HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենսդրական նախագիծը։ Այդ մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։

Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ մեկը։ Ինչպես նշում է «Sputnik Грузия»-ն, քվեարկությանը մասնակցել են միայն խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:

«Грузия Online»-ն էլ գրում է, որ օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նիստերի դահլիճից դուրս է հրավիրել ընդդիմադիր պատգամավորներ Լևան Խաբեիշվիլիին, Գեորգի Վաշաձեին, Թինա Բոկուչավային և Աննա Նացվլիշվիլիին։ 

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները ընդդիմության պատգամավորների ելույթը դիմավորել են բղավոցներով, իսկ խորհրդարանական մեծամասնության անդամների ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները թակել են սեղաններին և վանկարկել. «Ոչ ռուսական օրենքին»,- գրում է պարբերականը։

Հիշեցնենք, որ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ապրիլի 3-ին հայտարարել էր, որ խորհրդարանի օրակարգ դարձյալ բերում են «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրինագիծը։ նախաձեռնությունը կներկայացվի նույն տեքստով, ինչ օրենքի նախագիծը, որը հետ էր կանչվել 2023 թվականի գարնանը՝ բողոքի ակցիաներից հետո։

Մեկ տարի առաջ ներկայացված օրինագծի տեքստը նախատեսում էր, որ Վրաստանում կստեղծվի «օտարերկրյա գործակալների» ռեեստր, որտեղ նշված կլինեն բոլոր ոչ առևտրային իրավաբանական անձինք և ԶԼՄ-ները, որոնք ֆինանսավորման ավելի քան 20 %-ը գալիս է արտերկրից։

Այդ կազմակերպությունները պետք է հրապարակեին տարեկան ֆինանսական հաշվետվություն: Խախտման դեպքում նրանց համար ֆինանսական պատժամիջոցներ էին նախատեսվում։ 

Առաջին անգամ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը նախաձեռնվել էր 2023 թվականի փետրվարին, իսկ մարտի սկզբին Վրաստանի խորհրդարանն այն ընդունել էր առաջին ընթերցմամբ։ Դրանից հետո Թբիլիսիում սկսվել էին զանգվածային բողոքի ցույցեր, որոնց ժամանակ ոստիկանությունը ձերբակալել էր մարդկանց, բողոքի ցույցերը ցրել ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազ կիրառել:

Օրինագիծը դատապարտել էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը։ Մի քանի օր անց օրինագիծը հետ էր կանչվել «հասարակության շրջանում տարաձայնությունների» պատճառով։

Ընդդիմության կարծիքով՝ օրինագիծը կրկնում է «օտարերկրյա գործակալների» մասին ռուսական օրենսդրության դրույթները։

Նոր օրինագծի քննարկումը ևս ուղեկցվում է բողոքի ցույցերով։ Ապրիլի 15-ին օրինագծի քննարկումն ընդհատվել էր խորհրդարանում ծեծկռտուքի պատճառով։ «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի ելույթի ժամանակ նրա վրա հարձակվել էր ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին:

Լուսանկարը՝ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter