HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ՍԱՏՄ-ն մինչ օրս չի պարզել՝ որն է հավի մսում սալմոնելայի առաջացման պատճառը, բայց կասեցումները վերացրել է

Հունիսի 2-ին «Հետք»-ը ներկայացրել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ զուգահեռ արված տեղական հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ «Գետամեջ»-ի և «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի պաղեցված հավերի մեջ հայտնաբերվել էր սալմոնելա։

Այս երկու ընկերությունների գործունեությունը ՍԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել էր։ Վերջերս էլ՝ այդ կասեցումները վերացվել էին։

Ո՞րն էր սալմոնելայի առաջացման պատճառը. թռչուննե՞րն էին հիվանդ, թե՞ միսն աղտոտվել էր սպանդի, փաթեթավորման կամ վերամշակման փուլերում։ Այս հարցին չեն ցանկանում պատասխանել երկու արտադրողները, իսկ ՍԱՏՄ-ն ասում է, որ վերահսկողության տվյալների ամփոփումից հետո միայն կհստակեցվի սալմոնելայի առաջացման պատճառը։

Մինչդեռ մինչև հարուցչի պատճառը չպարզվեր ու չվերացվեր, արտադրամասը որևէ տեսակի գործունեություն ծավալելու իրավունք չուներ, սակայն թե’ «Գետամեջ»-ը, թե’ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն շարունակել և շարունակում են աշխատել՝ առանց սալմոնելայի առաջացման հստակ պատճառը պարզելու։



«Գետամեջ» և «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունների գործունեության կասեցման որոշումներից հետո և ընթացքում «Հետք»-ի ընթերցողները պարբերաբար լուսանկարներ էին ուղարկում, որտեղ երևում էր, որ այս երկու ընկերության ապրանքները շարունակում են վաճառվել խանութներում։

Հունիսի 8-ին կասեցված «Գետամեջ» ընկերության թռչնամիսը վաճառքում է հունիսի 11-ին

Հունիսի 15-ին կասեցված «Արաքս թռչնաֆաբրիկայի» թռչնամիսը վաճառքում է հունիսի 16-ին և 18-ին

«Հետք»-ը փորձել էր կապվել այս երկու ընկերությունների հետ՝ հասկանալու՝ ո՞րն է սալմոնելայի պատճառը, արդյոք թռչունները հիվանդ են եղել, անկում եղել է, թե՞ աղտոտումը երկրորդային է եղել։

«Արաքս թռչնաֆաբրիկան» այդպես էլ չցանկացավ մեկնաբանել իր արտադրամասում հայտնաբերված խախտումները, իսկ «Գետամեջ» ընկերության աշխատակիցն ասաց, որ իրենց մոտ «սալմոնելա չի եղել ընդհանրապես»։

Մենք հարցում էինք ուղարկել ՍԱՏՄ՝ պարզելու «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում և «Գետամեջ»-ում հայտնաբերված սալմոնելան ո՞ր փուլում է առաջացել, այն եղել է առաջնային (օրինակ՝ հիվանդ կենդանի), թե՞ երկրորդային (օրինակ՝ սպանդի, վերամշակման, փաթեթավորման փուլերում)։

ՍԱՏՄ-ից մեզ պատասխանել էին, որ քանի որ սննդամթերքի աղտոտումն արտադրության պրոցեսում հնարավոր է 3 միջանկյալ արտադրական գործընթացներում՝ թռչնամսի բուծում, մորթ, փաթեթավորում, ստուգումների արդյունքների վերլուծության հիման վրա բացվել է անասնահամաճարակային մշտադիտարկման հրաման.

«Վերահսկողական գործընթացների ավարտից և ամփոփումից հետո, դրանց տվյալների վերլուծության արդյունքում կհստակեցվի առաջնային կամ երկրորդային աղտոտվածության պատճառը»։

ՍԱՏՄ պատասխանը՝ «Հետք»-ին

Այսինքն՝ փորձաքննությունից մեկ ամիս անց, առանց սալմոնելայի առաջացման պատճառը պարզելու, համապատասխան միջոցառումներ իրականացնելու և վերացնելու, ՍԱՏՄ-ն դեռևս չունի հստակ պատասխան՝ որն էր սալմոնելայի առաջացման պատճառը, իսկ այս երկու ընկերությունները շարունակում են թռչնամիս վաճառել։

Հայտնաբերվել է սալմոնելա. ի՞նչ է սահմանում օրենքը

Կառավարության՝ 2006թ. 3 օգոստոսի N 1081-Ն որոշմամբ՝ սալմոնելան ներառված է «Պարտադիր ծանուցման հիվանդությունների» ցանկում։

Պարտադիր ծանուցման կենդանիների ինֆեկցիոն հիվանդություններ՝ լիազորված մարմնի կողմից սահմանված ցանկում ընդգրկված հիվանդություններ, որոնց բացահայտման կամ կասկածի դեպքերը անհապաղ հաղորդվում են անասնաբուժական համապատասխան մարմիններին։

Հատված՝ Կառավարության N 1081-Ն որոշումից

«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների բռնկման, հիվանդության ախտորոշումը հաստատելու դեպքում պետք է իրականացվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ:

Մասնավորապես, ըստ օրենքի, ախտորոշումը հաստատվելուց հետո, ՍԱՏՄ-ն առաջարկություն է ներկայացնում տարածքային կառավարման մարմիններին՝ կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների վերացման համալիրում վարակի օջախի, դրա նկատմամբ պաշտպանության ու վերահսկողության ենթակա տարածքներում կարանտին սահմանելու, իսկ կարանտինային հիվանդություն չհանդիսացող հիվանդությունների դեպքում` սահմանափակումների վերաբերյալ։

Հաշվի առնելով հիվանդության հարուցիչի ախտածնությունը և վարակունակությունը, տարածման առանձնահատկությունները՝ այդ առաջարկության հիման վրա տարածքային կառավարման մարմինը սահմանում է կարանտինային գոտի, որտեղ իրականացվում են հակաանասնահամաճարակային միջոցառումներ` 

  • եթե հիվանդության հարուցիչը վտանգավոր է նաև մարդկանց առողջության համար, անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են առողջապահության մարմինների հետ համատեղ
  • եթե տնտեսական և (կամ) հիվանդության տարածման կանխման նպատակով անասնահամաճարակային տեսակետից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և հիվանդությունների դեմ պայքարի հրահանգներով թույլատրվում է հիվանդ կենդանիների սանիտարական սպանդ, ապա սպանդանոցներում, կենդանական ծագման հումք և մթերք վերամշակող կազմակերպություններում, անկախ դրանց սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, սանիտարական սպանդի են ենթարկվում հիվանդ կամ հիվանդացության մեջ կասկածվող վտանգված կենդանիները, և (կամ) վերամշակվում են դրանց սպանդից գոյացած մթերքն ու հումքը.
  • երբեմն՝ կարանտինի ժամկետը երկարաձգվում է

Արտահանումների և ներմուծումների ժամանակ կենդանիներին ուղարկող և ստացող տնտեսություններում իրականացվում է անասնաբուժական հսկողություն՝ կարանտինային միջոցառումների պարտադիր անցկացմամբ:

Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին 18 հունիսի 2010թ․ N 317 որոշման մեջ սահմանվում են, թե որոնք են կարանտինային միջոցառումները։

Կարանտինային միջոցառումներ՝ հատուկ և կազմակերպչատնտեսական միջոցների համալիր՝ ուղղված կենդանիների վարակիչ, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների աղբյուրների տեղայնացմանը և վերացմանը։

Հատված՝ Մաքսային միության հանձնաժողովի N317 որոշումից

 

Դադարեցնել տնտեսական գործունեությունը, քանի դեռ սալմոնելայի պատճառը հայտնի չէ. անասնաբույժ

Անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Մկրտչյանն ասում է, որ սալմոնելա կարող է լինել երկու դեպքում. կա’մ թռչունները հիվանդ են եղել, և նրանց սպանդից հետո միսն իրացվել է, կա’մ թռչունները հիմնականում առողջ են եղել, բայց մորթից հետո միսն աղտոտվել է սալմոնելաներով։ Եվ կարևոր է հասկանալ՝ որ տարբերակն է։

«Եթե թռչուններն են եղել հիվանդ (առաջնային աղտոտում, հեղ.), իհարկե, պետք էր կարանտին հայտարարել, միջոցառումներ անցկացնել,- ասում է անասնաբույժը։ Կարանտին նշանակում է, որ արգելում են կենդանիների ներմուծումը, արտահանումը»։

Արթուր Մկրտչյանն ասում է, որ առաջնային աղտոտման դեպքում հիվանդ թռչուններին պետք է վերացնել, մնացածին՝ ենթարկել ախտորոշիչ հետազոտությունների, հիվանդության մասով կասկածվող նույն արտադրամասի բոլոր թռչուններին դարձյալ ենթարկել սպանդի, միսն օգտագործել ջերմային վերամշակումից հետ։ Մնացածին պետք է պահել վերահսկողության տակ։

Ըստ նրա` ՍԱՏՄ տեսուչները անասնաբուժական վերահսկողություն իրականացնելիս, պետք է ժամանակ առ ժամանակ այցելեն այդ տնտեսություններ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է։

Անասնաբույժի խոսքով՝ պետք է ստեղծվի համաճարակաբանական հանձնաժողով, որը պետք է պարզի հիվանդության պատճառը՝ որտեղից է թափանցել, տնտեսությունու՞մ է բռնկվել, թե՞ դրսից է եկել, կերերի՞ միջոցով, թե՞ կենդանիների, ո՞նց է տարածվում.

«Այդ ընթացքում տնտեսական բոլոր գործունեությունները դադարեցվում են, մինչև որ կարանտինը չեղյալ է հայտարարվում, տնտեսությունն էլ՝ առողջացած։ Իհարկե, ոչ մի գործունեություն էլ պետք է չիրականացնեին, մինչև պարզվեր այս ամեն ինչը»,- ասում է նա։

Խոսելով մարդու համար սալմոնելայի վտանգի մասին՝ Արթուր Մկրտչյանն ասում է, որ այն գերվտանգավոր հիվանդություն է.

«Սիբիրախտից, տուբերկուլյոզից, բրուցելյոզից հետո սալմոնելան համարվում է ամենավտանգավոր զոոանտրոպոնոզ, այսինքն՝ կենդանուց մարդուն փոխանցվող հիվանդությունը։ Այն տոքսիկոինֆեկցիա է համարվում, այսինքն՝ ոչ միայն հարուցիչն է ազդում օրգան համակարգերի վրա, այլ ազդում են նաև նրա թույները»,- ասում է նա։

Նախկին՝ ԽՍՀՄ օրենսդրությամբ, եթե նույնիսկ կիսաֆաբրիկատներում էր հայտնաբերվում սալմոնելա, դրանք խոտանում էին։ Այն հարցին, արդյոք ջերմային վերամշակումը կարող է վերացնել սալմոնելան, անասնաբույժն ասում է, որ դա ոչ միշտ է օգնում, քանի որ սալմոնելաներն արտադրում են էնդոտոքսիններ, որոնք ջերմակայուն են։

«Նույնիսկ բոտուլիստական տոքսինները 15 րոպեում քայքայվում են, իսկ սալմոնելաների էնդոտոքսինները երկար ժամանակ չեն քայքայվում, նույնիսկ եփած կերակուրի մեջ կարող են մնալ։ Դրա համար, եթե հայտնաբերվել է, ամբողջ պարտիան պետք է խոտանվի, թռչուններն էլ պետք է ոչնչացվեն, տանեն այրեն»,- ասում է նա։

 

Մինչ այդ, ՍԱՏՄ-ն հունիսի 16-ին վերացրել է «Գետամեջի», իսկ հունիսի 27-ին՝  «Արաքս թռչնաֆաբրիկայի» գործունեության կասեցումները։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter