HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ավտոմեքենաների արտահանման բումը Հայաստանից, վրացական արգելքն ու անորոշությունը

Հայաստանում ավտոմեքենաների ներմուծման ու արտահանման շեշտակի աճ է գրանցվել այս տարվա առաջին կիսամյակում։ Աննախադեպ քանակի մեքենաներ են բերվել Հայաստան ու արտահանվել։ Սակայն, օգոստոսին Վրաստանի կառավարությունն անակնկալ հայտարարեց, որ արգելում է իր տարածքով եվրոպական և ամերիկյան արտադրության մեքենաների տեղափոխումը Ռուսաստան։ Սա վերաբերում է նաև Հայաստանից արտահանվող մեքենաներին, որոնք Ռուսաստան են հասնում Վրաստանի տարածքով։ «Հետք»-ը պարզել է, թե որտեղից, քանի մեքենա է բերվել Հայաստան ու արտահանվել, ինչպե՞ս է վրացական արգելքն ազդել այդ շուկայի վրա, և արդյոք հայ գործարարներն այլ ելք չեն գտել։

2023 թվականի առաջին կիսամյակում ավտոմեքենաների արտահանումը Հայաստանից 20 անգամ աճել է

2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 13 955 հատ մարդատար ավտոմեքենա, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 311 մլն դոլար։ Ինչպես ցույց է տալիս Մաքսային ծառայության տվյալների վերլուծությունը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ արտահանված ավտոմեքենաների թե՛ քանակը, թե՛ արժեքը շուրջ 20 անգամ աճել են։ 

Ավտոմեքենաների արտադրություն չունեցող Հայաստանն այդ մեքենաները արտասահմանից է բերում՝ հիմնականում Ռուսաստան վերաարտահանելու համար։ 2022 թվականի փետրվարից հետո, երբ արդեն սկսվել էր ռուս-ուկրաինական պատերազմը, Արևմուտքը տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ։ Ի թիվս այլ ապրանքների՝ արգելվեց նաև ավտոմեքենաների արտահանումը իրենց երկրներից Ռուսաստան։ ՌԴ-ում փակվեցին արևմտյան երկրներում արտադրվող մեքենաների ավտոսրահները։ 

Սակայն, Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում ու այլ երկրներում արտադրված մեքենաները երրորդ երկրների միջոցով սկսեցին տեղափոխվել Ռուսաստան։

«Դեռ նախորդ տարվանից մեքենաներ ենք բերում Հայաստան, որոնց եթե ոչ 90, ապա 70-80%-ը հաստատ Ռուսաստանից ստացված պատվերներն են։ Բերում ենք Վրաստանի տարածքով՝ Փոթիով, Հայաստանում վճարում ենք հարկերը, մաքսազերծում ենք, հետո էլի արդեն Վրաստանի ցամաքային տարածքով տանում ենք Ռուսաստան։ Մեքենաները դրսից գալիս են մի քանի ամսվա ընթացքում, բայց արդեն Ռուսաստան տանելը արագ ենք կազմակերպում»,- «Հետք»-ին պատմում է Հրաչ Հովհանիսյանը, որը զբաղվում է ավտոմեքենաների առքուվաճառքով։

Ներմուծվում և արտահանվում են ոչ միայն նոր, այլև՝ վնասված, օգտագործված մեքենաներ։ Քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ նույն մաքսային տարածքում է՝ ԵԱՏՄ-ում, այստեղից արտահանելն ավելի ձեռնտու է՝ առանց կրկնակի մաքսազերծման։ Հակառակ դեպքում, եթե մեքենաները արտահանվեին միանգամից Վրաստանից, արտահանողները ստիպված էին լինելու ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարել։ 

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից ավելի շատ ավտոմեքենա է արտահանվել, քան, օրինակ, պղինձ, ոսկի կամ կոնյակ, որոնք միշտապես արտահանման առաջատարներն են եղել արժեքով։

Առաջին կիսամյակում  արտահանված  ավտոմեքենաների քանակի 97%-ը Ռուսաստան է առաքվել։  Քիչ քանակությամբ արտահանվել է Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան։ Ընդ որում՝ դեպի Ղազախստան և Ղրղզստան նախորդ տարվա առաջին կիսամյակում ավտոմեքենաների արտահանումներ չեն իրականացվել։ Դեպի Ռուսաստան արտահանումն այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, աճել է 22 անգամ, դեպի Վրաստան՝ 6 անգամ։ 

«Որտեղից ասես՝ բերում ենք, բայց Վրաստանի որոշումը մեզ փաստի առաջ է կանգնեցրել, տեղական շուկայում ահռելի կուտակում կլինի»

Այս տարվա առաջին կիսամյակում ավտոմեքենաները առաջին տեղն են զբաղեցնում նաև Հայաստանի ներմուծման ցանկում։ Ըստ արժեքի՝ ավելի շատ ավտոմեքենա է ներմուծվել, քան, օրինակ՝ գազ, նավթամթերք, ադամանդ, սննդամթերքի խմբեր և այլն։ 

Այսպես, 2023-ի հունվար-հունիսին Հայաստան է ներմուծվել 51 210 հատ ավտոմքենանա, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 771 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ ներմուծված ավտոմեքենաների քանակն ու արժեքն աճել են շուրջ 3.5 անգամ։

Առաջին եռյակում են ԱՄՆ-ից, Ճապոնիայից և Մեքսիկայից բերված մեքենաները։ Ներմուծվում են նաև Կորեայի Հանրապետությունից, Գերմանիայից, Չինաստանից, Կանադայից ու այլ երկրներից։ Ընդ որում՝ ներմուծումներն աճել են անգամներով։ 

Ինֆոգրաֆիկան ավելի մեծ չափով տեսնելու համար կարող եք բացել առանձին պատուհանով (Open Image in New Tab):

«Որտեղից ասես՝  բերում ենք, քանի որ պահանջարկ կա։ Ընդ որում՝ քանի որ բերելը մի քանի ամիս է տևում, հիմա սպասվում է, որ էլի ավելի մեծ հոսք կլինի, բայց Վրաստանի արգելքը մեզ փաստի առաջ է կանգնեցրել։ Ահռելի կուտակումներ են լինելու։ Հայկական շուկայում այդքան պահանջարկ չկա, իսկ մենք պատվերները վերցրել ու մեքենաները գնել ենք ամիսներ առաջ, երբ դեռ չգիտեինք, որ Վրաստանը թույլ չի տալու իր տարածքով մեքենաներ տանել Ռուսաստան»,- ասում է Հրաչ Հովհանիսյանը։ 

Իր տարածքով դեպի Ռուսաստան ու Բելառուս ամերիկյան և եվրոպական արտադրության ավտոմեքենաների արտահանման արգելքի մասին Վրաստանի իշխանությունները հայտարարել են այս տարվա օգոստոսի սկզբին։ Ինչպես հայտարարվել է, խոսքը 1.9 լիտր ծավալից ավելի բարձր շարժիչ ունեցող ավտոմեքենաների մասին է, ինչպես նաև՝ բոլոր էլեկտրական և հիբրիդային մեքենաների։ 

Հայաստանի վիճակագրական կոմիտեի ամսական տվյալները ցույց են տալիս, որ այս տարվա առաջին յոթ ամիսներին Հայաստանն ակտիվորեն արտահանել է մեքենաներ, սակայն արդեն ութերորդ ամսին՝ օգոստոսին, ծավալները կտրուկ ընկել են։ Եթե առաջին յոթ ամիսներին ամսական արտահանվել է 43-67 մլն դոլարի ավտոմեքենա, ապա օգոստոսին՝ ընդամենը 12 մլն դոլարի։ Հուլիսի համեմատ օգոստոսին արտահանումը կրճատվել է մոտ 6 անգամ։ Նույն ընթացքում ներմուծումը կրճատվել է շատ ավելի քիչ՝ 10%-ով, քանի որ ամիսներ առաջ գնված մեքենաներն այսօր են Հայաստան հասնում։ 

«Մեգավա» ՍՊ ընկերությունը ևս զբաղվում է ավտոմեքենաների առքուվաճառքով։ Ընկերության հիմնադիր տնօրեն Գևորգ Ավագյանը համեմատում է արտահանումները հիմա և 3-4 ամիս առաջ ու նկատում, որ դրանք առնվազն եռակի նվազել են։ 

«Ընդհանուր շուկայի վրա վրացական արգելքը միանշանակ արդեն ազդել է բացասաբար։ Բարձր հզորությամբ, բարձր շարժիչով ավտոմեքենաների արտահանումն է հիմնականում արգելվում, և դրանք էլ այն մեքենաներն են, որոնց պահանջարկը Ռուսաստանում կա։ Բացի վրացական արգելքից, արդեն Ռուսաստանում էլ են խնդիրներ առաջացել մեքենաների էլեկտրոնային հաշվառման հետ կապված»,- «Հետք»-ին ասում է Գևորգ Ավագյանը։ 

Հարցին, թե ինչ պետք է արվեն այն մեքենաները, որոնք դեռ Հայաստան չեն հասել, բայց արդեն չեն էլ կարող արտահանվել Ռուսաստան, Ավագյանը պատասխանում է, որ իրենք էլ հստակ չգիտեն, կփորձեն տեղական շուկայում վաճառել։ Սակայն, տեղական շուկայում այքան մեծ պահանջարկ չկա, և մեծ է վտանգը, որ շուկայում կուտակումներ կառաջանան։ 

Մեքենաների առքուվաճառքով զբաղվողները չեն շտապում կանխատեսել՝ արդյո՞ք կկարողանան Ռուսաստանին փոխարինող այլ շուկաներ գտնել մեքենաները արտահանելու համար՝ թեև այս առումով մեծ ընտրություն չկա, գնային ի՞նչ փոփոխություններ են սպասվում շուկայում և այլն։ Առավել հնարամիտները մտածում են՝ ինչպես շրջանցել արգելքը մեծ գումարներ չկորցնելու համար։  

«Իրականում կան բացառություններ, որոնք թույլ են տալիս մեքենաները Ռուսաստան տանել։ Մեքենաների սեփականատերերը պետք է լավ ծանոթ լինեն կանոններին։ Այսօր էլ որոշակի քանակի մեքենաներ թույլ են տալիս արտահանել, լինում են բացառություններ։ Սակայն, եթե նախկինում Հայաստանից օրական մոտ 80 ավտոմեքենա էր արտահանվում Վրաստանի տարածքով, հիմա՝ 30-35 հատ»,- ասում է Գևորգ Ավագյանը։ 

Տնտեսագետ Աղասի Թավադյանը մշտապես հետևում և վերլուծում է արտաքին առևտրի տվյալները։ Նկատում է, որ Հայաստանի վերաարտահանվող ավտոմեքենաների հիմնական մասը մոտ 1.9-3 լիտր ծավալի շարժիչով մեքենաներ են, որոնց արտահանումն էլ հիմա արգելում է վրացական կողմը։  

«Ինչպես ավտոմեքենաների, այնպես էլ մյուս ապրանքների վերաարատահանումը Հայաստանի տնտեսության վրա կարճաժամկետ դրական ազդեցություն է թողնում։ Դրանք, եթե ավելի պարզ ասենք, վերավաճառքներ են, որոնց ընթացքում արտահանողները եկամուտ ու շահույթ են ստանում։ Հիմա Ռուսաստանը «սոված» շուկա է և արագորեն կլանում է Հայաստանից վերաարատահանվող ապրանքները։ Բայց եթե մի օր արգելքները հանվեն Ռուսաստանի վրայից, հայկական կողմի վերաարատահանողները միանգամից կտուժեն, կտուժի նաև ամբողջ հայկական տնտեսությունը։ Սակայն, եթե միայն ավտոմեքենաները դիտարկենք, գուցե ազդեցությունը այդքան մեծ չլինի»,- նշում է տնտեսագետը։ 

Ավտոմեքենաների վերաարտահանման արգելքի պայմաններում, ըստ նրա, երկու սցենար կարող է առաջիկա ամիսներին տեղի ունենալ։ Առաջինը՝ ավտոմեքենաները կկուտակվեն Հայաստանում, բայց քանի որ այստեղ այդքան պահանջարկ չկա, սեփականատերերը ստիպված կլինեն իջեցնել գները դրանք տեղական շուկայում վաճառելու համար, նույնիսկ, եթե վնասով աշխատեն։ Այս տարվա առաջին կիսամյակի տվյալները ցույց են տալիս, որ 3.7 անգամ ավելի շատ մեքենա է ներմուծվել Հայաստան, քան արտահանվել: Սա ևս կարող է վկայել ավտոմեքենաների կուտակման մասին։ 

«Երկրորդ սցենարի պարագայում կապիտալի ներհոսք կարող է լինել Ռուսաստանից Հայաստան՝ հաշվի առնելով Ռուսաստանի ներկա վիճակը։ Այդ մեքենաների նկատմամբ պահանջարկը կարող է մեծանալ, արտահանողները ելքեր գտնեն Ռուսաստան արտահանելու համար, որի պարագայում գները չեն իջնի։ Սրան զուգահեռ սեփականատերերը կարող են այլ շուկաներ գտնել ավտոմեքենաները արտահանելու համար՝ Իրան, Վրաստան, Ղազախստան և այլն՝ թեև սրա հավականակությունը փոքր է, արտահանելը ավելի թանկ է արժենում»,- նկատում է տնտեսագետը։ 

Թանկարժեք մեքենաների առևտուրը

Վերջին հինգ տարիներին մեծ քանակի ավտոմեքենաներ են ներմուծվել Հայաստան նաև 2019 թվականին։ Նշված տարում ներմուծվել է ավելի քան 208 հազար մեքենա՝ մոտ 560 մլն դոլարի։ Դրանք հիմնականում ցածր արժեքի մեքենաներ էին, քանի որ միջինում մեկ ավտոմեքենայի արժեքը կազմել է ընդամենը մոտ 2700 դոլար։

Համեմատության համար՝ այս տարվա առաջին կիսամյակում ներմուծված մեկ մեքենայի միջին արժեքը կազմել է 15 հազար դոլար, իսկ արտահանվածինը՝ 22 հազար դոլար։ 

2020 թվականից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացել են և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին։ Մինչ այդ՝ 2018-2019 թվականներին, քաղաքացիները փորձել են ներմուծել ու հասցնել մաքսազերծել մեքենաները, քանի դեռ դրանց մաքսատուրքերը չեն բարձրացել։ Ոմանք մեքենա են բերել սեփական օգտագործման համար, ոմանք՝ հետագայում ավելի բարձր գնով վաճառելու նպատակով։ Սակայն, վիճակագրությունը ցույց է տալիս, որ հետագայում դրանց փոքր մասն է արտահանվել։ 

Հաջորդ տարիներին ավտոմեքենաների ներմուծումն ու արտահանումը կտրուկ նվազել են և նույնքան կտրուկ աճել 2022 թվականից ու արդեն այս տարվա առաջին կիսամյակում էական ծավալների հասել։


Հայաստանի կառավարությունը հերքում է արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և Ռուսաստանին օգնելու մեղադրանքները

Ավտոմեքենան միակ ապրանքախումբը չէ, որի արտահանումը Հայաստանից Ռուսաստան 2022 թվականից կտրուկ աճել է։ Արտահանվել են այնպիսի ապրանքներ, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ Դրանց շարքում են՝ հեռախոսներ, էլեկտրոնային սխեմաներ, համակարգիչներ, հեռաստացույցներ, տարատեսակ սարքավորումներ, անգամ՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, ներկեր, լաքեր և այլն։  

Արևմտյան երկրներում արտադրված ապրանքները Ռուսաստան են հասնում ոչ միայն Հայաստանի, այլև՝ Ղրղզստանի ու Ղազախստանի, երբմեն էլ՝ Վրաստանի միջոցով։ 

Արևմուտքից պարբերաբար ազդակներ են հնչում, թե Հայաստանն օգնում է Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։ 

Վերաարտահանումների ռիսկերի մասին խոսում են նաև Հայաստանի փորձագետները։ 

Հայաստանից երկու ընկերություն այս ընթացքում հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ՝ Ռուսաստան վերաարտահանումների «մեղադրանքով»։ 

Հայաստանի կառավարությունը, սակայն, հերքում է, որ Հայաստանը ներգրավված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շրջանցելու շղթայում։ Պատժամիջոցները շրջանցելու մասին խոսակցությունները ոչ այլ ինչ են, քան ուղղակի խոսակցություններ։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս տարվա մարտի 2-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայաստանը չի պատրաստվում պատժամիջոցների շրջանցման միջավայր դառնալ։ Մենք շատ սերտորեն և թափանցիկ կերպով աշխատում ենք ոչ միայն ԵՄ համապատասխան մարմինների հետ, այլև ԱՄՆ-ի և բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը հաստատկամ է խուսափելու այնպիսի միջավայր ստեղծելուց, որտեղ կարող են շրջանցվել պատժամիջոցները»,- այս մասին էլ հուլիսին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսից հետո։ 

Կառավարության անդամներն այլ առիթներով ևս հայտարարել են, որ Հայաստանը փորձում է գործընկերային հարաբերությունները պաշտպանել ինչպես Արևմուտքի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter