HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Չգիտեմ՝ ինչո՞ւ մեզ տարան Ջաբրայիլ, Հադրութ, մեր կրակային դիրքերն այլ ուղղությամբ են եղել»․ Ցորի դիվիզիոնի սպա Արիկ Գոքորյանի վկայությունը

«Ասում եք՝ արկը ընկավ, գնացիք դեպի զինվորները, որպեսզի պաշտպանություն իրականացնեք, իսկ ինչո՞ւ չփախչեցիք»,- հարցրեց տուժողների ներկայացուցիչ Լիպարտ  Սիմոնյանը հունիսի 19-ի դատական նիստում հարցաքննվող վկա Արիկ Գոքորյանին։

«Անձնակազմին ո՞նց թողնեմ փախչեմ»,- պատասխանեց Արցախի Հանրապետության ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզոնի 1-ին մարտկոցի ավագ սպան։

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 19-ին շարունակվում էր 2020թ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում շրջափակման մեջ հայտնվելու դեպքի վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Հիշյալ տեղամասում 1-ին մարտկոցի հետ երկու սպա է եղել՝ Արիկ Գոքորյանը և Գևորգ Գևորգյանը։ Վերջինս, լինելով հրետանային դիվիզիոնի շտաբի պետը և երկու դասակների հրամանատարը, պատասխանատու էր կրակակետից ողջ անձնակազմին դուրս բերելու համար։ «Ըստ կանոնադրության՝ դիվիզյոնի շտաբի պետը շարասյուներ կազմած պետք է մարտկոցները դուրս բերեր կրակային կետից, հետո ինքը դուրս գար»,- հայտնեց Ա Գոքորյանը։

Գործով մեղադրանք է առաջադրված Ցորի զորամասի հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանին՝ զինվորների ինքնապաշտպանությունը, վերջիններիս տարհանումը չկազմակերպելու, ավտոմեքենայով կրակային դիրքից փախուստի դիմելու համար:

Գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազ Հայկ Ռափյանը ցանկացավ ճշտել, թե այդ ժամանակ որտե՞ղ էր Գևորգ Գևորգյանը։ Վկան դատարանին հայտնեց, որ առաջին՝ «թողնել» հրամանը տալու ժամանակ մայոր Գևորգյանը 1-ին մարտկոցի մոտ է եղել` կրակային դիրքում, հետո գնացել է փլատակների մոտ։ Դրանից հետո չի վերադարձել իրենց մոտ, իսկ կրակոցների ժամանակ նրան չի տեսել։ Նրա ենթակայության տակ գտնվող «Սատկո» մեքենան կրկին չի վերադարձել իր նախկին տեղակայման վայրը։ Նրանց անձնակազմից այլևս ոչ ոքի չի տեսել, մտածել է՝ եթե մեքենան չկա, ուրեմն անձնակազմը դուրս է եկել։

«Ես զոհվածների ծնողների մոտ ասել եմ՝ փախուստ եմ համարում, ես այդպես եմ բնութագրել նրա գործողությունները»,- հայտնեց մայոր Գ Գևորգյանի նախկին ենթական,- հետագայում երբ վերլուծեցիք իրավիճակը, նույն կարծիքին մնացիք, որ Գ Գևորգյանը փախել է»։

Գործով մեղադրող, զինվորական դատախազության դատախազ Հայկ Ռափյանի ճշտող հարցադրմանը՝ կարո՞ղ եք  նշել որևէ գործողություն, որ ԳԳևորգյանը կատարել է հոկտեմբերի 11-ից սկսած։ «Ո՛չ»,-եղավ պատասխանը։ Վերջինս չհիշեց որևէ գործողություն, որ այդ երկու օրերին  շտաբի պետը կատարած լիներ։

Արիկ Գոքորյանն այս քրեական գործով հարցաքննվող առաջին սպան էր և ներկայացնում էր «Ջուվառլու» կոչվող տեղամասում հոկտեմբերի 12-ին դիվիզոնի շրջափակման մեջ հայտնվելու մանրամասները։ «Հոկտեմբերի 12-ին հակառակորդը մեզ վրա շատ էր կրակում, կեսօրից անընդհատ ճնշման տակ էին պահում երկու մարտկոցները։ Դրոնն անընդհատ պտտվում էր մեր գլխավերևում,  նկարում էին տարածքը և ԱԹՍ-ներով մեզ վրա ճշգրիտ կրակոցներ էին իրականացնում, սնարյադները դրսում շարված էին, դրանք պայթեցրին։ Ողջ օրը լարված է եղել»,- հայտնեց վկան։ 

Ա Գոքորյանը տեղեկացրեց, որ երեկոյան ժամը 5-ի մոտերքը դիվիզիոնի հրամանատարից հրաման են ստացել՝ ինչը հնարավոր է բարձել մեքենաներն ու դուրս գալ կրակակետից։ Մի քանի րոպե հետո հրամանը փոխվել է, ասել են՝ «թողնել», և նոր նշանակետ են տվել, որպեսզի նախապատրաստվեն հրաձգության։ Մեքենաները նորից ուղարկել է իրենց տեղը, անձնակազմին հրամայել է՝ նշանակետերը նախապատրաստել։ Չանցած 5-10 րոպե՝ դիվիզիոնի հրամանատարը կրկին շնչակտուր հրաման է տվել՝ «ոնց կարողանում եք՝ դուրս եկեք»։ 

Անձնակազմին հրամայել է անցնել շրջանաձև պաշտպանության, որպեսզի մեքենաները մոտենան, նստեն և շարասյունով դուրս գան, բայց արդեն՝ առանց հրանոթները կցելու։  «Ես գնացի փաստաթղթերը վերցնեմ և գամ մեքենայի մոտ։ Այդ ժամանակ ինձնից մի քիչ հեռու մի արկ պայթեց և կապի միջոցը, թղթերն ու շորերն ընկան ձեռքիցս։ Մոտենում եմ մի փոսի ու պառկում։ Թշնամին այդ ժամանակ ինտենսիվ կրակ էր արձակում և չէինք կարողանում շարժ անել»,- ասաց Ա Գոքորյանը։ Նշեց, որ այդ իրավիճակում փորձել է կազմակերպել անձնակազմի դուրս բերումը կրակակետից, բայց հակառակորդը սկսել է կրակել և չի ստացվել։

Արիկ Գոքորյանն անհասկանալի է համարում, թե ինչո՞ւ էին Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնը Հադրութ տեղափոխել։ «Մենք այդ մասերին ծանոթ չենք եղել, մեր կրակային դիրքերն այլ ուղղությամբ են եղել։ Չգիտեմ՝ ինչո՞ւ մեզ տարան Ջաբրայիլ։ Մեզ համար միանգամայն անծանոթ տեղանք է եղել»,- հայտնեց նա։ 

Ասաց, որ 2020թ սեպտեմբերի 27-ի առավոտյան իրեն արձակուրդից ետ են կանչել, Ասկերանի իրենց տեղակայման վայրում մի քանի ժամ մնալուց հետո տեղափոխել են Վազգենաշեն։ Մինչև հոկտեմբերի 5-ը եղել են այդ տարածքում և ոչ մի կորուստ չեն ունեցել, ո՛չ անձնակազմի, ո՛չ տեխնիկայի։ Հոկտեմբերի 5-ին տեղափոխել են Հադրութի «Ջրաշխարհ» կոչվող տեղանք, հետո «9-րդ կիլոմետր» կոչվող տեղանք։ Այդտեղ 3 օր մնալուց հետո իրենց կրկին բերել են «Ջրաշխարհ»։ Հոկտեմբերի 10-ին տարել են Ջուվառլու, ցույց են տվել կրակային դիրքի տեղանքը, որը իրենք որոշ չափով կահավորել են և այդտեղից հրաձգություն են կատարել։ Հոկտեմբերի 10-ին կրկին հրամայել են վերադառնալ «Ջրաշխարհ» կոչվող տեղանք և այնտեղ կրակային դիրք զբաղեցնել։ Հոկտեմբերի 11-ի առավոտյան հրամայել են Ջուվառլու գնալ, այստեղ կրակային դիրք ենք զբաղեցրել ու հրաձգություն կատարել։ 

«Մոտ տարածքի վրա էինք կրակում, որն իմ կարծիքով, այդպես չպետք է լիներ, բայց քանի որ հրամանը տալիս էին, այդպես էլ կատարում էինք»,- ասաց սպան։ 

Դատավարության մասնակից կողմերի հարցերին պատասխանելու համար կրկին վերադարձավ հոկտեմբերի 12-ի դեպքերին։ Մոտավորապես ժամը 5-ին հրաման են ստացել՝ հավաքվել ու դուրս գալ դիրքից, որից հետո «թողնել» հրաման է եղել։ Մոտ 7-10 րոպե անց կրկին կրակային դիրքը լքելու հրաման է տրվել։ 

Արիկ Գոքորյանը հայտնեց, որ առաջին թողնել հրամանից հետո հակառակորդը դեռևս տեսանելի չէր, բայց դիրքավորված անկանոն կրակում էին։ Երկրորդ հրամանից հետո թշնամին արդեն դիվիզիոնի կառավարման կետը շրջանցել էր ու հասել իրենց կրակակետերին։ Թշնամու մեծաքանակ խմբեր են տեսել, և՛ հայկական համազգեստով, և՛ ադրբեջանական։ Թշնամին թե ինչ զինատեսակով է կրակել՝ եզրակացրել են հետո՝ տեղանքում որոնողական աշխատանքներ կատարելու ժամանակ կրակված զինատեսակների մնացորդներից՝ ձեռքի նռնականետ, «մուխա» (հակատանկային նռնականետ), պայթած արկեր և այլն։ Իրենք միայն հրանոթ են ունեցել և ինքնաձիգով են զինված եղել։ 

Նրա ասելով՝ տեսան, որ դիմադրություն կա ներքևից, միանգամից չեն իջել, օրինակ, աջ կողմից իջել են այն ժամանակ, երբ դիմադրությունը թուլացել է։ Թշնամու տեղաշարժը եղել է ձախ կողմով, իրենց դիմացով։ Տեղեկություն չեն ունեցել, որ հակառակորդն արդեն դիրքավորվել է իրենց գլխավերևում։ «Այդ ժամանակ երկրորդ մարտկոցն արդեն դուրս էր եկել և, երբ վերլուծում ես՝ հասկանում ես, որ շրջափակման մեջ ենք եղել։ Միակ տեղը, որտեղից կարող էինք դուրս գալ՝ եղել է մեր թիկունքը, բայց մենք եղել ենք ափի մեջ, թշնամին վերևից «մաղել» է»,- նշեց 1-ին մարտկոցի հրամանատարը։ 

Նրա ասելով՝ կրակոցներն ընդհանուր դիվիզիոնի վրա միաժամանակ են եղել։ 2-րդ մարտկոցը 1-ից մոտ 500 մետր հեռավարության վրա է գտնվել, բայց նրանց տեղադիրքն ավելի հարմար էր դուրս գալու համար, դրա համար նրանց հաջողվել է դուրս գալ տարածքից։ Հայտնեց, որ մոտ մեկ ժամ մարտ են վարել և կարողացել են դուրս գալ շրջափակումից։ 2-րդ մարտկոցը դուրս գալու ժամանակ միայն վիրավորներ է ունեցել, իսկ 1-ին մարտկոցից փրկվել են՝ ինքը, Սերգեյ Դարագուլյանը և ՄՈԲ-ից մի քանի հոգի։ «Չչգիտեմ, թե ինչպես փրկվեցինք։ Հնարավոր չէր այդ կրակից փրկվել, բայց եղել է»,- ասաց Ա Գոքորյանը։

Հիշեցնենք, որ Ջուվառլու կոչվող տարածքում զոհվել է հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող, հրամանատարներից մեկն անհայտ կորած է համարվում։

Սպան պատմեց, որ իրենց մոտ է եղել նաև 1-ին մարտկոցից  Հայկ Մելիքյանը։ Բոլորը կրակում էին բացի Հայկից։ «Ասացին, որ «Ուրալ» մեքենան չի նկատել, անցել է Հայկի վրայով ու ողնաշարը կոտրել։ Տիգրանին ասում եմ՝ ձեռքը բռնի, ասա թող դիմանա մինչև տեսնենք, թե ինչ ենք կարողանում անել։ Այդ ժամանակ, մեզնից մոտ 15 մ-ի վրա մեքենան պայթեց։ Վարորդն ուզել էր դուրս գալ դեպի ճանապարհ, բայց սնարյադը կպել էր ու պայթեց։ Վարորդին՝ Սամվել Ղազարյանին, հետո մահացած եմ տեսել այդ հատվածից մոտ 2 կմ հեռավորության վրա։ Տեսանք, որ ականջի մոտից էր խփված, ոտքից վիրավոր էր եղել, մայկով կապել էր»,- վերհիշեց հրամանատարը։ 

Տեսնելով, որ օգնություն չի գալիս, մտածում է ինչ-որ ձևով վիրավորին հանել կրակակետից։ «Ես ոտքից վիրավորվում եմ, բայց մեքենան ուզում եմ բերել, որ վիրավորին դնենք մեջը։ ՄՈԲ-ից Կարոյին ասացի՝ քեզ կրակով պահենք մեքենան մոտեցրու, նա նստում է մեքենան, մոտենում և անցնում է մեր կողքով, չի կանգնում։ Հետո իմացա, որ վիրավորվել էր ոտքից ու ձեռքից, չի կարողացել մեքենան կանգնեցնել մեզ մոտ, մի քիչ անցել է ու մեքենան կողաշրջվել է։ Նա կարողացել էր մեքենայի միջից դուրս գալ։ Որոնողական աշխատանքի ժամանակ մեքենան շրջված վիճակում տեսել ենք այդտեղ»,- պատմեց վկան։ 

Հայտնեց, որ այդ ժամանակ թշնամին՝ մոտ 200-250 զինվոր, լավ զինված, կրակելով կամաց-կամաց իջնում էր, բայց շատ չէր մոտենում, որովհետև իրենց կողմից էլ կրակոց կար։ «Արդեն մթնել էր, սողեսող գնում էինք և փորձեցինք Հայկին էլ մեզ հետ տանել, բայց քանի որ նա չէր կարողանում քայլել, իսկ տղաները վիրավոր էին,  դժվարացանք նրան հանել տարածքից»,- ասաց Ա Գոքորյանը։ Սողալով՝ մի քանի ժամում հետևի սարն են բարձրացել, իրեն գրկած են տարել, որովհետև ոտքից վիրավոր էր և չի կարողացել քայլել։ Այդ ժամանակ թուրքերն արդեն մեր կրակային կետում էին և կրակում էին այնտեղ. նրանց խոսակցությունները լսվում էին։ 

Պատմեց, որ գիշերը մնացել են սարի վրա։ Հաջորդ օրը, երբ լուսացել է՝ որոշել է հետ գնալ։ Ասել է՝ եկեք վերադառնանք կրակային դիրք, տեսնենք ողջ մարդ կա՞ մեջները՝ հանենք։ Առավոտյան իջել են բարձունքի հակառակ կողմով, ճանապարհին տեսել են մեկը գլուխը բռնած պառկած է։ «Ասում եմ՝ հա՞յ ես, գլուխդ բարձրացրու, տեսնում եմ կառավարման դասակից Արգիշտի Բիչախչյանն է։ Հարցնում եմ՝ ոնց ես մնացել այստեղ, ձեր մեքենան դուրս է եկել։ Ասաց, որ վազել է մեքենայի հետևից, բայց չի հասցրել նստի։ Գիշերը մնացել է փլված շենքի պատի տակ, թուրքերը եկել են կողքով անցել, բայց չեն նկատել, առավոտյան լույսը բացվելուն պես դուրս է եկել։ Արգիշտին ասել է, որ թշնամին դեռ այնտեղ է և կրակակետ գնալը վտանգավոր է։ Քանի  որ մեր մի մասը վիրավոր էր, զինված չէինք ինչպես հարկն էր, որոշեցինք հետ գնալ»,- պատմեց վկան։ 

Վերադարձել են Ուխտաձոր գյուղի մոտ, զանգել է դիվիզիոնի հրամանատարին, տեղեկացրել իրենց գտնվելու վայրի մասին և օգնություն է խնդրել։ Իրենց տեղափոխել են հոսպիտալ, Սիսիանում ոտքը վիրահատել են, գիպս են դրել ու տեղափոխել Երևան։

Դատախազ Հայկ Ռափյանի հարցին՝ առաջին «թողնել» հրամանից հետո կհասցնեի՞ք հրանոթների փողերն ուղղել թշնամու ուղղությամբ և կրակել, Ա Գոքորյանը պատասխանեց, որ 10 րոպեն բավականին ժամանակ էր այդ անելու համար։ 

Արիկ Գոքորյանի ցուցմունքներից դժգոհ էր ամբաստանյալ Գ Գևորգյանը և չէր թաքցնում իր վրդովմունքը։ Իր նախկին ենթակային հակադարձելու համար կասկածի տակ դրեց նրա վիրավորվելու հանգամանքը՝ անհավանական համարելով նրա գտնվելու դիրքի պայմաններում ոտքից վիրավորվելը։ Այդ ժամանակ մեղադրող կողմի հարցին պատասխանելով Ա Գոքորյանը տեղեկացրեց, որ պատերազմն ավարտվելուց հետո հանդիպել է Գ Գևորգյանին՝ վերջինիս նախաձեռնությամբ։ «Նա իմացել էր, որ վիրավորվել եմ և ինձ տեսնելու համար այցելել է Երևանում գտնվող իմ բնակարան։ Մնացել է մոտ 10 րոպե, առանձնահատուկ բան չենք խոսել և գնացել է»,- հայտնեց վկան։

Նրանց վեճը հարթեց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ վկային հարցնելով՝ կա՞ն բժշկական փաստաթղթեր։ Վերջինս հավաստեց, որ և՛ փաստաթղթեր ունի, և՛ կարող է հետքերը ցույց տալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter