HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ նրանց համար տարածաշրջանում այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով

Ռուս խաղաղապահները հեռացել են Լեռնային Ղարաբաղից, քանի որ նրանց համար տարածաշրջանում այլևս գործառույթներ չեն մնացել։ Ռուսաստանի առաջին ալիքի եթերում նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ իրավիճակը փոփոխվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումից հետո։

«Դա (խաղաղապահների դուրսբերումը՝ խմբ.) պատասխանում է ներկայիս իրողություններին, որոնք ստեղծվել են տարածաշրջանում այն բանից հետո, երբ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի սահմանները՝ 1991 թվականի դրությամբ։ Աշխարհաքաղաքական իրողություններն այնտեղ փոխվել են, և նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել»,- հայտարարել է Պեսկովը։

«Այժմ բացարձակապես խոսքը, իհարկե, նոր կյանքի մասին է։ Կան Ադրբեջանի տարածք, կա սահմանազատման շուրջ երկու երկրների միջև շարունակվող բանակցություններ, հարցերի մի մասն արդեն համաձայնեցված է։ Եվ երկու երկրների միջև աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի շուրջ, որտեղ ևս դեռևս մնում են չհամաձայնեցված հոդվածներ»,- շարունակել է Պեսկովը։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ռուսական խաղաղապահ զորակազմը դուրս է բերվում Լեռնային Ղարաբաղից։ Լուրը հաստատել էին նաև Կրեմլում և Բաքվում։  Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման մասին որոշումն ընդունվել է երկու երկրների (Ռուսաստանի և Ադրբեջանի- խմբ.) բարձրագույն ղեկավարության կողմից։

«Մեր երկրի տարածքից Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին վաղաժամկետ դուրս բերելու մասին որոշումը, որոնք ժամանակավորապես տեղակայվել էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում (նկատի ունի Արցախը- խմբ.)՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա (Ադրբեջանում նոյեմբերի 9-ի փոխարեն 10 ամսաթիվն են օգտագործում- խմբ.), ընդունվել է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից: Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրագործելու համար»,- ասել էր Հաջիևը։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն էլ միայն հաստատել էր այս լուրը՝ չնշելով որևէ այլ մանրամասն։

Խաղաղապահների դուրսբերման մեկնարկի մասին ապրիլի 16-ին գրել էին նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ: Նրանց տվյալներով՝ գործընթացն ընթանում է արդեն մի քանի օր։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում էին, որ խաղաղապահ զորախմբի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան օրեր առաջ լքել էին Դադիվանքի տարածքը։

Ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում տեղակայվել էր 2020 թվականի աշնանը՝ 44-օրյա պատերազմից հետո։ Այդ մասին համաձայնությունը ձեռք էր բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ժամանակ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ խաղաղապահ զորակազմը կտեղակայվի 5 տարի ժամկետով։

Խաղաղապահ զորակազմում մոտ երկու հազար զինծառայող էր։ 3,5 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում յոթ խաղաղապահ է զոհվել։ Նրանցից 5-ը, այդ թվում՝ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը, սպանվել են 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպի համար պաշտոնական ներողություն էր խնդրել Ռուսաստանից և խոստացել պատժել մեղավորներին (հետաքննության հետագա ընթացքի մասին այլևս ոչինչ չի հաղորդվել- խմբ.

Այդուհանդերձ, ռուս խաղաղապահների գործունեությունը մեծապես քննադատության է ենթարկվել այս ողջ ընթացքում։ Նախ, խաղաղապահները ոչինչ չձեռնարկեցին անցած տարվա սեպտեմբերին Արցախի հայաթափության ժամանակ։ Բացի այդ, նրանց ներկայությունը զսպիչ գործոն չէր ադրբեջանցիների համար, անգամ եղել էր դեպք, երբ դաշտում աշխատող գյուղացին սպանվել էր խաղաղապահի ներկայությամբ։

Լուսանկարը՝ Irakli Gedenidze/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter