HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Միհրան Պողոսյանի ընտանիքի փաստաբաններն այլ գործով ծանրաբեռնված էին և չէին եկել Հակակոռուպցիոն դատարան

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում սկսվեց ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի և իր մերձավորների դեմ Գլխավոր դատախազության ներկայացրած հայցադիմումի քննությունը: Պահանջը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է: Սակայն, կողմերի լիազորությունները և անձը ստուգելուց հետո նիստը հետաձգվեց, քանի որ Միհրան Պողոսյանի ընտանիքի փաստաբանները հարգելի պատճառներով նիստին չէին կարողացել մասնակցել և միջնորդել են հետաձգել:

Նշենք, որ Գլխավոր դատախազությունն ընդդեմ Միհրան Պողոսյանի, տիկնոջ՝ Կարինե Մխիթարյանի, դստեր՝ Լիա Պողոսյանի, Գագիկ Բադալյանի, Էդուարդ Հարությունյանի, Արթուր Թադևոսյանի, Գոհար Նազարյանի և Անտոնիո Ռիկարդո Մերինոյի 2022թ.-ի սեպտեմբերի 30-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան: Դատարանի 2022թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Այսօրվա նիստին ներկա էին միայն դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը և Գագիկ Բադալյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը: Միհրան Պողոսյանի, Կարինե Մխիթարյանի և նրանց դստեր՝ Լիա Պողոսյանի ներկայացուցիչները միջնորդություն էին ներկայացրել դատարան, որ հետաձգվի դատական նիստը: Որպես հիմնավորում նշել էին, որ Վարչական դատարանում նույն օրը, նույն ժամին մեկ այլ գործով ավելի վաղ դատական նիստ է նշանակվել, իրենք ևս ներկայացուցիչ են և չեն կարող մասնակցել Հակակոռուպցիոն դատարանի նիստին:

Էդուարդ Հարությունյանի ներկայացուցիչը ևս միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր վստահորդի հետ հրավիրված է Քննչական կոմիտե, ինչի պատճառով չի կարող ներկայանալ այս դատական նիստին:

Դատարանը հարգելի համարեց միայն Միհրան Պողոսյանի և վերջինիս կնոջ ու դստեր փաստաբանների միջնորդությունը: Դատարանը նշեց, որ բավարար ապացույցներ են ներկայացել՝ դատարան չներկայանալու վերաբերյալ: Իսկ Էդուարդ Հարությունյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժեց, քանի որ միայն ծանուցագիր էր ներկայացվել, այլ ոչ ապացույց, որ փաստաբանն այդ գործով ծառայություններ է մատուցում: Բացի այդ, Հակակոռուպցիոն դատարանում գործի քննության վերաբերյալ ծանուցագիրը ստացել էր ավելի վաղ, քան Քննչական կոմիտեում հարցաքննության հրավիրվելը:

«Հետք»-ը դեռևս 2019թ.-ին գրել էր, որ Միհրան Պողոսյանի անվան հետ են կապվում Ծաղկաձորի նախկին «Գայի» ճամբարի տեղում կառուցված «Կեչառիս գարդենս» քոթեջները: 2014թ. ճամբարը դարձել է Գագիկ Սամվելի Բադալյանի սեփականությունը: Գագիկ Բադալյանը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է: Իսկ «Քեթրին գրուպ»-ի հիմնադիրը Միհրան Պողոսյանն է:

Քոթեջները գտնվում են Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցի հետնամասում, իսկ հյուրանոցը, ինչպես արդեն գրել էինք, պատկանում է նույն Միհրան Պողոսյանին, սակայն գրանցված է նրա ազգականի՝ Էդուարդ Հարությունյանի անվամբ: Վերջինս հանդիսացել է նաև «Բեստ ռեալթի» ընկերության տնօրենը, որի բաժնետերերն էին Միհրան Պողոսյանին պատկանող և Պանամայում գրանցված երկու ընկերությունները:

Գոհար Նազարյանը ևս կապ ունի ոչ միայն «Քեթրին Գրուպ», այլև «Ֆրուտիմէքս» ՍՊԸ-ների հետ: Այն հիմնադրել է Միհրան Պողոսյանը: Իսկ Ռիկարդո Անտոնիո Մերինոնն էլ ձևակերպված էր որպես «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանից և նրան փոխկապակցված յոթ անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագաձել հետևյալ գույքը.

  • Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 15 անշարժ գույք, որից 2-ը անհատական բնակելի տուն Երևան քաղաքում, 1 ավտոտնակ, 12 հասարակական նշանակության տարածք, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 3 մլրդ 502 մլն 570 հազար դրամ, ինչպես նաև մասնակցություններ 6 իրավաբանական անձերում,
  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 710 մլն 839 հազար 400 դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը,
  • 456 մլն 628 հազար 637 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 6 մլրդ 141 մլն 24 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել։

Նշենք, որ Միհրան Պողոսյանը Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը զբաղեցրել է 2008-2016 թվականներին։

Դատավոր Աշխեն Ղարսլյանը հայտարարեց, որ դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը մագիստրատուրայում եղել է իր համակուրսեցին: Կողմերը ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրին: Դատավորը ևս ինքնաբացարկ չհայտնեց: Հայտարարեց, որ այդ փաստն իրեն չի կաշկանդում՝ անաչառ և անկախ դատարան հանդես գալու համար:

Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 15-ին՝ ժամը 10:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter