HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն` ընդդեմ ոստիկանության

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դիմել է վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության` հարցմամբ պահանջվող տեղեկությունները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: Հայցն ընդունվել է վարույթ և առաջին նախնական նիստը նշանակվել է հուլիսի 10-ին: 

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը էլեկտրոնային փոստով հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե վերջին  5 տարվա ընթացքում քանի բողոք է ներկայացվել ոստիկանություն քաղաքացիներ Ն. Ասատրյանի և Վ. Մարգարյանի դեմ, նրանց վերաբերյալ արդյոք հարուցվել են քրեական գործեր և այլն:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության արդեն նախկին պետ Մ. Հակոբյանը, պատասխանելով «Հետքի» հարցմանը, հղում անելով «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, տեղեկացրել է, որ «տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»: Այնուհետև ավելացրել է.

«Օրենսդրության հիշյալ դրույթների ելնելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ գրությանը կից  չեք ներկայացրել Նաիրա Մերուժանի Ասատրյանի, և Վարուժան Ցոլակի Մարգարյանի կողմից Ձեզ տրված լիազորագրերի պատճենները, հետևաբար Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը, առանց տվյալների սուբյեկտների համաձայնության, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի հիմքով տրամադրման ենթակա չէ»:

Ոստիկանությունը չի հիմնավորել, թե ինչու են կարծում, որ պահանջված տեղեկատվության տրամադրումը խախտում է վերը նշված անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը:

Հիշեցնենք, որ քաղաքացիների բողոքների հիման վրա «Հետքը» մի քանի հոդված է հրապարակել քաղաքացիներ Ն. Ասատրյանի և Վ. Մարգարյանի վերաբերյալ: Նրանք պատմել են, թե ինչպես են տոկոսով գումարներ վերցրել Նաիրա Ասատրյանից ու Վարուժան Մարգարյանից, սակայն տոկոսները չմարելու պատճառով զրկվել ու զրկվում են իրենց բնակարաններից: 

«Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները ապրիլի 13-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որպեսզի վաշխառության հատկանիշներով մեղադրանք առաջադրվի Վարուժան Մարգարյան- Անահիտ Մարգարյան -Նաիրա Ասատրյան (առաջին երկու անձինք քույր ու եղբայր են, Նաիրան Վարուժանի կինն է) ընտանեկան եռյակի նկատմամբ: 

Նշենք, որ տեղեկատվություն տրամադրելու պահանջով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դատական գործընթաց է սկսել նաև ՀՀ դատախազության դեմ:

լուսանկարը` police.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter