HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը համարձակություն չի ցուցաբերում

Հայաստանում երեք տարի է, ինչ գործում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, որը, բացի բարձրաստիճան պաշտոնյաների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ռեեստրի վարումից, դրանց վերլուծությունից և հրապարակումից, բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների բացահայտումից և դրանց վերացմանն ու կանխարգելմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելուց, ըստ էության պետք է պայքարի նաև կոռուպցիայի դեմ:

Այս տարվա սկզբին կառավարությունը ստեղծեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը ղեկավարում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդի անդամներից է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Այս հանձնաժողովը ստեղծման օրվանից մինչ օրս որեւէ բանով աչքի չի ընկել, թեև գործունեության երեք տարիների ընթացքում հնարավորություն ուներ հասարակության շրջանում վերաբերմունք փոխել, վստահություն ձեռք բերել:

Եթե հանձնաժողովն ավելի ակտիվ գործեր, հանդես գար բացահայտումներով, այսօր հնարավոր կլիներ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում հանձնաժողովի մասնակցության արդյունավետության մասին: Իսկ հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է արել էթիկայի հանձնաժողովն իր գործունեության տարիներին, որ հիմա պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, այն էլ՝ «մասնագիտացված» խորհրդում:

Սահմանափակ գործառույթներ՝ զրոյական արդյունք

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, փաստաբան Հերիքնազ Տիգրանյանն ասում է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթներն օրենքով շատ սահմանափակ են, և դժվար է շատ մեծ արդյունք ակնկալել մի քանի գործառույթով: Սահմանափակ է նաև աշխատակազմը: Հինգ հոգով հնարավոր չէ ուսումնասիրել, բացահայտել և վեր հանել մոտ 700 պաշտոնյաների վերաբերող խախտումները: Ըստ փաստաբանի՝ այլ հարց է, թե հանձնաժողովն ինչպես է օգտագործում եղած հնարավորություններն ու գործիքները՝ 2012թ.-ից սկսած:

«Պաշտոնատար անձինք գիտակցելով, որ չկան որևէ զսպող, սաստող մեխանիզմներ, այդքան էլ հակված չեն իրավաչափ վարքագիծ դրսևորել: Ստացվում է, որ անբարեխիղճ վարքագծի դիմաց հանձնաժողովը որևէ լծակ չունի: Այստեղից էլ գալիս է աշխատանքի անարդյունավետությունը: Եթե մենք աշխատանքի արդյունավետության չափանիշ ենք դնում շահերի բախման, պաշտոնյաների ոչ էթիկական վարքագծի բացահայտումները, կարող ենք արձանագրել, որ արդյունք չունենք, կամ այն շատ չնչին է»,-ասում է Հերիքնազ Տիգրանյանը:

Այս տարիների ընթացքում հանձնաժողովը երրորդ անձանց դիմումների հիման վրա քննել է պաշտոնյաների վարքագծին վերաբերող դիմումներ և ընդամենը երկու դեպքում է արձանագրել, որ պաշտոնյաները վարքագծի խախտում են թույլ տվել: Մեկը վերաբերել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, մյուսը՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Շահերի բախման և ոչ մի դեպք չի հայտնաբերել: Այստեղ ցուցանիշ է նաև այն, որ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ չի հարուցել վարույթները, թեև էթիկայի խախտումների վերաբերյալ մամուլի հրապարակումները հասանելի են եղել հանձնաժողովին և, ըստ էության, հանձնաժողովը կարող էր և չսպասել երրորդ անձանց դիմումներին:

«Եթե հետևենք վիճակագրությանը, կստացվի, որ 2012թ.-ից մինչ օրս մեր երկրում որևէ անգամ, որևէ մեկը շահերի բախման իրավիճակում չի գտնվել, որովհետև հանձնաժողովը բացահայտումներ չի արել: Մյուս կողմից էլ, եթե նայենք, թե պետական գնումներին ինչ ընկերություններ են հաղթում, և ովքեր են հիմնադիրները, որոնց շարքերում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, ակնհայտ է դառնում, որ այստեղ կա շահերի բախում»,-ասում է փաստաբանը և նշում, որ շահերի բախման վերաբերյալ հանձնաժողովն ընդամենը երկու դեպքի կապակցությամբ է վարույթ հարուցել:

Դրանցից մեկը վերաբերել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարագրած ունեցվածքի ու մամուլի հրապարակումների տարբերությանը: Խոսքը, մասնավորապես, նրա չհայտարարագրած գույքի մասին էր: Մյուս վարույթը վերաբերել է ներկայիս ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի բիզնեսին: Այս դեպքում էլ վարույթը հարուցվել է ոչ թե հանձնաժողովի նախաձեռնությամբ, այլ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումների հիման վրա: Երկու դեպքում էլ հանձնաժողովը շահերի բախման իրավիճակ չի հայտնաբերել:

Հանձնաժողովը համարձակություն չի դրսևորում

«Հետքը» էթիկայի հանձնաժողովի ստեղծման օրվանից անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրերին, շահերի բախման դեպքերին, սակայն ապարդյուն:

Օրինակ՝ հանձնաժողովը չի «նկատում», թե ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու իր մերձավորները ինչպես են կուտակում իրենց կարողությունը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տարիներ շարունակ պետական բյուջեն ինչպես է ծառայեցնում եղբոր ընտանեկան բյուջեն հարստացնելու համար: Մարզպետի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, լինելով «Ես և Նա» ՍՊԸ-ի սեփականատեր, հաղթում է Արագածոտնի մարզի դպրոցաշինության խոշոր ծրագրերում:

Վարչապետի ընտանիքին պատկանող Նացիոնալ հյուրանոցը

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի նկատում նաև ԱԺ փոխնախագահ Հեղինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին, որը «մենաշնորհ» ունի Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական հանրապետության միջպետական նշանակության ճանապարհահատվածի վերանորոգման ծրագրում: Ճանապարհի այդ հատվածի վերանորոգման համար 2013թ. կառավարությունը ԱԺ փոխնախագահի ընկերությանը հատկացրել էր 416 մլն 769 հազար դրամ, իսկ 2014թ-ին՝ 452 միլիոն 252 հազար դրամ:

Հերմինե Նաղդալյանը չի գոհանում միայն Սյունիքի մարզով: Նա իր ճանապարհաշինական ծրագրերի «աշխարհագրությունն» ընդլայնել և հասել է Արարատի, Լոռու, Արմավիրի մարզեր, Երևան քաղաք: Թե ինչի հիման վրա է ամեն անգամ ընտրվում ԱԺ փոխնախագահի ընկերությունը՝ դժվար չէ կռահել, սակայն հանձնաժողովը խախտում չի «նկատում»:

Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ այս տարիների ընթացքում, եթե բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը համարձակություն կամ պրոակտիվություն դրսևորեր, ապա շատ դեպքերում կարող էր սեփական նախաձեռնությամբ հարուցել վարույթներ և չսպասել երրորդ անձանց դիմումներին:

Օրենքը շահերի բախման բարձրաձայնման հնարավորությունը տվել է պաշտոնյային, ով պետք է դիմի իր վերադասին կամ էթիկայի հանձնաժողովին, որպեսզի վերջիններս պարզեն՝ կոնկրետ գործողություն կատարելիս արդյոք նա չի հայտնվի շահերի բախման իրավիճակում: Այս տարիների ընթացքում, բացի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանից, հասարակությանը հայտնի չէ որեւէ պաշտոնյայի անուն, ով դիմել է շահերի բախման իրավիճակը բացառելու համար:

Պաշտոնյաների ու նրանց փոխկապակցված անձանց «բարի կամքի» վրա է թողնված նաև հայտարարագիր ներկայացնել-չներկայացնելու հարցը: Օրենքով պատասխանատվություն չի նախատեսում հայտարարագիր չներկայացնելու, թերի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար: Նախկինում 50.000 դրամի չափով վարչական պատասխանատվություն էր նախատեսված հայտարարագիր չներկայացնող պաշտոնյաների համար: Իհարկե, պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Մանվել Գրիգորյանի, Արտակ Սարգսյանի, Մհեր Սեդրակյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի և այլոց համար ծիծաղելի գումար է 50.000 դրամանոց պատասխանատվությունը, սակայն այժմ այդ «պատժիչ» գործիքն էլ չկա:

Այսօր շատ պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը հավատ չեն ներշնչում, ոմանք էլ չեն ներկայացնում փոխկապակցված անձանց՝ ամուսինների ու իրենց հետ բնակվող, չափահաս ու չամուսնացած զավակների հայտարարագրերը, ծնողների հայտարարագրերը և այլն: Նույնիսկ պաշտոնյան չի նարկայացնում հայտարարագիր ու դրա համար պատասխանատվության չի ենթարկվում, քանի որ օրենքը նման հնարավորություն չի տալիս:

Արդեն գրել ենք, որ վարչապետի խորհրդական Սերգեյ Լոքյանը չի ներկայացրել 2014թ. գույքի ու եկամուտների հայտարարագիրը, սակայն որևէ հետևանք նրա նկատմամբ չի առաջացել: Նախորդ տարվա հայտարարագիրը չեն ներկայացրել նաև պատգամավոր Կարեն Բոթոյանն ու նրա կինը:

Հերիքնազ Տիգրանյանի խոսքերով՝ պաշտոնյան պետք է ունենա կաշկանդվածություն, որ թերի, կեղծ հայտարարագիր ներկայացնելու կամ ընդհանրապես չներկայացնելու դեպքում բացասական հետևանքներ կառաջանան, դա վատ կանդրադառնա իր բարի համբավի վրա, կամ՝ հետագա պաշտոնավարման համար արգելք կարող է հանդիսանալ:

«Եթե պաշտոնյան մի փոքր մտավախություն ունենա, որ կկորցնի բարի համբավը, չի պաշտոնավարի, հաստատ կներկայացնի հայտարարագիր: Բայց այստեղ հանձնաժողովի թերացումն էլ կա: Օրենքն ասում է, որ հանրային ծառայողը պարտավոր է հարգել և պահել օրենքի պահանջը, իսկ օրենքն ասում է՝ ներկայացրու հայտարարագիր: Ստացվում է, որ պաշտոնյան հայտարարագիր չներկայացնելով խախտում է օրենքի պահանջը, և էթիկայի հանձնաժողովը իր նախաձեռնությամբ կարող է վարույթ հարուցել: Բայց որևէ անգամ հանձնաժողովը հետևողականություն չի ցուցաբերել և նման նախաձեռնությամբ հանդես չի եկել»,-նշում է Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն:

Կասկածելի են նաև որոշ պաշտոնյաների ներկայացրած հայտարարագրերը: Օրինակ՝ տարիներ շարունակ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարագրում է միայն կենսաթոշակ և աշխատավարձ, սակայն ակնհայտ է, որ նրա ծախսերն ավելին են, քան հայտարարագրած եկամուտները: Նույնը վերաբերում է պատգամավոր Վարդան Այվազյանին, ով վերջին տարիներին, որպես եկամուտ, հայտարարագրում է միայն աշխատավարձը, մինչդեռ մամուլը նրա ունեցվածքի մասին` այդ թվում արտերկրում գտնվող,  բազմիցս է գրել:

Անվերահսկելի է հատկապես պաշտոնյաների արտասահմանյան բիզնեսն ու ունեցվածքը: Էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ևս փաստում է, որ «դրսում գտնվող գույքի հետ կապված մեր ձեռքերը կապված են»: Հանձնաժողովի նախագահը դեռ ամիսներ առաջ էր նշում, որ հանձնաժողովին հասանելի չէ պաշտոնյաների բանկային հաշիվներին վերաբերող տվյալներին:

«Ունենք այնքանով, որքանով պաշտոնյան հայտարարագրում է և հետագա պարզաբանումների շրջանակում մեզ կարող է տրամադրել տվյալը հիմնավորող հավելյալ տեղեկություններ: Սա էլ այնքանով, որքանով պաշտոնյան բարի կամք կդրսևորի` դիմելու բանկին, ստանալու քաղվածքներ և տրամադրելու մեզ»,-ասում է Ս. Սահակյանը:

Հերիքնազ Տիգրանյանը փաստում է, որ Հայաստանում ապօրինի հարստացումը չի ճանաչվում, հետևաբար, եթե նույնիսկ բացահայտվի, որ պաշտոնյայի ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, միևնույն է, ամբողջ ծավալով չի կարող բացահայտվել եկամտի օրինականությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի առաջին նիստի ժամանակ՝ հուլիսի 29-ին, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ելույթ է ունեցել և ներկայացրել է հայտարարագրման գործընթացը կանոնակարգող նորմերի պահանջները չկատարելու համար պատասխանատվության միջոցների սահմանման և կիրառման հարցերը: Ներկայացրել է նաև հայտարարագրման օրենսդրության խախտման համար պատասխանատվության՝ գործող միջազգային համակարգերը, այդ թվում՝ խախտումները քննող, դրանց համար պատասխանատվության միջոցներ կիրառող մարմինների գործառույթները և պատասխանատվության կիրառվող տեսակները, որոնք կարող են ուսանելի լինել Հայաստանում հայտարարագրման համակարգը զարգացնելու գործում: Թե այդ փորձը որքանով կիրառելի կլինի Հայաստանում՝ անհայտ է:

Հանձնաժողովը ֆինանսավորվում է ՀՀ նախագահական ապարատից

Հերիքնազ Տիգրանյանը նշում է, որ հանձնաժողովը պետք է երկու գործողություն զուգահեռ իրականացնի, որպեսզի կարողանա և՛ կոռուպցիայի դեմ պայքարել և՛ արդյունքներ գրանցել: Առաջինը պետք է հասնի նրան, որ օրենսդրական փոփոխություններով հանձնաժողովին իրավական մեծ լծակներ տրվեն և հնարավորություն, որպեսզի բացահայտումներ կատարի, սանկցիաներ կիրառի: Մյուս կողմից էլ պետք է ցանկացած հրապարակում՝ լինի մամուլի, թե այլ, կասկած առաջանալու դեպքում սեփական նախաձեռնությամբ հարուցեն վարույթ և չսպասեն երրորդ անձի դիմումին:

Նրա խոսքերով՝ եթե գոնե մեկ անգամ հանձնաժողովն իր նախաձեռնությամբ վարույթ հարուցի և դրան տա հրապարակայնություն,  կամ հրապարակեն, թե իրենց գործունեության ընթացքում ինչ առաջարկներ են ներկայացրել ՀՀ նախագահին, Ազգային ժողովին կամ կառավարությանը, հանրությունն էլ տեսնի, թե դրանք որքանով են արմատական, նոր միայն կարող ենք խոսել հանձնաժողովի դերի բարձրացման մասին:

Հանձնաժողովի անկաշկանդ գործունեության մասին խոսակցությունները «միֆ» են նաև այն պատճառով, որ օրենքով հանձնաժողովը «թիրախավորվել» է, և ֆինանսական միջոցները ստանում է ՀՀ նախագահի աշխատակազմից: Էլ չասենք, որ հանձնաժողովն իր աշխատանքը իրականացնում է հենց նախագահականի վարչական շենքում: Այս փաստերն արդեն իսկ կասկած են առաջանում, և որևէ մեկը չի կարող ասել, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն անկախ մարմին է:

«Հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ վատ վերաբերմունքն ու անվստահությունը գալիս է օրենքից, և հանձնաժողովն ասոցացվում է նախագահականի կցորդ մարմնի հետ: Եթե նույնիսկ դուրս գանք այդ կանխավարկածից և ընդունենք, որ այնտեղ աշխատում են ամենաանաչառ, ամենապրոֆեսիոնալ մարդիկ, միևնույն է, այդ մարմնի կախվածությունն ակնհայտ է, և դա օրենքով է ամրագրված»,-նշում է Հերիքնազ Տիգրանյանը:

Նշենք, որ  Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը ամեն տարի հրապարակում է կոռուպցիայի ընկալման համաթիվը: 174 երկրների շարքում Հայաստանը նախորդ տարի զբաղեցրել է 94-99-րդ տեղերը՝ այն կիսելով Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի և Պանամայի հետ: Նշված երկրներում կոռուպցիայի ընկալման ցուցանիշը 37 է: Հայաստանում գրեթե նույն ցուցանիշն է գրանցվել նաև 2013-ին՝ 36: Կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, թե որքանով է տվյալ երկրի բնակչությունը իր պետական եւ համայնքային մարմիններն ընկալում որպես կոռումպացված: Տարբեր ուսումնասիրություններ վկայում են, որ եթե տվյալ երկրի համաթիվը փոքր է 50-ից, ապա կոռուպցիան բավականին լուրջ հիմնախնդիր է այդ երկրում: Վերջին տարիներին Հայաստանում վիճակը կարծես թե չի փոխվել, ինչը նշանակում է, որ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքերն արդյունք չեն տվել, պաշտոնատար անձինք շարունակում են չարաշահել իշխանությունը` պետական միջոցներն օգտագործելով անձնական շահի համար:

Այս գործիքակազմով և ցուցանիշներով ինչպե՞ս կարելի է պայքարել կոռուպցիայի դեմ և արդյունքներ գրանցել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter