«Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը». պաշտոնական Փարիզ
Ֆրանսիայի Սենատի՝ ԼՂ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւի ընդունումից հետո Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել է պահանջել ԵԱՀԿ-ից` հետ կանչել Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից։ Արձագանքելով Ադրբեջանից հնչող այս հայտարարություններին՝ պաշտոնական Փարիզը, ի դեմս պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի, որը նոյեմբերի 25-ին Սենատում մասնակցում էր բանաձեւի նախագծի քննարկմանը, եւս մեկ անգամ հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում՝ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն մեր պարտականությունն է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային լուծում գտնելու ուղղությամբ, մասնավորապես ՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ, և այս բանակցությունների արդյունքը չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել: Այսօր մեր առաջնահերթությունը պետք է լինի վերջին մի քանի շաբաթների հակամարտության արդյունքում տեղահանվածների անվտանգ վերադարձի ապահովումը: Պետքարտուղարը Սենատին ուղղված իր ելույթում նշեց, որ մինչ օրս ոչ մի պետություն չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:
Որպես պատասխանատու երկիր՝ հավատարիմ իր արժեքներին և խաղաղությանը նվիրվածությանը, Ֆրանսիան այս շրջանակներում վճռական է տրամադրված ՝ հասնելու հակամարտության տևական կարգավորման, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջներով: Ֆրանսիան կշարունակի անել հնարավորը Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու համար: Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիան կպարտավորվի առաջ շարժվել բոլոր այն չափանիշներով, որոնք դեռ պետք է բանակցվեն նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, մասնավորապես հակամարտության ընթացքում տեղակայված օտարերկրյա վարձկանների հեռացումը կամ տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Լուսանկարում՝ Ֆրանսիայի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը
Մեկնաբանել