HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի 2 պոչամբար կռեկուլտիվացվի

Ռեկուլտիվացման ենթակա 10 վտանգավոր օբյեկտներից այս տարի երկու պոչամբարի` Նազիկի և Փխրուտի ռեկուլտիվացման աշխատանքներ են նախատեսվում։  Դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերն են պատրաստվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Երկու պոչամբարների վրա ակտիվ աշխատում ենք: Նաև ասեմ, որ մի միջազգային ծրագրի շրջանակներում նախատեսվում է որոշակի աշխատանքներ իրականացնել Կապանի Կավարտի հանքում: Այս երեք ուղղություններով հիմա ակտիվ աշխատում ենք, բայց նաև միջոցառումներ ենք վերանայում` հասկանալու համար, թե կան էլի օբյեկտներ Հայաստանում, որոնք ենթակա են ռեկուլտիվացիայի»,- նշեց նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն այնուհետև «Հետք»-ին պարզաբանեց, որ այդ երկու պոչամբարների ռեկուլտիվացումն իրականացվելու է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի  որոշման հավելված 1-ով նախատեսված գործողությունների շրջանակներում, և պետական ֆինանսավորմամբ մշակվել են Փխրուտի և Նազիկ փակված պոչամբարների ռեկուլտիվացիայի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները։ Նշված տողով նախատեսվել է 2,2 մլրդ դրամ։

Նազիկ պոչամբարը գտնվում է Ախթալայում, այն շահագործել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը:  Պոչամբարը շահագործվել է 1967-1988 թթ., ապա կոնսերվացվել է: 2000-ականների սկզբին կրկին սկսել է շահագործվել, բայց 2010-ին վերջնականապես փակվել է: Պոչամբարը ռեկուլտիվացվել է 2012 թվականին, տարածքում ծառատունկ է արվել: «Հետքը», սակայն, արձանագրել է, որ ծառերի մեծ մասը չի կպել, իսկ հողի մի մեծ զանգված էլ հոսել է՝ բացելով պոչանքները: Պոչամբարը նաեւ պատշաճ մեկուսացված չէ:

Համաձայն Լոռու մարզպետարանի տեղեկատվության՝ Նազիկ պոչամբարի ողջ տարածքը 1,2 հա է, ռեկուլտիվացվել է 1 հա-ն։

2023թ․-ին ապրիլին Ալավերդու համայնքապետարանում Նազիկ պոչամբարի ռեկուլտիվացման նախագծի հանրային քննարկում է տեղի ունեցել։ Սակայն անցյալ տարի այն, փաստորեն, չի ռեկուլտիվացվել։

Փխրուտի պոչամբարը շահագործել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Գտնվում է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի վարչական տարածքում՝ Փխրուտ գյուղի մոտ, Ողջի գետի աջափնյա վտակի վրա։  Այն զբաղեցնում է 35 հա։ Պոչամբարը շահագործման է հանձնվել 1958 թվականից։ Այս պոչամբարի նախագծային ծավալը 3․2 մլն մ³ է, և ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ այն ամբողջությամբ լցված է։ Կոնսերվացվել է 1969թ․-ին։ Փխրուտի պոչամբարի 11․2 հա տարածքում կառուցվել են ամառանոցներ, տնկվել են այգիներ, և չափավոր հողածածկ տարածքը երբեմն ծառայում է որպես արոտավայր։

Դեռևս 2005 թվականին կատարված ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Քաջարան քաղաքի էկոլոգիական իրավիճակի հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պոչամբարի ռեկուլտիվացված հողագրունտային շերտում սնդիկի և մկնդեղի ամենաբարձր պարունակություններ են հայտնաբերվել՝ համեմատած մյուս պոչամբարների։ Մասնավորապես՝ սնդիկի 4,8 մգ/կգ, որը 2,3 անգամ բարձր է սահմանված թույլատրելի կոնցենտրացիայից, մկնդեղի՝ 48,03 մգ/կգ, որը 24 անգամ բարձր է ՍԹԿ-ից։ 

«Իրավիճակը պետք է դիտարկել որպես վտանգավոր, քանի որ բոլոր այս տարրերը, անկախ այն բանից, թե ինչ միացություններով են հանդես գալիս, էկոհամակարգի բոլոր օղակների համար ներկայացնում են ռեալ վտանգ»,- արձանագրվել է ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտության մեջ։ 

Գլխավոր լուսանկարում՝ Նազիկ պոչամբարը։ Լուս․՝-ը «Հետքի» արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter