HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ֆրանսիայի Սենատում Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու բանաձեւ կքննարկվի

Ֆրանսիայի Սենատի վեց անդամ Բաքվի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձեւ են ներկայացրել, որը կքննարկվի նոյեմբերի 15-ին։ Առաջարկվում է դիտարկել Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավման, գազի ու նավթի ներմուծման էմբարգոյի հնարավորությունը։

Պատժամիջոցներից բացի, Ադրբեջանից պահանջվում է անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից։

Բանաձեւը հեղինակել են այն սենատորները, որոնք 2020-ին Ֆրանսիայի կառավարությանը կոչ էին արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Բրունո Ռըտայու, Պատրիկ Կանների, Էրվե Մարսեյ, Էլիան Ասասի։ Նրանց միացել են եւս երկուսը՝ Քրիստիան Կամբոն, Ժիլբեր-Լյուկ Դեվինազ։

Ինչպես ԼՂ անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձեւը, այնպես էլ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ քննարկվելիքը խորհրդատվական բնույթ ունի եւ իրավական պարտադիր ուժ չունի կառավարության համար։ Պատժամիջոցների կիրառման հարցը կառավարությունն է որոշում։ 2020-ին, չնայած Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունմանը, պաշտոնական Փարիզը, ի դեմս պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի, հայտարարեց, որ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սակայն, ընդունման դեպքում այս բանաձեւն առաջին լուրջ քայլը կլինի Ֆրանսիայում եւ առհասարակ Արեւմուտքում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ բանավեճ սկսելու գործում։

Ըստ սենատորների՝ բանաձեւի նպատակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել նրա անհապաղ դուրս բերումը Հայաստանի տարածքից, հարկադրել հարգել նոյեմբերի 9-ի զինադադարի պայմանագիրը և նպաստել երկու երկրների միջև կայուն խաղաղության հաստատմանը միտված ցանկացած նախաձեռնության։

Փաստաթղթի հեղինակները հղում են կատարել Ֆրանսիայի Սահմանադրության 34-1 հոդվածին, Միավորված ազգերի կազմակերպության 1945 թ. հունիսի 26-ի կանոնադրությանը, 1949 թ. ապրիլի 4-ի Հյուսիսատլանտյան պայմանագրին, 1969 թ. հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2005 թ. սեպտեմբերի 16-ի 60/1 բանաձևին պաշտպանության պատասխանատվության մասին, 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրին։

Բանաձեւի տեքստը նախորդ շաբաթ հրապարակել էր Nouvelle d’Armenie պարբերականը, Սենատի կայքում այն տեղադրվել է այսօր՝ հոկտեմբերի 10-ին։ Ըստ այդմ, Սենատը՝

-նկատի ունենալով 2020 թվականի նոյեմբերի 25-ին Սենատի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին թիվ 26 (2020-2021) բանաձեւը,

-նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի հարավային և հարավ-արևելյան շրջաններում ադրբեջանական զինուժի կրկնվող ագրեսիան հանդիսանում է այս պետության ինքնիշխանության և երկու կողմերի միջև կնքված զինադադարի համաձայնագրերի խախտում,

-նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) և ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին,

-նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը երաշխավորված չեն Ադրբեջանի Հանրապետության կողմից,

-հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը տեղի է ունենում հատկապես անկայուն տարածաշրջանում, որը մոտ է Եվրամիությանը և պարունակում է տարածաշրջանային տերությունների ներգրավմամբ սրման վտանգ,

-նկատի ունենալով, որ Եվրամիության հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունները կրում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության և Եվրամիության էներգետիկ ինքնավարության հետ կապված ռազմավարական խնդիրների հետևանքները,

-նկատի ունենալով 1994 թվականից ի վեր Ֆրանսիայի գործադրած ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում, որում նա համանախագահում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը,

-հաշվի առնելով ուկրաինական հակամարտության ազդեցությունը Մինսկի խմբի՝ իր առաքելությունը կատարելու ունակության վրա, ընդ որում՝ նկատի առնելով, որ այդ գործընթացը մշտապես խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից ռազմական լուծման դիմելու պատճառով,

-նկատի ունենալով միջազգային հանրության դատապարտումները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը՝ այն նախագահող Ֆրանսիայի խնդրանքով,

  • Խստորեն դատապարտում է 2022 թվականի օգոստոսի սկզբին Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիաները Հայաստանը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտին կապող Լաչինի միջանցքում և դրանց կրկնությունը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի հարավում և հարավ-արևելքում՝ խախտելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, միջազգային պայմանագրերը և ՄԱԿ կանոնադրությունը։
  • Կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել եւ իրենց սկզբնական դիրքեր վերադարձնել ադրբեջանական ուժերը և նրանց դաշնակիցներին Հայաստանի ինքնիշխան տարածքից և Լաչինի միջանցքից, որի անվտանգությունն ու անփոփոխ կարգավիճակը պետք է ապահովվի՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի պայմանների։
  • Կոչ է անում ապագայի համար Ադրբեջանի իշխանություններին և տարածաշրջանում նրանց բոլոր գործընկերներին, մասնավորապես՝ Թուրքիային, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը՝ իրենց և միջազգային պարտավորություններին համապատասխան։
  • Կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել և հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին։
  • Դատապարտում է Ադրբեջանի կողմից 1969 թվականի հունվարի 4-ի Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումները և պահանջում է Ադրբեջանի իշխանություններից հարգել միջազգային պայմանագրերն ու կոնվենցիաները, որոնք միտված են երաշխավորելու հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքը՝ ապրել խաղաղության և ազատության մեջ, տեղահանված բնակչության վերադարձի իրավունքը, ինչպես նաեւ հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։
  • Կոչ է անում կառավարությանը՝ վճռականորեն աշխատել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ, այդ թվում՝ հետաքննելու զանգվածային եւ ռազմական հանցագործությունները։
  • Կոչ է անում կառավարությանը դիվանագիտական եւ տնտեսական բոլոր եզրակացությունները կատարել այս նոր հարձակումներից եւ իր եվրոպացի գործընկերների հետ դիտարկել ամենախիստ համարժեք պատասխանները՝ ներառյալ Ադրբեջանի ղեկավարների ունեցվածքի բռնագրավումը և գազի ու նավթի ներմուծման էմբարգոն՝ պատժելու Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանական ուժերի ռազմական ագրեսիան՝ ի խախտումն նրա ինքնիշխանության։

Միեւնույն ժամանակ, Սենատը կառավարությանը կոչ է անում քննարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը, բոլոր միջոցներով աջակցություն ցուցաբերել Հայաստանին, մասնավորապես՝ դիտարկել Հայաստանի պաշտպանունակության հզորացման հարցը նրա տարածքային ամբողջականության ապահովման նպատակով։

Բանաձեւի հեղինակները Ֆրանսիայի Կառավարությանը միջնորդում են անհապաղ նախաձեռնությամբ հանդես գալ՝ երաշխավորելու հայ բնակչության և Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և այդ նպատակով խնդրել միջազգային հանրության հովանու ներքո միջամտության ուժեր տեղակայել։

Սենատորները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը՝ տեւական խաղաղություն հաստատելու նպատակով։

Եվ, վերջապես, Կառավարությանը կոչ են անում անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը հրատապ և խաղաղ կերպով ներգրավվի դիվանագիտական ​​ուղիներով բանակցային գործընթացում՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը հասնելու համար։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter