HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եթե Սողոմոն Քոչարյանն ունենար իշխանական կապեր

20 տարի բանտում անցկացրած ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ գործով կայացվեց ևս մեկ մերժման որոշում: Այս անգամ մերժողը Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էր, որտեղ վիճարկվում էր Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազության:

Դատարանի այսօրվա մերժումը նշանակում է, որ 1995 թ-ին իրանահպատակ ադրբեջանցի Իրաջ Փուր Միրզաբեկի սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի գործը չի վերանայվի: Փաստաբանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ որոշման հիմքերին դեռ ծանոթ չէ, քանի որ դատավոր Արմեն Բեկթաշյանն ընթերցեց միայն մերժման որոշման եզրափակիչ մասը. «Մեր բողոքի հիմքերին ծանոթանալուն պես, կդիմենք նաև Վերաքննիչ դատարան, սակայն մեր դատական ատյանների մերժումները անակնկալ չեն, հակառակը՝ սպասելի են: Այս և նման այլ գործեր ինդիկատոր են, թե ինչպիսի արժեք է մարդն իրականում մեր պետությունում: Իրավական երկրում գործը մեզ էլ չէր հասնի, դատախազությունն ինքնուրույն քայլեր կձեռնարկեր, որ գործը վերանայվեր»:

«Հետքի» հարցին, թե փաստաբանի կարծիքով, ինչ ճակատագիր կունենար Սողոմոն Քոչարյանը, եթե ունենար իշխանական ազդեցիկ կապեր, Ռոբերտ Ռևազյանը պատասխանեց. «Գործը նույնիսկ դատարան չէր մտնի, կորակեին ինքնապաշտպանություն»:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը փաստաբանի բողոքի դեմ առարկեց՝ նշելով, որ դատախազի դիրքորոշումը որևէ առնչություն չունի դատարանի կայացրած դատավճռի հետ. «Դատախազ Ժիրայր Խառատյանի հայտնած տեղեկատվության մեջ նշում չկա Սողոմոն Քոչարյանի անմեղության կամ նվազ մեղավորության մասին»,-նշեց դատախազ Բաղդասարյանը:

«Մեր գնահատմամբ, գործով մեղադրողը, քրեական դատավարության առանցքային դերակատարներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը: Հենց մեղադրողի կողմից գործի փաստերի, մանրամասների և այլ հանգամանքների ներկայացումից է բխում նաև դատավճիռը: 1995 թ-ին գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն, գլխավոր դատախազը հանդիսանում էր արդարադատության խորհրդի փոխնախագահը, իսկ արդարադատության խորհրդի կազմի մեջ էին նաև երեք դատախազներ: Այս հանգամանքն ապացուցում է դատախազական համակարգի անհերքելի ազդեցությունը դատարանների վրա»,- նշված է փաստաբան Ռևազյանի բողոքում:

Իսկ ըստ դատախազի, արդարադատության խորհրդի կազմի մեջ երեք դատախազների առկայությունը դիտարկել որպես դատարաններում դատախազության ունեցած գերակա դեր, պարզունակ մեկնաբանություն է:  

Հիշեցնենք, որ բողոքարկումների, դիմումների այս շղթան սկսվել էր «Հետքի» հրապարակումներից մեկից: Վարույթի նորոգման խնդրանքով գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին դիմել էր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն: Դիմումի համար հիմք է հանդիսացել «Հետք» թերթում մայիսի 6-ին տեղ գտած «Հետախույզ Սողոմոն Քոչարյանը մահապատժի է դատապարտվել քաղաքական ճնշմամբ. բացահայտում է դատախազը» հոդվածը: «Հետքը» վկայակոչել էր Սողոմոն Քոչարյանի գործով ՀՀ Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի` «Դատախազը» վավերապատման մեջ տեղ գտած հայտարարությունն այն մասին, որ ինքը 1995թ. մեղադրանքի պաշտպանությունն իրականացնելիս համաձայն չի եղել Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ նշանակելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանը համոզել է իրեն` բացատրելով, որ խստագույն պատիժը պահանջել է Հայաստանում Իրանի դեսպանը (տուժողը Իրանի քաղաքացի է եղել): Հակառակ դեպքում Հայաստանում ԻԻՀ դեսպանը սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել: 

Սակայն թե՛ «Հետաքննող լրագրողների», թե՛ Սողոմոն Քոչարյանի ներկայացուցչի դիմումներն ու հետագա բոլոր բողոքները մերժվել են և՛ դատախազության, և՛ դատարանի կողմից:

ՀԳ. Մինչ գլխավոր դատախազությունից ու դատարանից մերժումներ են ստացվում, Սողոմոն Քոչարյանի՝ զինվորական թոշակի (2-րդ կարգի հաշմանդամ է դարձել Արցախյան պատերազմի հետևանքով) ձևակերպման հարցը մնում է օդում կախված: Նա 20-րդ տարի չի ստանում իր հասանելիք գումարը պետությունից: Այդ առթիվ «Հետքը» շաբաթներ առաջ բաց նամակ է գրել Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, սակայն դեռ արձագանք չունենք նախարարությունից:

Լուսանկարում՝ ձախից՝ Ժիրայր Խառատյանը և Սողոմոն Քոչարյանը

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Հարգելի Զարուհի Մեջլումյան, հիմա ինչպե՞ս է Սողոմոն Քոչարյանի առողջական վիճակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter