HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սամվել Մայրապետյանի կողմից 2 հա անտառ սեփականաշնորհելու գործը դատարանում է

Գործարար Սամվել Մայրապետյանի կողմից 2007 թ․-ին Կոտայքի մարզի Արտավազ գյուղի անտառներից 2 հեկտարը սեփականաշնորհելու գործը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում է։

Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել Կոտայքի մարզպետի 2007 թ․-ի որոշումը, որով պետական սեփականություն հանդիսացած հողամասը վաճառվել է Սամվել Մայրապետյանին։

Պաշտոնյաների կողմից Ծաղկաձորում 50 հա անտառ սեփականաշնորհելու պատմության մասին «Հետք»-ը ծավալուն հետաքննություն էր հրապարակել 2018 թ.-ին։ Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը Հատուկ քննչական ծառայությունում քննվեց, ապա վաղեմության հիմքով կարճվեց։ Այդուհանդերձ, նախաքննության ժամանակ պարզվել է, որ պաշտոնյաները Ծաղկաձորից բացի անտառներ են ապօրինի սեփականաշնորհել նաև Կոտայքի մարզի այլ համայնքների տարածքներում։

2007 թ․-ին, երբ տեղի է ունեցել անտառի ապօրինի սեփականաշնորհումը, Կոտայքի մարզպետը ՀՀԿ-ական Կովալենկո Շահգալդյանն էր, իսկ Սամվել Մայրապետյանը վայելում էր այդ ժամանակվա իշխանությունների աջակցությունը։

Մարմարիկ ջրամբարի հաևանությամբ գտնվող 2 հա անտառապատ հողը Սամվել Մայրապետյանը աճուրդով գնել է ընդամենը 2 միլիոն 240 հազար դրամով։ Հողամասի մեկնարկային գինը եղել է 2 միլիոն 220 հազար դրամ։ Աճուրդում հաղթող ճանաչվելուց հետո գործարարի և Կոտայքի մարզպետարանի միջև կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որը հետագայում պետական գրանցում է ստացել Կադաստրի կոմիտեում։ Հողամասի սեփականատերը մինչ օրս հանդիսանում է Սամվել Մարապետյանը։ Նրա գնած հողամասը գտնվում է Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանի կողմից կրկին ապօրինի սեփականաշնորհված հողամասի կողքին։

Սամվել Մայրապետյանը, որը այլ գործով այժմ հետախուզման մեջ է գտնվում, չի պատրաստվում ապօրինի ձեռք բերված 2 հա անտառը վերադարձնել պետությանը։ Ավելին, նա իր ներկայացուցիչների միջոցով դատարանին միջնորդել է, որ հայցային վաղեմություն կիրառվի (գտնում են, որ պետութունը բաց է թողել իր իրավունքները ժամանակին պաշտպանելու հնարավորությունը)։

Հակակոռուպցիոն դատարանում նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը հայտնեց, որ պատասխանող Սամվել Մայրապետյանի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին դատական իշխանության պաշտոնական կայքում։ Այդքանով այսօրվա նիստը հետաձգվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter