HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Կպատվաստվենք Կոմիտասի երգերով

Եվ պաշտպանված կլինենք բոլոր հակամշակութային աղետներից

«Աշխարհի ամենաազդեցիկ լեզուն երաժշտության լեզուն է, դա ամենակարճ ճանապարհն է, որպեսզի մեր ինքնությունը վերադարձնենք մեր ժողովրդին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Ժողովրդի ինքնությունը վերադարձնելը պատրաստվում են անել Կոմիտասի երգերի միջոցով, քանի որ, կոմպոզիտորի խոսքերով,Կոմիտաս անվան տակ մենք հասկանում ենք Արևելյան եւ Արևմտյան Հայաստանի հազարամյակների մշակույթը` երաժշտության տեսքով:

Կոմիտասը ստեղծել է երաժշտական հարմոնիայի նոր համակարգ: «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի ստեղծած այլընտրանքային խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հասարակությանը հուզող կրթական, մշակութային բազմաթիվ հարցեր ու խնդիրներ: Վերջերս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ մասնագետներ, երաժիշտներ, երաժշտագետներ, եւ այդ ընթացքում մշակվել եւ մշակվում է կոմիտասյան քաղաքականության իրականացման ծրագիրը:

«Այսօր վտանգված է մեր ազգային ինքնությունը, մշակութային առումով անվտանգության խնդիր ունենք, որի համատեքստում չենք նկատում Կոմիտասին, նրա գործը»,- նշեց «Սարդարապատի» ներկայացուցիչը: Առաջարկվել է Կոմիտասից 5 երգ, որոնք ավելի պարզ են, եւ բոլորը կարող են երգել այդ երգերը, տարածել ամբողջ Հայաստանով:

«Այս 5 երգը` իբրեւ պատվաստ, առաջարկում եմ պատվաստել բոլորին: Ով այդ 5 երգը իմանա, նա պաշտպանված կլինի բոլոր հակամշակութային աղետներից, թուրքական ելևէջներից, կպահպանի իր ինքնությունը»,- ասաց Արթուր Շահնազարյան: Այդ հինգ երգերի ցանկում են հայտնի «Հոյ նազանը» և «Սոնա յարը»: Բանախոսը սա համարեց հայի քննություն:Կոմպոզիտորը  համոզված է, որ մեր ժողովուրդը սիրում է Կոմիտասին, գիտի նրա երգերը, պարզապես մոռացել են:

«Ես` իբրեւ անկախ մշակույթի գործիչ, կոմպոզիտոր, ցանկացած կազմակերպություն, կուսակցություն, կառավարություն, պետություն, ով այս գործը տանի առաջ, ես նրանց հետ ծառա եմ, պատրաստ եմ օգնելու, աշխատելու իրենց հետ»,- նշեց կոմիտասագետը:

Երգերը կտարածվեն հնարավոր բոլոր միջոցներով. կկազմվեն լազերային սկավառակներ, երգերի խոսքերը  կպատճենահանվեն միլիոնավոր օրինակներով եւ կտարածվեն: Եթե հեռուստաընկերությունները համաձայնեն, ապա նաեւ եթեր կհեռարձակվեն, դպրոցներում, մանկապարտեզներում կերգեն դրանք: Կես կատակ- կես լուրջ Արթուր Շահնազարյանը նշեց, որ այդ սկառավակները կվաճառվեն դեղատներում: Ասուլիսին լրագրողներն արդեն պատվաստվեցին` «Սոնա յարը» երգելով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter