տեղում արձանագրված է. «Ամբաստանյալներ Վարդան Հարությունյանը եւ Սամվել Եղիազարյանը նույնպես ընդունեցին, որ ունեցել են եւ այժմ էլ ունեն հակասովետական ազգայնական  հայացքներ: …պնդեցին, որ իրենց գործունեությունը, որի նպատակն է հայկական հանրապետությունը ՍՍՀՄ-ի կազմից դուրս բերել, հայկական հողերը միավորել եւ դաշնակցության կուսակցության ղեկավարությամբ «անկախ Հայաստան» ինքնուրույն պետություն ստեղծել` իրավացի է, եւ այդ պատճառով իրենց մեղավոր չեն ճանաչում եւ կատարածի համար չեն զղջում, համոզմունքները փոխելու մտադրություն չունեն»: Մեր պատժաչափերը մինչեւ դատական նիստն արդեն որոշված էր: Ինձ տվեցին այնքան, որքան պետք է տային` հինգ տարի ազատազրկում եւ երեք տարի աքսոր: Շրջվեցի ու նայեցի հորս, կանգնած էր լուռ ու թեւաթափ: Նրան վստահեցրել էին, որ այդ երկու բառից հետո, եթե անգամ ազատ չարձակեն ինձ, ապա չնչին պատժաչափ են տալու: Հետո, երբ դատից մի քանի օր անց Երեւանի բանտում տեսակցության եկավ` խաղաղված էր: Ես նրան այս թեմայով ոչինչ չասացի: Զրույցի ավելի կարեւոր թեմաներ ունեինք: Դա մեր վերջին հանդիպումն էր: Էլ հորս երբեք չտեսա: Նա մահացավ մինչեւ իմ ազատ արձակվելը` 1986 թվականին, 49 տարեկանում, երբ ես արդեն աքսորավայրում էի: Հորս մահվան մասին ինձ շատ ուշ են տեղեկացրել: Հարազատներս դիմել են ՊԱԿ` խնդրելով թույլ տալ, որ գամ ու մասնակցեմ հուղարկավորությանը, բայց մերժում են ստացել:

Մեզանից առաջ եւ հետո դատապարտվածների հիմնական մասը դատավարությունների ժամանակ հայտարարում էր, որ իրենք հակասովետական գործունեություն չեն ծավալել, ԽՍՀՄ-ը քայքայելու նպատակ չեն ունեցել, եւ որ Հայաստանի անկախության հնարավորությունը նախատեսված է ԽՍՀՄ սահմանադրությամբ, ու իրենց գործողությունները տեղավորվում են ԽՍՀՄ օրենքների շրջանակներում: Մենք` հակառակը, հայտարարում էինք, որ համոզված հակասովետականներ ենք, մեր նպատակը ԽՍՀՄ- ը քայքայելն է, որ ապագա անկախ Հայաստանում կոմունիստական կուսակցությունը` որպես հանցագործ կառույց հայտարարվելու է օրենքից դուրս: Դատական նիստերից մեկի ժամանակ Մարզպետ Հարությունյանը հայտարարեց, որ մենք Ազգային միացյալ կուսակցության երիտասարդական կառույց ենք, եւ ինչպես մեզանից առաջ դատապարտված ԱՄԿ-ականները` պայքարել ու պայքարելու ենք, քանի դեռ Հայաստանը անկախ չէ: Դատարանի դահլիճում, դատական նիստերին զուգահեռ, գումարում էինք մեր կազմակերպության ժողովներն ու տեղում հայտարարում մեր ընդունած որոշումների մասին: Այդ օրերին ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ, որը հետո պետք է Խորհրդային Միությունը «չարի կայսրություն» հռչակեր, մահափորձ էր իրականացվել, եւ նա հիվանդանոցում էր գտնվում: Մարզպետի առաջարկով ես նախորդ օրը մեկուսարանում` Ամերիկայի ժողովրդին ուղղված ցավակցական հեռագրի տեքստ էի գրել եւ այդ տեքստը, որտեղ հույս էինք հայտնում, որ Ռեյգանը շուտով կապաքինվի ու մեզ հետ միասին կշարունակի իր պայքարը չարի կայսրության դեմ, դատարանում  հրապարակեցինք: Հեռագրի տեքստը ընթերցեց Սամվել Եղիազարյանը եւ փոխանցեց դատավորին՝ գործին կցելու համար: Մեր դատավարությանը եւ մեր այս հեռագրին ժամանակին մանրամասն անդրադարձել էր ինքնահրատ եղանակով Մոսկվայում հրապարակվող «Ընթացիկ իրադարձությունների խրոնիկան»: Ընդարձակ հրապարակումներ են եղել նաեւ արեւմտյան մամուլում:

Մեր քրեական գործում ինձ առնչվող` զենք ձեռք բերելու մասին մի անհեթեթ դրվագ կար: Նրանք արհեստականորեն դա գործի մեջ էին ներմուծել փոստային ծառայությունից զարտուղի ճանապարհով խլված` Մարզպետին հասցեագրված իմ մի նամակից:

Ամիսներ շարունակ չարչարվում էին, որ ասեմ նամակում հիշատակված մարդու անունը, որն, իբր, ինձ հանձնարարել է զենք հայթայթել, իսկ հետո ասել է` պետք չէ: Բայց այդպես էլ նա մնաց որպես «գործով չպարզված անձնավորություն»: Զենքի այս դրվագը նրանք ցանկանում էին կապել ցուցմունքներից մեկում իմ արած հայտարարությանը,  թե մեր կազմակերպությունը խաղաղ ճանապարհով կպայքարի անկախության համար այնքան ժամանակ, քանի դեռ զինվելու խնդիրը չի լուծել, իսկ զինվելուց հետո անցնելու ենք ռազմական պայքարի: Մեր կազմակերպության խիստ գաղտնի համարվող մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ցուցակները, ծրագիրը, կանոնադրությունը, կապերը,  այդպես էլ մնացին թաքստոցում: Չնայած թափած հսկայական ջանքերին, քննությունը դրանց տեղը պարզել չկարողացավ, եւ ստիպված էին արձանագրել, որ «նշված փաստաթղթերը քննության ընթացքում չեն հայտնաբերվել եւ քր. գործին չեն կցվել»: Մենք կարողացանք այնպես անել, որ մեր խմբի բացահայտված մյուս անդամները մնացին ընդամենը վկայի կարգավիճակում:

Եթե մեր գործը փորձենք համեմատել մեզանից առաջ եւ հետո եղած քաղաքական գործերի հետ, ապա կտեսնենք, որ մենք աչքի ընկնող լուրջ գործունեություն չենք ծավալել, ինչը պարզ երեւում է նաեւ դատավճռից: Բայց պատժաչափերն անհամեմատ խիստ են: Մեր խմբի նկատմամբ ՊԱԿ-ի վերաբերմունքն ընդգծված խիստ էր: Դա նաեւ մեր ցուցաբերած կեցվածքի արդյունք կարող էր լինել: Մի հետաքրքիր հանգամանք եւս` որպես կանոն քաղաքական գործերով հրապարակված բոլոր դատավճիռների վերջում էլ գրված էր լինում, որ դատավճիռը վերջնական է եւ բողոքարկման ու գանգատարկման ենթակա չէ: Մեր դեպքում ընդհակառակը` գրվել էր, որ դատավճիռը կարող է բողոքարկվել հսկողական կարգով: Սա նման հնարավորություն ընձեռող միակ դատավճիռն է: Ազատ արձակվելուց հետո իմացա, որ հայրս տարիներ շարունակ փորձել է բողոքարկել այն, բայց, բնականաբար, անարդյունք:

Շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter