HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանից խոշոր ծավալի ռուսական ադամանդ է  վերաարտահանվում ԱՄԷ. ովքեր են գլխավոր «դերակատարները»

Հայաստանից ադամանդի արտահանումը նոր ռեկորդներ է գրանցում։

Այս տարվա առաջին կիսամյակում այն արտահանման ցանկում երրորդ տեղում է։ Զիջում է միայն ոսկուն և ավտոմեքենաներին։ Քանի որ անհամեմատ փոքր ծավալի ադամանդ է մշակվում (վերամշակվում) Հայաստանում, կարելի է  եզրակացնել, որ սա պարզապես ադամանդի վերաարտահանում է։ Տեղական շուկան դրանից էական օգուտներ չի ստանում։

Այս հոդվածում ներկայացել ենք նաև, թե որտեղից է գալիս ադամանդը և ուր է վերաարտահանվում։ Դրա հետ կապված՝ նաև ուրվագծվում է Հայաստանից ԱՄԷ փողերի արտահոսքի և ներհոսքի շղթան։ 

10 ամսում Հայաստանից  487 մլն դոլարի ադամանդ է արտահանվել

Մաքսային ծառայության տվյալներով՝ 2023 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է մոտ 3.7 մլն կարատ ադամանդ, որի ընդհանուր արժեքը կազմել է 487 մլն դոլար։ Առնվազն վերջին տասը տարում Հայաստանից այս ծավալի ադամանդ չի արտահանվել։  

Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Հայաստանից արտահանված ադամանդի քանակն աճել է 2 անգամ, արժեքը՝ 56%-ով։ Այլ խոսքով՝ արտահանվել է ավելի մեծ քանակի և միջինում ավելի էժան ադամանդ։  

Սովորաբար, հայ ադամանդագործները հումքը ներմուծում են դրսից, վերամշակում և արտահանում։ Սակայն, նախորդ տարվանից «օրինաչափությունը» խախտվել է։ Արտահանվող ադամանդի գերակշիռ մասը պարզապես վերաարտահանվել է։ 

Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանից դուրս է եկել 3.7 մլն կարատ ադամանդ, փոխարենը Հայաստանում մշակվել է ընդամենը 141 հազար կարատ ադամանդ։ Այն էլ՝ հիմնականում տեղական շուկայի պահանջարկը բավարարելու համար։ 

Ադամանդագործները, որոնք հիմնականում անհատական պատվերներ են կատարում ու ոսկու շուկաներում փոքր ծավալի վաճառքներ, խուսափում են բացեիբաց խոսել ոլորտի վիճակի մասին։ Սակայն, նշում են, որ շուկայում այնպիսի «բում» չկա, որի արդյունքում տեղական ադամանդագործներն այնքան կտրուկ մեծացրած լինեին արտադրանքի ծավալները, որ արտահանումն աճեր։ 

«Ադամանդի հումքը կամ հենց մենք ենք բերում դրսից, կամ խոշոր ներմուծողներից ենք գնում։ Խոշորները մեծ մասը դուրս են տանում՝ առանց վերամշակելու, բայց ավելի էժան են կարողանում բերել։ Իրենցից գնելն ավելի ձեռնտու է»,- ասում է մեր զրուցակից ոսկերիչ-ադամանդագործը։

Քանի որ հումքը դրսից է, հետևաբար՝ արտահանմանը զուգահեռ աճում է նաև ներմուծումը։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստան է ներմուծվել  2.7 միլիոն կարատ ադամանդ՝ 1.9 անգամ ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից։ 

Ներմուծված ադամանդի արժեքը կազմել է 453 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 51%-ով։ 

Ինչպես երևում է այս ինֆոգրաֆիկայում, ադամանդի ներմուծումն ու արտահանումը Հայաստանից 2022 թվականից կտրուկ աճում են։

Տնտեսագետ Աղասի Թավադյանը արտաքին առևտրի տվյալների հիման վրա գծագրել է Հայաստանից արտահանվող ադամանդի ամբողջ շղթան։ Նկատում է, որ ինչպես ոսկու, այնպես էլ ադամանդի վերաարտահանումը մեծ թափ է ստացել 2022 թվականի կեսերից։

«Հայաստանից վերաարտահանվող ադամանդը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից և վերջնարդյունքում հասնում է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։ 2022 թվականին բավականին մեծ գումարներ արտահոսեցին Ռուսաստանից, և դրա մի մասը հայտնվեց Հայաստանում։ Այդ գումարների զգալի մասը ոսկու և ադամանդի առևտրի նպատակով է ուղարկվել։ Այդ փողերը Հայաստանի միջոցով են «փոխանակվել» Ռուսաստանի և ԱՄԷ-ի միջև»,- նշում է տնտեսագետը։

2022 թվականից Ուկրաինայում սկսված պատերազմից հետո արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը տարբեր ուղիներով շրջանցում է պատժամիջոցները։ Հայաստանը դարձել է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներմուծվող և Ռուսաստան արտահանվող ապրանքների տարանցիկ երկրներից մեկը:  

Եթե տեխնիկայի ու ավտոմեքենաների պարագայում արևմտյան արտադրության ապրանքներ են գալիս Հայաստան ու ուղարկվում Ռուսաստան, ադամանդի և ոսկու պարագայում հակառակ սխեման է. դրանք ներմուծվում են Ռուսաստանից Հայաստան և այստեղից արտահանվում, այս դեպքում՝ մեծամասամբ ԱՄԷ։ Նույնիսկ այն երկրները, որոնք պատժամիջոցներ չեն սահմանել Ռուսաստանի նկատմամբ, արևմտյան երկրների հետ հարաբերությունները չփչացնելու համար փորձում են միջնորդ երկրների միջոցով աշխատել Ռուսաստանի հետ։ Եվ նույնիսկ այն ապրանքների պարագայում, որոնք պատժամիջոցների ցանկում չկան։ 

Այսպիսով, ադամանդի արտահանման մեծ ծավալները բոլորովին չեն նշանակում, որ հայկական ադամանդագործությունը ծաղկում է։ Ինչպես նշվեց վերևում, այս տարվա առաջին տասն ամսում Հայաստանում մշակվել է ընդամենը 141 հազար կարատ ադամանդ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2022 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ, Հայաստանում մշակված ադամանդների քանակն աճել է 24.8%-ով։  

Չնայած Հայաստանի ոսկերչության և ադամանդագործության ոլորտում տեսանելի ստվեր կա, մեզ հետ զրույցներում փորձագետները բացառում են վարկածը, որ ստվերը կարող է համահունչ լինել արտահանմանը։ Ոլորտում այսօր նաև մասնագետների մեծ խնդիր կա, և գործնականում եղած աշխատուժով այդքան ծավալ ապահովելն իրատեսական չէ։

Գլխավոր «դերակատարները»

Հայաստան ադամանդ (ալմաստ) են ներմուծում և արտահանում 5-6 տասնյակ ընկերություններ։ Ինչպես տեսնում ենք Պետական եկամուտների կոմիտեից ստացված ցանկերում, նրանց գերակշիռ մասն անհատ ձեռնարկատերեր են և աշխատում են փոքր ծավալներով։ Վերջին տարիներին ոլորտի ծավալների աճը ապահովել են մի քանի խոշոր ընկերություններ։ 

Այս տարվա առաջին տասն ամիսներին Հայաստանից ադամանդ արտահանած երեք ամենախոշոր ընկերություններն են «Էյ.դի.էմ.դայմոնդս», «Վի-դի-էյ դայմոնդս» և «Դիմեքս կապիտալ» ՍՊԸ-ները։ 

Նրանցից երկուսը նաև խոշոր ներմուծողների առաջին եռյակում են՝ «Էյ.դի.էմ.դայմոնդս»-ն ու «Վի-դի-էյ դայմոնդս»-ը, երրորդը «Արևակն» ՍՊԸ-ն է։ 

Պետական եկամուտների կոմիտեն, առևտրային գաղտնիք համարելով, չի հայտնում, թե որ ընկերությունը որքան է ներմուծել ու արտահանել։

Մեր տեղեկություններով՝ ոլորտում ամենախոշոր ծավալներով գործունեություն է իրականացնում «Էյ.դի.էմ.դայմոնդս» ՍՊԸ-ն (ADM DIAMONDS LLC): 

ADM DIAMONDS գործարանի բացումը բավականին մեծ շուքով տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերին։ Մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, էկոնոմիկայի այդ ժամանակվա նախարար Տիգրան Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, հայտնի գործարար, «Սիլ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և այլք։

Ըստ պետական ռեգիստրում հրապարակվող «Էյ.դի.էմ.դայմոնդս» ընկերության իրական շահառուների հայտարարագրի՝ ընկերությունում 50-ական % ուղղակի մասնակցություն ունեն Մարինե և Ասպարիկ Բաղիկյանները։ Նրանք գրանցված են նույն հասցեում։ 

Գործարանի բացմանը և լրատվամիջոցների հետ հանդիպմանը որպես գործարանի հիմնադիր-տնօրեն ներկայացել է Բաղիկյանների որդին՝ Արտակ Բաղիկյանը։ 

Բաղիկյանները մտերիմ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ։ Մամուլը և գործարար շրջանակները ADM DIAMONDS-ի անունը կապում են Սուքիասյանի հետ։ Գործարանի բացման օրը լրատվամիջոցների հետ զրույցներում նա բավականին տեղեկացված էր գործարանի հետագա աշխատանքների մասին։ 

Դեռևս 2021 թվականի ապրիլին «Հետք»-ը պարզել էր, որ «Էյ․Դի․Էմ. Դայմոնդս» գործարանին փոխկապակցված ընկերությունը՝ «Կարաբրա» անվամբ, 2020 թվականին ադամանդ է ներմուծել Հայաստան՝ կեղծելով արժեքն ու խուսափելով 17 մլն դրամի մաքսատուրքից: Այն ներմուծվել է Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ):

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 2023 թվականի հունվար-սեպտեմբերին «Էյ․Դի․Էմ. Դայմոնդս» ընկերությունը պետական բյուջե է վճարել մոտ 2.2 միլիարդ դրամի հարկեր, որից ընդամենը 83 մլն դրամն է եկամտային հարկը։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ ընկերության հարկերը գրեթե քառակի աճել են։ Սակայն, աճը պայմանավորված է ոչ թե եկամտային հարկով, որը թույլ կտար եզրակացնել, որ աշխատակիցների թիվը կամ աշխատավարձներն են ավելացել, այլ՝ «այլ հարկեր և վճարներ» տողով, որի բացվածքը ՊԵԿ տեղեկագրում չի երևում։  

Հայաստանից ադամանդ արտահանողների առաջին եռյակում հայտնված մյուս ընկերությունը՝ «Վի-դի-էյ դայմոնդս» ՍՊԸ-ն, գրանցվել է 2022 թվականի ապրիլին։ Ընկերության 100 % սեփականատերը Ռուսաստանի քաղաքացի Վիտխալբխայ Ռամանին է։ Նա Ռուսաստանում ադամանդագործության հայտնի ձեռնարկություններից մեկի՝ «DDK»-ի  հիմնադիրն է։

Ռամանին ղեկավար և սեփականատեր է նաև ադամանդագործության ոլորտում աշխատող ռուսական  այլ ընկերություններում։  Հայաստանում գրանցված որևէ այլ ընկերությունում նա մասնակցություն չունի։ 

Մյուս ընկերությունը՝ «Դիմեքս կապիտալ»-ը, հայկական ոսկեգործության և ադամանդագործության շուկայում է մոտ տասը տարի։ Ընկերության սեփականատերերի մասին համացանցում տեղեկություններ չգտնվեցին։ Ըստ ռեգիստրի՝ ընկերության միակ սեփականատերը Երևանում գրանցված Հռիփսիմե Հովհաննիսյանն է։

Ավելի հին ընկերություն է «Արևակն» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2000 թվականին և ակտիվորեն ներգրավված է եղել Հայաստան-Բելգիա ադամանդի առևտրում։ Ընկերության սեփականատերը ադամանդագործության ոլորտում հայտնի բելգիացի Ռոբերտ Տաշեն է։ 

Ադամանդը մեծամասամբ ներմուծվում է Ռուսաստանից ու Հոնկոնգից, արտահանվում` ԱՄԷ

Եթե տարիներ առաջ ադամանդի վերամշակման ոլորտում Հայաստանի գլխավոր գործընկերը Բելգիան էր, ապա այսօր առաջատար են Ռուսաստանը, Հոնկոնգն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։ 

Մասնավորապես, այս տարվա առաջին տասն ամիսներին Հայաստան ներմուծված 2.7 միլիոն կարատից 1.2 միլիոնը կամ ընդհանուրի մոտ 44%-ը Ռուսաստանից է, 32%-ը՝ Հոնկոնգից։ Ոչ մեծ մասը ներմուծվում է ԱՄԷ-ից, Բելառուսից, Բելգիայից և այլն։ 

Հայաստանից արտահանվող ադամանդի ամենախոշոր գնորդը ներկայում ԱՄԷ-ն է։ Եթե չլինեին վերաարտահանման մասին փաստող տվյալները, կարելի էր կարծել, թե հայ ադամանդագործները մեծ պահանջարկ են գտել ԱՄԷ-ում, սակայն այստեղ խոսքը Հայաստանում մշակված ադամանդի մասին չէ։    

Բացի այն, որ վերաարտահանման ծավալների մեծացումը չի ենթադրում տեղական ադամանդագործության ոլորտի զարգացում, այն նաև պետական բյուջեի վրա էական ազեդցություն չի թողնում։ Նախ, որովհետև ադամանդի մեծ մասը ներկրվում է Ռուսաստանից, որի հետ Հայաստանը ԵԱՏՄ կազմում է և լրացուցիչ հարկեր կամ մաքսատուրքեր չեն գանձվում, արտահանումը ևս ազատվում է լրացուցիչ վճարներից։  

2022 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանից արտահանված մոտ 3.7 միլիոն կարատ ադամանդից 3.2 միլիոն կարատը կամ 86%-ը  արտահանվել է ԱՄԷ։   

Այս ինֆոգրաֆիկայում առավել մանրամասն ներկայացված է Հայաստան ներմուծվող և Հայաստանից արտահանվող ադամանդի աշխարհագրությունը։

Գլխավոր լուսանկարում՝ Արտակ Բաղիկյանը

Լուսանկարը՝  ADM Diamonds-ի ֆեյսբուքյան էջից

  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter