HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տեխնիկա վերաարտահանող ընկերությունները թռիչքային աճ են գրանցում խոշոր հարկատուների ցանկում

Այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով՝ (2023թ. հունվար-սեպտեմբեր) Հայաստանի խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ հանքարդյունաբերող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)։ Ընկերությունը 9 ամսում պետական բյուջե է վճարել 52.4 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր։ Չնայած առաջատարի դիրքին՝ հանքարդյունաբերողի հարկերը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 2.5 անգամ։ Այս մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ 

Նախորդ տարի ԶՊՄԿ-ի հարկերի աճին նպաստել էին պետական տուրքի բարձրացումը, միջազգային շուկաներում պղնձի գնաճը, ինչպես նաև՝ հարկային ստուգումների արդյունքում արձանագրված 15 մլրդ դրամի խախտումները, որոնք վերականգնվել են պետբյուջե 2022 թվականին։ 

Այս տարվա հարկերից երևում է, որ ընկերությունը նվազեցրել է ինչպես շահութահարկը, այնպես էլ՝ «այլ հարկեր և վճարներ» տողով կատարված վճարումները, որոնց բացվածքը ցանկում չի երևում։ 

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ խոշորների վճարած հարկերի ծավալը, ընդհանուր առմամբ, կազմել է մոտ 1 տրլն 267 մլրդ դրամ։ 2022-ի նույն ամիսների համեմատ այն աճել է 184 մլրդ դրամով կամ 17%-ով։ 

2023-ի հունվար-սեպտեմբերին հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որի հարկերը կազմել են 39.5 մլրդ դրամ՝ նվազելով 5.5%-ով։  

Եռյակը եզրափակում է ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն՝ 31 մլրդ դրամ հարկերով և 4.4% անկմամբ։

Հաջորդ երկու հորիզոնականները զբաղեցրել են տեխնիկա ներմուծող, վաճառող և արդեն նախորդ տարվանից արտահանող «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն (Mobile Centre ) և «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն (VESTA)։ 

«Մոբայլ Սենթր Արթ»-ը հայտնվել է չորրորդ հորիզոնականում՝ այս տարվա ինն ամիսներին վճարելով 30.1 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 4 անգամ։

Հարկերի թռիչքային աճով հինգերորդ տեղում է «Փրիթի ուեյ»-ը, որը վճարել է 23.3 մլրդ դրամ, աճը՝ 11 անգամ։ 

Ինչպես նախկինում գրել ենք, այս երկու ընկերությունների հարկերի կտրուկ աճին, ամենայն հավանականությամբ, նպաստել են Հայաստանից Ռուսաստան տեխնիկայի վերաարտահանումները։ 

Ինչպես կարելի է տեսնել ինֆոգրաֆիկայում, Հայաստանի խոշորագույն հարկատուների առաջին տասնյակում 2022 թվականի հունվար-հունիսին հայտնվել են նաև «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ու «Արդշինբանկ» ՓԲԸ-ն։ Բանկերը նախորդ տարի ռեկորդային շահույթ են ստացել, որի գծով գոյացած շահութահարկը վճարել են այս տարվա ապրիլին։ Նրանց հարկերի աճը պայմանավորված է շահութահարկով։ 

Վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «ՍԻՓԻԷՍ էներջի գրուպ» ՍՊԸ-ն (CPS) խոշորների ցանկում ութերորդն է՝ 16.6 մլրդ դրամով և 40% աճով։ 

Ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն այս ընթացքում հարկերի 3.8% նվազում է գրանցել և 15.7 մլրդ դրամով հայտնվել իններորդ տեղում։

Խոշորագույն հարկատուների առաջին տասնյակն այս անգամ եզրափակում է ծխախոտ ներմուծող «Ջեյ Թի Այ Արմենիա»-ն։ Ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբերին վճարել է մոտ 14 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 27%-ով ավելացել է:

Գլխավոր լուսանկարը՝ Vesta-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter