HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինն ու Ալիևը բանակցություններ կվարեն Մոսկվայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ ապրիլի 22-ին, բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում, որտեղ Ադրբեջանի նախագահը կժամանի աշխատանքային այցով:

Ինչպես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, «նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև կարծիքների հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային խնդիրների շուրջ»:

Բացի այդ, Պուտինն ու Ալիևը կհանդիպեն նաև Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու շինարարության վետերանների հետ, որի կառուցումը համակարգել է Ալիևը հայրը՝ Հեյդար Ալիևը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ԽՍՀՄ մինիստրների խորհրդի առաջին տեղակալի պաշտոնը։

Պուտինի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր անցած տարվա հոկտեմբերին, Բիշքեկում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում: Այդ ժամանակից ի վեր երկու նախագահները մի քանի անգամ հեռախոսազրույցներ են ունեցել։ Վերջին անգամ նրանք հեռախոսազրույց էին ունեցել մարտի 24-ին՝ Կրոկուս սիթի հոլի ահաբեկչությունից հետո։

Բնականակաբար, բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Ալիև-Պուտին այս հանդիպումը տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման ֆոնին։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է բերվում Լեռնային Ղարաբաղից։ Լուրը հաստատել էին նաև Կրեմլում և Բաքվում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների (Ռուսաստանի և Ադրբեջանի- խմբ.) բարձրագույն ղեկավարության կողմից։

«Մեր երկրի տարածքից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերելու մասին որոշումը, որոնք ժամանակավորապես տեղակայվել էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում (նկատի ունի Արցախը, խմբ.)՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա (Ադրբեջանում նոյեմբերի 9-ի փոխարեն 10 ամսաթիվն են օգտագործում, խմբ.), ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից: Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրագործելու համար»,- ասել էր Հաջիևը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ միայն հաստատել էր այս լուրը՝ չնշելով որևէ այլ մանրամասն։

Խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին ապրիլի 16-ին գրել էին նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ գործընթացն ընթանում է արդեն մի քանի օր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել էին Դադիվանքի տարածքը։

Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում տեղակայվել էր 2020 թվականի աշնանը՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ժամանակ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ խաղաղապահ զորակազմը կտեղակայվի 5 տարի ժամկետով։

Խաղաղապահ զորակազմում մոտ երկու հազար զինծառայող էր։ 3,5 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում յոթ խաղաղապահ է զոհվել։ Նրանցից 5-ը, այդ թվում՝ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը, սպանվել են 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպի համար պաշտոնապես ներողություն էր խնդրել Ռուսաստանից և խոստացել պատժել մեղավորներին (հետաքննության հետագա ընթացքի մասին այլևս ոչինչ չի հաղորդվել, խմբ.

Այդուհանդերձ, ռուս խաղաղապահների գործունեությունը մեծապես քննադատության է ենթարկվել այս ողջ ընթացքում։ Նախ, խաղաղապահները ոչինչ չձեռնարկեցին անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափության ժամանակ։ Բացի այդ, նրանց ներկայությունը զսպիչ գործոն չէր ադրբեջանցիների համար, անգամ եղել էր դեպք, երբ դաշտում աշխատող գյուղացին սպանվել էր խաղաղապահի ներկայությամբ։

Լուսանկարը՝  РИА Новости / POOL

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter