HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

10 մարդու մահվան պատճառ դարձած «սպիրտի գործով» դեռ նախաքննություն է իրականացվում

Երկու տարի առաջ՝ 2020թ. օգոստոսի 31-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հնչեց առաջին ահազանգը. քաղաքացիները զանգվածային ալկոհոլային թունավորման դեպքերով, տարբեր առողջական վիճակներով, դիմել են բուժօգնության: Նրանցից 10-ի կյանքը փրկել չհաջողվեց: Դեպքից երկու տարի անց հանրության կողմից «սպիրտի գործ» անվանումը ստացած քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Չի ստացվել գործի համար կարևոր փորձաքննության եզրակացությունը:

Քննչական կոմիտեի առաջին հաղորդագրությունը՝ անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչքի գործածման հետևանքով թունավորված քաղաքացիների մասին, շոկ էր առաջացրել Արմավիր քաղաքում: Ոստիկանության բաժնում նմանատիպ ահազանգեր ստացվել են մինչև 2020թ. սեպտեմբերի 3-ը:

Երբ հայտնի է դարձել, որ թունավորված քաղաքացիներն օգտագործել են Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանից գնված ալկոհոլային խմիչքը, ոմանք բուժհաստատություններ են դիմել առանց առողջական գանգատների՝ զուտ ապահովության համար, քանի որ օրեր առաջ նրանք նույնպես խմել են նույն տեղից գնած խմիչքը: Նրանք նույնպես ներգրավվել են հարուցված քրեական գործում, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը կարողանա խմիչքի նմուշներն առգրավել:

Աշոտ Հովսեփյանը տարիներ շարունակ տան պայմաններում, առանց գրանցման ալկոհոլային խմիչքներ է վաճառել, այդ թվում՝ սպիրտ: Նա Արմավիր քաղաքում հայտնի է եղել որպես սպիրտ վաճառող: Ունեցել է մշտական հաճախորդներ, որոնք երբևէ չեն դժգոհել խմիչքի որակից: Սակայն 2020թ. օգոստոս ամիսը ճակատագրական եղավ ոչ միայն Աշոտի, այլև նույն համայնքի 31 տուժողների համար:

Գագիկ Սարգսյանը մեկն է այն 10 հոգուց, որի կյանքը փրկել չհաջողվեց: Գագիկը մահացել է 2020թ. օգոստոսի 31-ին: Վերջինիս կինը՝ Անահիտ Աբովյանը, «Հետք»-ին պատմեց, որ ամուսինը մասնակցել է բանակի քեֆի և այնտեղ խմել է Աշոտ Հովսեփյանից գնած օղի: Խնջույքից հետո Գագիկը գնացել է աշխատավայր, որտեղ իրեն վատ է զգացել և տաքսի ավտոմեքենայով փորձել է գալ տուն, սակայն այդպես էլ չի կարողացել շենքի բակից վերև բարձրանալ:

Անահիտ Աբովյանի մայրը՝ 84-ամյա Ժենիկ Աբովյանը, լրացնում է աղջկա խոսքը՝ պատմելով, որ Գագիկի փոքր՝ այն ժամանակ 7-ամյա աղջիկը տեսել է հոր վատ վիճակը և վազքով բարձրացել է տուն ու շնչակտուր գոռացել, թե հայրը կուրացել է, չի տեսնում:

«Քյոռփա երեխեն ոնց որ զգար, որ հայրը մահանալու է: Ասում էր՝ տատի՛, պապան էսօր կմահանա, շատ վատ ա: Երեք անչափահաս երեխա ծուռ վիզ մնացին»,- ասում է Ժենիկ Աբովյանը:

Գագիկին շենքի բակից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Մի քանի ժամ անց սպիրտի թունավորումից արձանագրվել է նրա կենսաբանական մահը: Նույն պատճառով մահացել է նաև այն տանտերը, որտեղ Գագիկը մասնակցում էր խնջույքի:

Անահիտը պատմեց, որ ամուսինը նախկինում էլ օգտագործել է Աշոտ Հովսեփյանից գնված օղի, սակայն առողջությունից երբևէ չի դժգոհել:

Գագիկի կինը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ և դժգոհ է գործի երկար քննությունից: Ասում է՝ գրեթե տեղյակ չեն, թե որ փուլում է գործը, ինչ է պարզվել, և ինչու է 2 տարի տևում 10 մարդու մահվան պատճառ դարձած «սպիրտի գործը»:

Արմավիրի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննիչ Սևակ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի ավարտի ձգձգման միակ պատճառը նշանակված փորձաքննություններն են, որոնց պատասխանները ուշ են ստացվում:

«Բոլոր քննչական, դատավարական գործողությունները, որոնք կախված են վարույթն իրականացնող մարմնից, իրականացվել են: Փորձաքննության պատասխանը ստանալուց հետո ևս մի քանի գործողություն կիրականացվի, սակայն ծավալի և բովանդակության առումով չեն հանգեցնի քրեական գործի քննության ձգձգման»,- ասում է Ս. Խաչատրյանը:

ՀԿԳ քննիչն ասում է, որ կատարվել են մեծ ծավալի քննչական գործողություններ, դեպքի վայրերի զննություններ: Սպիրտը վաճառած Արմավիր քաղաքի բնակչի տնից առգրավվել են մեծ ծավալի տարբեր տեսակի խմիչքներ, այդ թվում՝ կոնյակ, գինի, բացված և չբացված սպիրտ, որը ենթակա է եղել վաճառքի: Առգրավվել են նաև քաղաքացիների կողմից նույն անձից գնված և օգտագործված խմիչքի մնացորդները:

Վտանգավոր սպիրտի քանակը, ըստ քննիչի, եղել է 1 տոննա, որից  ջրով բացվել է 100 լիտրը, որպես վաճառքի ենթակա ապրանք: 900 լիտր չբացված սպիրտն առգրավվել և պահվում է Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածքում: Բացի այդ, մոտ 50 լիտր բացված սպիրտ է հայտնաբերվել, մնացածն էլ վաճառվել է քաղաքացիներին, իսկ թե քաղաքացիներից որքան սպիրտ է առգրավվել, հայտնի չէ: Քննիչն ասում է, որ չեն չափել քանակը, առգրավված խմիչքը նույն տարաներով, առանց որևէ միջամտության ուղարկել են փորձաքննության:

«Մարդ կա, որ գնված օղին տարել, նորից բացել է ջրով, թնդությունը նվազել է, հնարավոր է այդ պարագայում ծանր հետևանք առաջացած չլինի, ինչի պատասխանը կարող է տալ փորձագետի եզրակացությունը»,-ասում է քննիչ Խաչատրյանը:

Նշանակվել է 32 դատաբժշկական փորձաքննություն, այդ թվում՝ դիակի: Հայտնաբերված սպիրտի մի մասով նշանակվել է միայն դատանյութագիտական փորձաքննություն: Ամենածավալուն՝ դատասննդային և նյութագիտական համալիր փորձաքննությունը նշանակվել է նախ՝ «Փորձաքննությունների ազգային բյուրոյում», հետագայում այնտեղից գրություն է ստացվել, որ համապատասխան մասնագետ չունեն, իսկ խմիչքի պարունակությամբ մեկ տարան հետազոտելու համար կպահանջվի մոտ 12 000 դրամ, եթե համապատասխան մասնագետ ներգրավեն:

«Պետությունն ահռելի ֆինանսական միջոցներ պետք է ծախսեր, ստիպված այդտեղ փորձաքննությունը կասեցվել է: 2021թ. փետրվարի 2-ին նշանակվել է փորձաքննություն «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոնում»: Վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար հիշեցումներ է ուղարկել, որ փորձագետի եզրակացությունն ուղարկեն: Վերջին հիշեցումը Կենտրոնին ուղարկվել է 2022թ. օգոստոսի 12-ին, ստացվել է պատասխան, որ մինչև հոկտեմբերի 31-ը փորձաքննությունն ամբողջ ծավալով կավարտվի:

Եզրակացությունը ստանալուց հետո կհստակեցվի յուրաքանչյուրի կատարած արարքը, ըստ գործում առկա ապացույցների՝ համապատասխան մեղադրանք կառաջադրվի փորձագետի եզրակացության տվյալների հիման վրա: Նախնական տեղեկություններ ունենք սպիրտի սկզբնաղբյուրի վերաբերյալ, սակայն այս պահին նախաքննության շահերից ելնելով չեմ կարող հրապարակել: Կարող եմ ասել, որ հանրապետության տարածքից է ձեռք բերվել»,- ասում է քննիչ Սևակ Խաչատրյանը:

Նշենք, որ հարուցված քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունի 3 անձ՝ Աշոտ Հովսեփյանը, Արշակ Արշակյանը և Ավետիք Վարդանյանը: Հայտնի է, որ Արմավիրի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող Արշակ Արշակյանը սպիրտը գնել է Արարատի մարզի բնակիչ Ավետիք Վարդանյանից և վերավաճառել Աշոտ Հովսեփյանին: Վերջինից էլ քաղաքացիները գնել են ալկոհոլային խմիչքը և թունավորվել: Թեև նախաքննության գաղտնիությունից ելնելով այլ տվյալներ չեն հրապարակվում, սակայն Ավետիք Վարդանյանը նշված խմիչքը ձեռք է բերել իր ազգականից, որի անունը դեռ չի հրապարակվում:

Երեք մեղադրյալներն էլ սկզբնական շրջանում գտնվել են կալանքի տակ՝ 27 օրից մինչև 3 ամիս ժամկետով: Սակայն դատարանը որոշել է, որ յուրաքանչյուրի դեպքում 2 մլն դրամ գրավը բավարար երաշխիք է կալանքից ազատելու համար: Վարույթն իրականացնող մարմինը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն վերաքննիչ դատարանն այն թողել է անփոփոխ: Վճռաբեկ դատարան չի բողոքարկվել՝ հաշվի առնելով ծանրության աստիճանը:

Աշոտ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի (նախկին՝ 2003թ. ընդունված օրենսգրքով) 207-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ «Կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելը կամ իրացնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ»: Նշված հոդվածում առավելագույն պատժաչափը 3-5 տարի ժամկետով ազատազրկումն է, ինչը համարվում է միջին ծանրության արարք:

Ինչ վերաբերում է Արշակ Արշակյանին և Ավետիք Վարդանյանին, ապա վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նույն արարքի օժանդակության համար:

Նախաքննության փուլում այդ արարքի համար 6 ամսից ավելի, որպես խափանման միջոց կալանք, չի կարող կիրառվել: Այդ է պատճառը, որ հետագայում չի բողոքարկվել մեղադրյալներին կալանքից ազատելու դատարանի որոշումը:

Աշոտ Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում, նրան վերագրվող արարքին սխալ քրեաիրավական որակում է տրվել:

«Հնարավոր է՝ մեկ այլ հոդվածով, որը տրամաբանորեն ավելի մոտ կլիներ կատարված ենթադրյալ արարքին, Աշոտ Հովսեփյանի դիրքորոշումն այլ լիներ, բայց կեղծ օղի պատրաստելու հետ պաշտպանյալս որևէ կապ չունի: Օղու պատրաստման մեթոդը համապատասխանում է իրական օղու պատրաստման մեթոդին, ու կեղծ օղու մասին խոսք լինել չէր կարող»,- ասաց Գոռ Գևորգյանը: Փաստաբանը նշեց, որ Հովսեփյանն անձամբ փորձել է օղին, ուղղակի բախտը բերել է, համտեսածի չափը չի գերացանզել այն չափը, որը կարող էր լինել վտանգավոր:

Գևորգյանն ասում է՝ Աշոտ Հովսեփյանի կողմից դիտավորություն չի եղել, նա անտեղյակ է եղել, որ իր գնած սպիրտը կարող է լինել թունավոր:

Մեր հարցին՝ եթե Հովսեփյանի՝ օղի վաճառելու գործունեությունը լիցենզավորված լիներ, վերջինս պարտավոր չէ՞ր լինի ստուգել այն ապրանքի բաղադրությունը, որը վաճառում է, պաշտպանը նշեց, թե չի կարող կոնկրետ պատասխանել՝ ինչպիսի պահանջներ են ներկայացվում լիցենզավորման դեպքում:

Գոռ Գևորգյանի ասելով՝ ինքը փորձել է հետաքրքրվել, թե տուժողների հարազատներն ի՞նչ դիրքորոշում ունեն, ինչպե՞ս են տրամադրված Հովսեփյանի նկատմամբ:

«Համենայնդեպս, բոլորը դրական են բնութագրում Աշոտ Հովսեփյանին, որևէ մեկը  չէր կարող մտածել, որ Աշոտ Հովսեփյանը կարող էր անգամ անփութության աստիճանի մեղավորություն ունենալ: Որովհետև միշտ սրտացավ, միշտ հոգատար վերաբերմունք է ունեցել հասարակության նկատմամբ, ինչպես նաև՝ այն անձանց, ովքեր տուժել են տվյալ դեպքի հետևանքով: Ամեն դեպքում, որևէ մեկից որևէ բացասական վարքագծի  դրսևորում Աշոտ Հովսեփյանի նկատմամբ չենք զգացել»,- ասում է Գոռ Գևորգյանը:

Նրա խոսքով՝ այդպես էլ չի պարզվել, թե, ի վերջո, ո՞վ էր սպիրտը ներմուծել Հայաստան:

Արշակ Արշակյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը նույնպես պնդում է, որ իր պաշտպանյալը չէր կարող պատկերացում ունենալ, թե ինչ տեսակի սպիրտի մասին է խոսքը:

«Այսքան ժամանակ տևող նախաքննությունը, որի ընթացքում անձինք ներգրավված են որպես մեղադրյալ, նշանակում է քննության բոլոր ենթադրյալ ողջամիտ ժամկետների խախտում։ Ինչ վերաբերում է իմ պաշտպանյալին, ապա ցանկացած պարագայում ինձ համար անհասկանալի է, թե նա ինչպես է շարունակում մնալ մեղադրյալի կարգավիճակում։ Նախաքննական մարմինն արդեն վաղուց է պարզել, որ նա հաստատապես չէր կարող պատկերացում ունենալ, թե ինչ տեսակի սպիրտի մասին է եղել խոսքը»,- ասում է Երվանդ Վարոսյանը:

Ավետիք Վարդանյանի պաշտպան Վարդգես Գևորգյանն էլ ասում է՝ գործի փաստական տվյալները վկայում են, որ իր պաշտպանյալի արարքում հանցակազմ չկա, նրա նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:

Գևորգյանի խոսքով՝ Վարդանյանը հայտնել է, թե ումից է գնել սպիրտը, անգամ նշել է, թե ինչ մեքենայով են բերել, բայց չէր կարող իմանալ, որ սպիրտը թունավոր է:

«Դեռ հարց է՝ արդյոք հենց իր բերած սպի՞րտն է եղել թունավոր: Հնարավոր է՝ իր բերածը մաքուր սպիրտ է եղել»,- նշում է Վարդգես Գևորգյանը:

Հատկապես կարևոր գործերով քննիչից հետաքրքրվեցինք՝ հայտնի՞ է, թե որտեղից է ձեռք բերվել սպիրտը։ Ի պատասխան՝ Սևակ Խաչատրյանը նշեց, որ քննություն են իրականացրել նաև հանրապետություն մեթանոլ, մեթիլ սպիրտ ներկրող անձանց շրջանակներում: Պարզել են, որ մեթիլի 1 լիտրի շուկայական արժեքը տատանվում է 9-12 հազար դրամի սահմաններում: Իսկ քրեական գործի շրջանակներում հստակեցվել է, որ քաղաքացիներին վաճառված խմիչքի մեկ լիտրն արժեցել է 1000 դրամ, ինչն անհավանական է դարձնում, որ ներկրված սպիրտ է վաճառվել:

«Այս մասով մենք հստակ տեղեկություններ ունենք, բայց նախաքննության շահերից ելնելով՝ տեղեկություններ չենք հրապարակում: Մեզ համար կարևորը փորձագետի եզրակացությունով ստացվելիք արդյունքներն են, հասկանանք, համադրություն անենք, թե որը որտեղից է եկել: Սպիրտի շուկան լայնածավալ է, մի խմբաքանակը կարող է նորմալ լինել, մյուսը՝ նորմալ չլինել»,-հավելեց քննիչը:

Սևակ Խաչատրյանն ասաց, որ նախնական տեղեկություններ արդեն ունեն Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Քրեական գործի քննության սկզբում կատարվել է նմուշառում, նշված մարմինների կողմից տրվել է հետազոտական ակտ:

«Ճիշտ է, իրավաբանական առումով շատ նվազ կարևորություն ունի, բայց գործի ընթացքի համար ունի կարևոր նշանակություն: Հայտնաբերված զանգվածների մի մասի մեջ արձանագրվել է մեթանոլի բարձր քանակություն: Մեթանոլի քանակություն յուրաքանչյուր սպիրտի մեջ կա, բայց մեթանոլի քանակությունը պետք է որոշակի չափ ունենա: Հենց մեթանոլի քանակն ավելանում է, հանգեցնում է նման դեպքերի՝ թունավորում, մահ, կուրություն և այլն: Մեզ մոտ արձանագրվել են մահվան դեպքեր և քաղաքացիների առողջական վիճակի որոշակի վատթարացումներ»,- ասում է Ս. Խաչատրյանը:

Արմավիրի մարզում արձանագրված ալկոհոլի մասսայական թունավորման դեպքերին զուգահեռ ալկոհոլից թունավորման դեպքեր արձանագրվեցին նաև Երևան քաղաքում, այլ համայնքներում: Քննիչ Խաչատրյանն ասում է, որ մյուս դեպքերն իր վարույթում գտնվող քրեական գործի հետ կապ չունեն:

Նշենք, որ ալկոհոլային խմիչքից թունավորման դեպքերի օրերին՝ 2020թ. սեպտեմբերի 1-ին «Պռոշյան կոնյակի գործարանի» Արմավիրի մարզի մասնաճյուղում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել: Մահացել էր՝ 2, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Արմավիրի բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 4 քաղաքացի: Այդ օրերին խոսակցություններ տարածվեցին, որ խմիչքից թունավորման դեպքերն ու գործարանի տարածքում տեղի ունեցած պայթյունը գուցե կապ ունեն:

Լուսանկարում՝ մահացած Գագիկ Սարգսյանի նկարը (պատին) եւ նրա զոքանչը՝ Ժենիկ Աբովյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter