HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապօրինի գույքի բռնագանձման վարչության միջնորդությամբ արգելանք է դրվել Միհրան Պողոսյանի ու նրա մերձավորների գույքի վրա

Արդեն 1,5 տարի է՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին և ընտանիքի անդամներին ու մերձավորներին պատկանող գույքի ուսումնասիրություն: Գլխավոր դատախազությունն առայժմ չի բացահայտում, թե խոսքը որ գույքերին է վերաբերում՝ պատճառաբանելով, թե շահագրգիռ անձանց բացատրությունների հիման վրա կարող է փոփոխվել գույքի շրջանակը: Հենց այդ պատճառով նպատակահարմար չի համարում մատնանշել բռնագանձվող գույքի կազմը:

Այն իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք»:

Ուսումնասիրությունը սկսվել է 2020թ. հոկտեմբերի 7-ից:

Ուսումնասիրությունը վերաբերում է ոչ միայն Միհրան Պողոսյանի գույքին, այլև նրա դստերը՝ Լիա Պողոսյանին, կնոջը՝ Կարինե Մխիթարյանին, Պողոսյանին պատկանող ընկերություններում պաշտոններ զբաղեցնող Գագիկ Բադալյանին, Արթուր Թադևոսյանին, Էդուարդ Հարությունյանին, Գոհար Նազարյանին, Անտոնիո Ռիկարդո Մերինոյին պատկանող գույքերին:

Ուսումնասիրության արդյունքում կազմվել է ամփոփագիր, և իրավասու վարչությունը նախկին պաշտոնյային ու նրա մերձավորներին հրավիրում է ծանոթանալու գործի նյութերին:

«Ներկայում շահագրգիռ անձինք ծանուցվել են իրենց գույքի վերաբերյալ ուսումնասիրության առկայության մասին: Օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, համապատասխան առաջարկի պարագայում, վարչությունում կքննարկվի հաշտության համաձայնություն կնքելու հարցը կամ կձեռնարկվեն միջոցներ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ»,-«Հետք»-ին փոխանցում են գլխավոր դատախազությունից:

Դատախազությունը հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան և 2022թ. ապրիլի 15-ի որոշմամբ արգելել է իրավասու մարմիններին հետաքրքրող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը:

«Հետք»-ը դեռևս 2019թ.-ին գրել էր, որ Միհրան Պողոսյանի անվան հետ են կապվում Ծաղկաձորի նախկին «Գայի» ճամբարի տեղում կառուցված «Կեչառիս գարդենս» քոթեջները: 2014թ. ճամբարը դարձել է Գագիկ Սամվելի Բադալյանի սեփականությունը: Գագիկ Բադալյանը «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է: Իսկ «Քեթրին գրուպ»-ի հիմնադիրը Միհրան Պողոսյանն է:

Քոթեջները գտնվում են Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցի հետնամասում, իսկ հյուրանոցը, ինչպես արդեն գրել էինք, պատկանում է նույն Միհրան Պողոսյանին, սակայն գրանցված է նրա ազգականի՝ Էդուարդ Հարությունյանի անվամբ: Վերջինս հանդիսացել է նաև «Բեստ ռեալթի» ընկերության տնօրենը, որի բաժնետերերն էին Միհրան Պողոսյանին պատկանող և Պանամայում գրանցված երկու ընկերությունները:

Գոհար Նազարյանը ևս կապ ունի ոչ միայն «Քեթրին Գրուպ», այլև «Ֆրուտիմէքս» ՍՊԸ-ների հետ: Այն ևս հիմնադրել է Միհրան Պողոսյանը: Իսկ Ռիկարդո Անտոնիո Մերինոնն էլ ձևակերպված էր որպես «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր:

Նշենք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ներկայում իրականացվում է 316 ուսումնասիրություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter