HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կեչառիս» հյուրանոցի սեփականատերը 50 մլն դրամով հաշտության է եկել ապօրինի գույքի բռնագանձման գործով

Այսօր՝ ապրիլի 13-ին, Հակակոռուպցիոն դատարանը վճիռ է կայացրել՝ հաստատելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում կնքված հաշտության համաձայնությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգական Էդուարդ Հարությունյանի և Գլխավոր դատախազության միջև: Էդուարդ Հարությունյանը պետությանը պետք է փոխանցի 50 մլն դրամ:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի եզրակացության համաձայն՝ Էդուարդ Հարությունյանին պատկանում են բռնագանձման ենթակա հետևյալ գույքը.

  1. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ն. Զարյան փողոցի 15 ա շենքի բնակարաններից մեկի միջին շուկայական արժեքի 42.64%-ը, որը կազմում է 21 մլն 817 հազ. դրամ։
  2. Մոտ 21 մլն 591 հազ դրամ՝ որպես ապօրինի եկամուտի մնացորդ։
  3. Մոտ 19 մլն 415 հազ. դրամ, որը չի հիմնավորվել անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:

Որպես բռնագանձման ենթակա գույք դիտարկվել են բացառապես դրամական միջոցներ, որոնց հանրագումարը կազմել է 62 մլն 823 հազ. դրամ։

Վճռում արձանագրվել է, որ Ն. Զարյան փողոցիի 15 ա շենքի բնակարանը Էդուարդ Հարությունյանը 2014թ.-ին նվիրատվության պայմանագրով փոխանցել է «Նռնենի» ՍՊԸ-ին:  Ինչպես պարզվում է, «Նռնենի»-ն «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի իրավանախորդն է:

Դատարանն արձանագրել է, որ հաստատման ներկայացված հաշտության համաձայնությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է փոխանցման 50 մլն դրամ, որը կազմում է բռնագանձման ենթակա գույքի հանրագումարի 79.51%-ը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով 2020թ. հունիսի 9-ին Էդուարդ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության օժանդակության համար:

Ո՞վ է Էդուարդ Հարությունյանը

«Հետք»-ը դեռևս 2016թ.-ին գրել էր, որ Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցը պատկանում է Միհրան Պողոսյանին, սակայն գրանցված է նրա ազգականի՝ Էդուարդ Հարությունյանի անունով: Վերջինս նաև «Բեստ ռեալթի» ընկերության տնօրենն էր, որի բաժնետերերն էին Միհրան Պողոսյանին պատկանող և Պանամայում գրանցված երկու ընկերությունները: 

Էդուարդ Հարությունյաննն անցնում է նաև Միհրան Պողոսյանի՝ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազությունը 2022թ. սեպտեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Միհրան Պողոսյանի, վերջինիս տիկնոջ՝ Կարինե Մխիթարյանի, դստեր՝ Լիա Պողոսյանի, Գագիկ Բադալյանի, Էդուարդ Հարությունյանի, Արթուր Թադևոսյանի, Գոհար Նազարյանի և Անտոնիո Ռիկարդո Մերինոյի: 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագաձել հետևյալ գույքը.

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը՝ անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև՝ մասնակցություններ 6 իրավաբանական անձերում։
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը։
  • 456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև՝ 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել։

Ընկերություններ, որտեղ բաժնեմաս ունի Էդուարդ Հարությունյանը

Ինչպես նշեցինք, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում հիմնադրման օրվանից՝ 2011թ. հոկտեմբերի 25-ից Էդուարդ Հարությունյանի անունով է գրանցված «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ի 100%  բաժնեմասը:

2020թ. հունիսի 8-ին կալանք էր դրվել  Էդուարդ Հարությունյանին պատկանող բաժնեմասի վրա, որը 3 օր անց վերացվել էր: Իսկ 2022թ. սեպտեմբերի 12-ին որոշվել է ձեռնպահ մնալ Էդուարդ Հարությունյանին պատկանող 100% բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործարքի պետական գրանցումից:

Էդուարդ Հարությունյանը 2022թ. մարտի 4-ից մաքսային պահեստ համարվող «Մետեքսիմ Տերմինալ» ՍՊԸ-ի տնօրենն է

Էդուարդ Հարությունյանին (15%), նրա հորն ու եղբորն է պատկանում հագուստի վաճառքով զբաղվող «Դէ Ընդ Յանա» ՍՊԸ-ն: Այս ընկերությունում ևս արգելանք է դրվել Է. Հարությունյանի բաժնեմասի վրա և որոշվել ձեռնպահ մնալ նրան պատկանող բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործարքի պետական գրանցումից:

Հիշեցնենք, որ սա ապօրինի գույքի բռնագանձման գործով երկրորդ հաշտեցումն է:  2023թ. մարտի 21-ին էլ 81 մլն 962 հազ. դրամ գումարով հաշտության համաձայնագիր էր կնքել «Հարսնաքար» հյուրանոցային համալիրի տնօրեն Արթուր Մանուկյանը:

Լուսանկարը՝ Վիքիպահոցի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter