HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Ովքեր են բարեկարգում Ստեփանակերտը

«Հետքը» ներկայացնում է վերջին 6.5 տարում (2014-2020 թթ.) Ստեփանակերտի փողոցները և բազմաբնակարան շենքերի բակերը բարեկարգած շինարարական ընկերությունները: Այդ ընկերությունների որոշ բաժնետերեր նախկին և ներկա պաշտոնյաներ են:

«Քարավան» ՍՊԸ

Համաձայն Քաղաքաշինության նախարարության ներկայացրած տվյալների` վերջին 6.5 տարում ամենամեծ ծավալի աշխատանքներն իրականացրել է «Քարավան» ՍՊԸ-ն: Այդ աշխատանքներն արժեցել են 3 մլրդ 243 մլն 425 հզր դրամ:

«Քարավանը» 6.5 տարվա ընթացքում իրականացրել է Ստեփանակերտի տարբեր հատվածների ու շենքերի բարեկարգում, փոսային վերանորոգումներ:

Ասֆալտապատման, ավտոճանապարհների շինարարության և նորոգման աշխատանքներ իրականացնող «Քարավան» ՍՊԸ-ի միակ սեփականատերը (անդամը) և հիմնադիրը Հակոբ Հակոբյանն է, ընկերությունը գրանցվել է 2002 թվականին: Հակոբ Հակոբյանը ծնվել է Վայոց Ձորի մարզում, Արցախ է տեղափոխվել ու գործարարությամբ զբաղվում է 95 թվականից: «Աշխատասիրությունն է իմ հաջողության գաղտնիքը»,- ասում է Հակոբյանը։ Ինչ վերաբերում է պետական գնումները հաղթելուն, Հակոբյանը ասում է, որ ցածր գներ առաջարկելու շնորհիվ է հաղթում:

«Վիրաժ» ԱԿ

Երկրորդ խոշոր ընկերությունը «Վիրաժ» արտադրական կոոպերատիվն է, որի պատվերները ևս գերազանցում են մեկ միլիարդը: Կատարված աշխատանքների համար «Վիրաժը» պետությունից ստացել է 1 մլրդ 471 մլն 573 հզր դրամ: Ընկերությունը գրանցվել է 2003 թվականին: 6.5 տարվա ընթացքում բարեկարգել է Գ. Չաուշ փողոցը, վերանորոգել մի շարք փողոցների ծածկեր: Ընկերության սեփականատերը Վագիֆ Աթայանն է: Մենք փորձել ենք կապվել Աթայանի հետ, նույնիսկ հարցերն ենք ուղարկել «Վիրաժ» ընկերության էլեկտրոնային հասցեին: Սակայն վերջինս այդպես էլ չի պատասխանել հարցերին: Մասնավորապես հետաքրքիր էր, թե շինարարական բիզնեսում որն է նրա հաջողության գրավականը և ինչպես է հաջողվում շահել պետական պատվերները: 

«ՃանՇին» ՓԲԸ

Այս ընկերությունը հիմնադրել է Արցախի պետական և քաղաքական գործիչ, պատերազմի տարիներին պաշտպանության բանակի ինժեներական ծառայության պետ Ռոլես Աղաջանյանը: Ընկերության տնօրենը ներկայում Ռոլես Աղաջանյանի որդին է՝ Սասուն Աղաջանյանը, մյուս որդին հունիսի 9-ին ԱՀ գլխավոր դատախազ ընտրված Մհեր Աղաջանյանն է։ 2000 թ․-ին գրանցված ընկերությունը 317 մլն 784 հզր-ի դիմաց 2018 թ. բարեկարգել է Սասունցի Դավիթ 52, 54, 56  և 2014 թ. Մեսրոպ Մաշտոց 1, 3, 5 շենքերի բակերը:  

«Վերածնունդ» ՍՊԸ

Հաջորդը «Վերածնունդ» ՍՊԸ-ն է, նա 263 մլն 981 հզր դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եվ փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին և Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին աշխատավարձից բացի ոչ մի այլ եկամուտ չեն ներկայացրել: Միայն 2018 թվականի տվյալների համաձայն՝ կինը ունեցել է 14 մլն 880 հզր դրամ եկամուտ, որից 2 մլն 880 հզր դրամը աշխատավարձ էր, ամուսինը՝ 36 մլն 907 հզր դրամ եկամուտ է ունեցել, որից 10 մլն 907 հզր դրամը՝ աշխատավարձ:

«Կապավոր» ՍՊԸ

«ՃանՇինին» հաջորդում է «Կապավոր» ՍՊԸ-ն173 մլն 317 հզր դրամի դիմաց նա բարեկարգել է Սախարով փողոցը, Պարսեղով, Կնունյանց, Հակոբյան և Նելսոն Ստեփանյան փողոցների առանձին հատվածները: Ընկերությունը պատկանում է Հակոբջանյանների ընտանիքին. ընկերության 93,75 տոկոսը պատկանում է Արման Հակոբջանյանին, 3,75 տոկոսը Արայիկ Հակոբջանյանին և 2,5 տոկոսը՝ 2020 թ. հունիսին  առողջապահության հարցերով ԱՀ նախագահի խորհրդական նշանակված Լիլիթ Հակոբջանյանին (աշխատում է անվճար հիմունքներով): Նրանք Արցախյան շարժման ակտիվիստ, 2006-2007 թթ. ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մարատ Հակոբջանյանի զավակներն են:

Ընկերությունը գրանցվել է 2002 թվականին:

«Բուրգ» ՍՊԸ

«Վերածնունդին» հաջորդում է «Բուրգ» ՍՊԸ-ն: «Բուրգի» միակ սեփականատերը, տնօրենն ու հիմնադիրը Սամվել Ասրյանն է: Ընկերությունը 101 մլն 216 հզր դրամի դիմաց բարեկարգել է Տիգրան Մեծ փողոցի N13 շենքի բակը:

«Էլիտստրոյ» ՓԲԸ

2008 թվականին գրանցված ընկերության հիմնադիրներն են Ավագյան Էդուարդն ու Ավագյան Վագիֆը: 2014 թ. 81 մլն 314 հզր դրամի դիմաց «Էլիտստրոյը» բարեկարգել է Վազգեն Սարգսյան փողոցի N1, N3 և N5 շենքերի բակերը:

«ՊԱՆՏ» ՍՊԸ

«ՊԱՆՏ» ՍՊԸ-ն 2015 թ. 51 մլն 957 հազար դրամի դիմաց բարեկարգել է N1 դպրոցի հարակից տարածքը և մոնտաժել էլեկտրամատակարարման համակարգը: Այս ընկերության 50 տոկոսը պատկանում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, Արցախի ժողովրդավարական կուսակցության քաղաքային խորհրդի ղեկավար Սուրեն Գրիգորյանի որդուն, իսկ մյուս 50 տոկոսն ընկերության ղեկավար Սերգեյ Հարությունյանի որդուն՝ Պավել Հարությունյանին։ 2003 թ․-ին գրանցված «ՊԱՆՏ» շինարարական ընկերությունը Արցախում կառուցել է Պաշտպանության բանակի համար երեք բազմաբնակարան շենք, Մարտունու շրջանում 240 տեղանոց դպրոց, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի նոր առանձնաշենքը, Ստեփանակերտի երեխաների և երիտասարդության ստեղծագործական կենտրոնը, ԼՂՀ վերահսկիչ պալատի շենքը, բազմաֆունկցիոնալ «Բիզնես կենտրոն»-ի շենքը:

«Պանտին» հաջորդում են ավելի փոքր պատվերներ կատարած ընկերությունները։

2014-2015 թթ․ «Ճանշինվերանորոգում» ՓԲԸ-ն 32 մլն 200 հզր դրամի պատվեր է կատարելբարեկարգել է Ազատամարտիկներ փողոցի N13 և N15 շենքերի բակերը։ 2018-ին պետության հիմնադրած «ԱՇԿ թիվ 1» ԲԲԸ-ն 12 մլն 196 հզր դրամով բարեկարգել է Ադմիրալ Իսակովի N4ա  և Մ. Մաշտոց N2 փողոցների շենքերի տարածքները։ «Բալիկ» ՍՊԸ-ն 2018-ին  8 մլն 551 հզր դրամով ՍտեփԳԷՍ փողոցի 1-ին նրբանցքում կրաքարերով ծածկապատել է, և «Արմեն-շին» ՍՊԸ-ն 4 մլն 75 հզր դրամով ասֆալտապատել է Արմենավան թաղամասի մարզահրապարակը։

2014-2020 թթ․ ընթացքում Ստեփանակերտի փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգման համար ծախսվել է 5․76 մլրդ դրամ։ Խոսքը միայն Քաղաքաշինության նախարարության պատվերների մասին է։ 6.5 տարվա կտրվածքում ամենամեծ գումարը ծախվել է 2014 թ․՝ 1.594 մլրդ կամ ընդհանուր գումարից 29.5 տոկոսը, հետագա տարիները սահմանափակվում են վեցանիշ թվերով: 2020 թ․ առաջին կիսամյակում ծախսվել է 359․3 մլն դրամ։

Կնքված պայմանագրերի մասին հայտարությունները, որտեղ պատվիրատուն Քաղաքաշինության նախարարությունն է, կարելի է գտնել ԱՀ ֆինանսների նախարարության կայքում: Դրանք հիմնականում բանակցային ընթացակարգով կնքված պայմանագրեր են:  

Made with Flourish

Վերոհիշյալ ընկերություններից յոթը 2019 թ․ հայտնվել են Արցախի առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկում․ 6-րդ և 7-րդ տեղերը զբաղեցնում են «Քարավան» և «Վիրաժ» ընկերությունները։

2019 թ. Արցախում առաջին 300 խոշոր հարկ վճարողների (առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի) ու նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունների
Հ/Հ Ընկերության անվանումը Ընդամենը Ուղղակի հարկեր Անուղղակի հարկեր Այլ հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ
7. «Քարավան» ՍՊԸ

  416 132,70  

    24 398,20  

  381 525,60  

    10 208,90  

8. «Վիրաժ» ԱԿ 248 615,70 138 109,00 103 626,70 6 880,00
13. «Կապավոր» ՍՊԸ 142 068,90 127 481,20 6 445,90 8 141,80
25 «Ճանշին» ՓԲԸ 84 414,80 46 020,80 35 809,20 2 584,80
33. «Պանտ» ՍՊԸ 57 273,90 29 115,50 26 518,00 1 640,40
75. «Վերածնունդ» ՍՊԸ 27 579,00 12 495,20 14 347,00 736,80 
133. «Արմեն-շին» ՍՊԸ 14 199,00 6 876,40 6 806,10 516,50

Դեռ 2018 թ. նոյեմբերի 16-ին «Հետք»-ը հարցում է ուղարկել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները. վերջին հինգ տարում Ստեփանակերտում ասֆալտապատված ճանապարհների երկարությունը, ասֆալտապատված փողոցների անվանումները, ասֆալտապատման աշխատանքներն իրականացրած կազմակերպությունների անունները և յուրաքանչյուր փողոցի ասֆալտապատման համար հատկացված գումարի չափը: Ժամանակին Կարեն Շահրամանյանը չէր պատասխանում այս հարցմանը:

Արցախի Հանրապետության օմբուդսմանի կողմից «Հետքի» բողոքը քննարկվելուց հետո Քաղաքաշինության նախարարությունը մեկ ամիս անց՝ 2019թ. մայիսի 30-ին, պատասխանեց հարցմանը։ Քաղաքաշինության նախարարությունը հարցման պատասխանի վեցամսյա ուշացումն արդարացնում էր չճանաչված պետությունների ֆուտբոլային թիմերի 2019 թվականի Եվրոպայի առաջնության (Conifa) նախապատրաստական աշխատանքներով․ «ԱՀ քաղաքաշինության նախարարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացրել և բավականին ծանրաբեռնված էր, իսկ տեղեկությունը վերլուծական բնույթի էր, ծավալուն ու ժամանակատար»:

Նույնաբովանդակ հարցմանը երեք ամիս չէր պատասխանում նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

2020 թ․ հուլիսին «Հետքը» Քաղաքաշինության նորանշանակ նախարար Արամ Սարգսյանից խնդրել է տրամադրել նույն տեղեկություններն արդեն 2018-2020 թթ․ կտրվածքով։ Պատասխանը ստացել ենք սահմանված ժամկետներում։ Այս անգամ պատասխանում նաև  ներառված էր բարեկարգված օբյեկտների մակերեսը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter