HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դիպոլ»․ երբեմնի արդյունաբերական Գավառի այցեքարտը

Գավառ այցելողները դժվար թե տեսած չլինեն քաղաքի մուտքի աջակողմյան մասում կանգուն բարձրահարկ շենքը։ Երբեմնի արդյունաբերական Կամո, ապա Գավառ անվանակոչված քաղաքի սկզբնամասում գործած կոնդենսատորների «Դիպոլ» գործարանից մնացել է 9-հարկանի վարչական շենքը։ 

Օֆելյա Գևորգյանը 16 տարեկան էր, երբ աշխատանքի անցավ «Դիպոլում»։  Հիշում է՝ 1966 թվականն էր, գործարանի բացումից երկու տարի էր անցել։ «Մինչև վերջ աշխատել եմ «կոնդենսատորներում», բայց երկու ցեխում եմ եղել», ասում է Օֆելյա Գևորգյանը և մանրակրկիտ ցույց տալիս, թե ինչպես էին պատրաստում էլեկտրական սարքավորումների մեջ օգտագործվող կոնդենսատորները։

«Իմ կողքին աշխատում էր Գանձակից Սոֆիկ անունով մի կին, Հացառատից՝ Ռոզան էր, Գավառից՝ Արաքսյան էր, մեր գյուղից էլ՝ Դուխիկն էր»,- իր գործընկերներին հիշելով՝ նա հոգոց է հանում․ «Արդեն ծերացել ենք, որը մեռե, որը՝ մացե»։

Գործարանի նախկին աշխատակիցը գոհ էր այդ ժամանակվա և՛ եկամտից, և՛ զբաղվածությունից։ Հիմա նեղսրտում են՝ տեսնելով հզոր գործարանի ավերակները, որոնք առաջացել են ԽՍՀՄ փլուզումից հետո։

«Դիպոլ» գործարանի միայն Գավառի արտադրամասերում 8 000 մարդ է աշխատել։ Գեղարքունիքի մարզի Նորատուս, Լանջաղբյուր, Սարուխան, Ծովազարդ, Գեղարքունիք, Մարտունի, Ներքին Գետաշեն, Վարդենիս բնակավայրերում էլ փոքր արտադրամասեր են եղել։ Գրող Վլադիմիր Հարությունյանը, «Քյավառ» գրքում նկարագրելով «Դիպոլ» գործարանի հզորությունը, նշել է, որ այնտեղ է թողարկվել Խորհրդային Միության ողջ էլեկտրոլիտ կոնդենսատորների 75 %-ը։ Գործարանում և բոլոր մասնաճյուղերում միասին աշխատել է 12 000 մարդ։

Գեղարքունիքի մարզի միայն Կամոյի շրջանում, որն այժմ Գավառ խոշորացված համայնքի բնակավայրերն է ընդգրկում, խորհրդային շրջանում գործել է 13 ձեռնարկություն։ Իսկ Սևանում, Ճամբարակում, Վարդենիսում և Մարտունիում գործել է 5 տասնյակ մեծ ու փոքր արտադրական ձեռնարկություն։ Բաց աղբյուրներում առկա տվյալների համաձայն՝ դրանցում ներառված չէին կոլտնտեսությունները։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո գործարանների ճնշող մեծամասնությունը փակվեց։

Երբեմնի արդյունաբերական Գավառն այսօր փոքր կշիռ ունի Հայաստանի արդյունաբերության մեջ։ Ամբողջ Գեղարքունիքի մարզում 2022 թվականի տարեկան տվյալներով (2023-ը դեռևս չի ամփոփվել) արդյունաբերության ծավալները կազմել են 73 մլրդ դրամ։ Դա կազմել է Հանրապետության ամբողջ արդյունաբերության ընդամենը 2.6%-ը։ Շինարարության ոլորտում Գեղարքունիքի կշիռը կազմում է հանրապետության ամբողջ շինարարության 4.6%-ը, մանրածախ առևտրում՝ 2.3%-ը, ծառայություններում՝ 0.9 %-ը։

Մարզում մշակող արդյունաբերության քիչ թվով ձեռնարկություններ կան։ 

Պաշտոնական տվյալներով՝ արդյունաբերությամբ զբաղվող տնտեսվարողների քանակը շուրջ 460 է, սակայն նրանց մեծ մասը փոքր ձեռարկություն կամ արտադրամաս է։ Գործում են հանքային ջրերի գործարան, հացի և հրուշակեղենի արտադրամասեր, կարի և կահույքի փոքր արտադրամասեր և այլն։ 

Մարզում է գտնվում նաև Սոթքի ոսկու հանքավայրը, որը մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը 1000-1500 աշխատատեղ է ապահովել մարզի բնակիչների համար։ Այն շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը պատերազմից հետո աշխատակիցների մի մասին կրճատեց։ Պատճառը պատերազմից հետո հանքավայրի մի հատվածի անցումն էր ադրբեջանական կողմին։

Ներկայում Գեղարքունիքի մարզի արդյունաբերության ծավալի մոտ 30%-ն ապահովում է հանքարդյունաբերությունը, մնացածը՝ մշակող արդյունաբերությունը։  

Արդյունաբերության թույլ վիճակն է նաև պատճառը, որ Գեղարքունիքի մարզում բնակչության եկամտի հիմնական աղբյուրը ոչ թե կանոնավոր աշխատանքն է, այլ՝ գյուղատնտեսությունը, որը սեզոնային է։ Ինչպես նաև՝ արտագնա աշխատանքը։ 

Գյուղատնտեսությամբ զբաղվելը ևս էապես չի բարելավում բնակիչների կենսակերպը։ Մարզում ոռոգման համակարգերի խիստ պակաս կա։

Պաշտոնական վերջին տվյալներով՝  Գեղարքունիքի մարզում գրանցված աշխատողների թիվը շուրջ 17 000 է։ Նրանց մեծ մասը՝ մոտ 11 000-ը, պետական հատվածի աշխատողներն են և միայն շուրջ 6 000-ը՝ մասնավոր հատվածի։ 

Գեղարքունիքի մարզի բնակիչները Հայաստանի անկախացումից հետո սոցիալական մի շարք հարցեր լուծելու նպատակով օգտվել են Սևանա լճի և՛ ձկնապաշարից, և՛ ափամերձ տարածքներում հանգստի գոտիներ կառուցելու հնարավորությունից։ Ոմանք ձկնորսությամբ են զբաղվել, ոմանք էլ՝ տաղավարներ տեղադրել ափամերձ տարածքներում։ 2020-ին Կառավարությունը հայտարարեց, որ մտադիր է Սևանա լճում ճեմուղի կառուցել՝ այդ հատվածը դարձնելով զբոսաշրջիկների համար գրավիչ ուղղություն։ Սակայն մինչ օրս ծրագրի իրականացման համար գործուն քայլեր չեն արվել տարբեր պատճառներով։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնել են, որ ճեմուղու նախագիծն ու քաղաքաշինական կանոնադրությունը պատրաստ է, սակայն հաստատվելուց առաջ պետք է հանրային լսումներ անցկացվեին, որոնք մարզի բնակիչները տապալել են։

Ափերի վարձակալները մի շարք հարցեր են բարձրացրել, որից հետո ճեմուղու նախագիծը հետ է կանչվել, և 2023-ին սկսվել է դրա լրամշակումը։ Ըստ Կոմիտեի՝ Սևանի շուրջ նման ներդրումային ծրագրերի նկատմամբ առկա է տեղի և արտերկրի ներդրողների կողմից հետաքրքրություն։ Ծրագրի հետագա գործողությունների համար միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել, սակայն հայտնի չէ, թե ճեմուղու ծրագիրը երբ կիրականանա կամ ընդհանրապես կիրականանա՞, թե՞ ոչ։

2018թ․-ից հետո մարզում իրականացվել են ճանապարհաշինական, դպրոցների և մանկապարտեզների վերակառուցման և այլ ենթակառուցվածքների ստեղծմանը միտված բազմաթիվ ծրագրեր։ Այդուհանդերձ աշխատատեղերի և զբաղվածության հարցը շարունակում է մնալ հիմնական դժվարությունը, որի հաղթահարման ճանապարհին բնակչությունը ստիպված հեռանում է մարզից։ Երբեմն` ժամանակավոր, երբեմն` ընդմիշտ։

Արխիվային լուսանկարները՝ Գավառի երկրագիտական թանգարանի

Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter