«Մարդ-աստվածներ»
Մանուկ Սահակյան, ցմահ դատապարտյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ
«Հետքում» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի հայտարարությունից հետո ցմահ դատապարտյալ Մանուկ Սահակյանն առաջին արձագանքողներից էր: Մանուկի ճակատագրին արդեն անդրադարձել ենք «Ինչպե՞ս պատժել երիտասարդներին» հոդվածում: Ցմահ դատապարտյալը «Հետքին» նոր հոդված է ուղարկել:
«Ես որոշել էի գրել միայն ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրների մասին և չանդրադառնալ իշխանությունների վարած քաղաքականությանը կամ այլ թեմաների, չնայած հենց այդ քաղաքականության հետևանքով են առաջանում և անպատասխան մնում ցմահ դատապարտյալների խնդիրները: Սակայն, հաշվի առնելով այն հանգմանքը, որ դատապարտված անձինք միշտ բախվում են ներկայացվող երևույթին, և շատ հարցեր լուծում չեն ստանում հենց այդ մտածելակերպի և մոտեցման հետևանքով, որոշեցի գրել «մարդ աստվածներ»-ի պայմանական տեսակի մասին:
«Մարդ աստվածներ» տեսակ. մերժող հասարակություն, պատժող մտածելակերպ, ես-ի աստվածացում, հաշվարկով ապրող մարդիկ, որոնք կան մեր հասարակությունում, նրանք ամբողջ կյանքն ապրում են ծրագրին համապատասխան, հանուն ինչ-որ պաշտոնի, զբաղեցնում մի աթոռ և ամուր կպչում այդ աթոռից, դրանից հետո որոշում են, որ իրենք ամենախելացին են, ամենաբարոյականն ու անսխալականը, աստիճանաբար նրանց պատում է մի զգացում` ես-ի աստվածացում: Սկսում են դատել բոլորին և ամեն ինչ, որոշում՝ ով ինչ իրավունք ունի և ով չունի, իրենց պատկերացումների համապատասխան ցույց են տալիս յուրաքանչյուրին իր տեղը:
Վերջերս առիթ ունեցա լսել մի այդպիսի մարդու համոզմունքի մասին, ում տեսակետի մասին էլ ցանկանում եմ խոսել ընթերցողի հետ: Գտնվելով անազատության մեջ, մի քանի տարի զբաղվելով ինքնակրթությամբ՝ ցանկանում եմ շարունակել կիսատ մնացած ուսումս (ձերբակալման ժամանակ 2009թ. ես ՀՊՃՀ 4-րդ կուրսի ուսանող էի), բայց քանի որ այստեղից կարող եմ միայն հեռավար (դիստանցիոն) ուսում ստանալ, հետաքրքրվեցի և տեղեկացա, որ այդպիսի ուսուցում ստանում են բախտակիցներիցս երեքը՝ դարձյալ ցմահ դատապարտյալներ: Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար իմ լավ բարեկամը գնացել էր հայաստանյան ոչ պետական բուհերից մեկն ու հետաքրքրվել: Նախ նրան թույլ չէին տվել բարձրանալ վերև և առաջարկել էին ներքևից զանգել ու հեռախոսով ստանալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանը: Չգիտեմ՝ ով է պատասխանել բարեկամիս, ուղղակի բառացի ներկայացնեմ նրա պատասխանը: Լսելով, որ խոսքը ցմահ դատապարտյալի մասին է, արհամարհական պատասխանել է. «Դե՛ ասեք մարդ սպանելու համար է նստել, էլ ի՞նչ սովորելու մասին է խոսքը, մենք հեռավար ուսուցում չունենք»:
Եթե այսպես խոսեր մեկ այլ մարդ, ապա չէի անդրադառնա, բայց երբ դա ասում է բարձրագույն հաստատության աշխատակից, որտեղ բազմաթիվ երիտասարդներ ոչ միայն մասնագիտական կրթություն են ստանում, այլև որոշակի մտածելակերպ ձևավորում, ապա պետք է նշեմ այդ մտածելակերպի տարբերության մասին, որը, հուսով եմ, չեն ընդունի այդ երիտասարդները:
«Մտածելակե՞րպ, թե՞ կարծրատիպ»
Տարբերություն չդնել 105 ցմահ դատապարտյալների միջև, չմտածել, որ գուցե դատական սխալների հետևանքով են ոմանք հայտնվել այս ճահճում, կամ եթե սխալվել են կյանքում, ապա պետք է ոտքով հրել նրանց ճահճի մեջ:
Սա այն կարծրատիպն է, որ եթե մարդ հայտնվել է անազատության մեջ, ուրեմն վե՛րջ, խաչ քաշեք նրա վրա, քանի որ հայտնվելով ազատության մեջ՝ նա նորից հանցագործություն է կատարելու և ուղղվելու ենթակա չէ: Այսպիսի մոտեցումը բոլորի նկատմամբ արդյո՞ք ճիշտ է, իսկ դուք չեք մտածե՞լ, որ կրկնահանցագործությունն է հենց այդ մոտեցման հետևանքը, երբ առանց տարբերակման դուք մերժում եք նրանց ինտեգրման փորձը, երբ փակում եք բոլոր դռները, երբ անընդհատ հիշեցնում եք, որ նա կյանքում հանցանք է կատարել և դրա համար իրավունք չունի սովորելու կամ աշխատելու: Ես կարծում եմ, որ այս մոտեցումը մեծ նշանակություն ունի:
Ոչ մեկի չեմ ցանկանում, որ հայտնվեն ցմահ մահապատժի կարգավիճակում, բայց կյանքում ոչ ոք ապահովագրված չէ: Չնայած «մարդ-աստվածներ»-ը ապրում են հաշվարկով. գիտեն՝ ում ժպտան ու սիրաշահեն, ում կոպտեն ու արհամարհեն, ում սիրահարվեն և ում ատեն, ում զանգի շնորհիվ մարդ ընդունեն, որ երբեք իրենց աթոռից չզրկվեն:
Ցմահ դատապարտյալները բերդում չեն ծնվել ու մեծացել, մարդիկ կգտնվեն, ովքեր հնարավորության դեպքում կուղղվեն:
Ես չարացած կամ հիասթափված չեմ և շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր նշածս մտածելակերպի հետևորդ չեն, բոլոր նրանց, ում շնորհիվ հնարավորություն ունեմ բարձրաձայնել իմ և իմ բախտակիցներին վերաբերող խնդիրների մասին: Հատուկ շնորհակալություն բոլոր արձագանքողներին»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել