
7 տարվա ազատազրկում՝ 143 հազար դրամի համար
Ի՞նչ չգրված օրենք է գործում դատապարտյալներին պայմանական ազատման համակարգում
«Հետքի» խմբագրություն զանգահարած «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Ռուբեն Ամատունին տեղեկացրեց, որ հունվարի 31-ին հիմնարկի վարչական հանձնաժողովը երրորդ անգամ մերժել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելը (հաջորդ անգամ նա իրավունք ունի դիմել ապրիլի 31-ին):
«Թեպետ ես գնահատվում եմ որպես դրական դատապարտյալ, ունեմ երկու խրախուսանք, չունեմ ոչ մի տույժ, այդուհանդերձ ստանում եմ մերժում: Վարչակազմի պատճառաբանությունը քրեական հոդվածիս ծանրությունն է, նաև այն, որ դեռ երկու տարի և ավելի պատժաժամկետ ունեմ կրելու, բայց ես ամեն նախադրյալ ստեղծել եմ՝ ազատության մեջ լինելու համար»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում շեշտեց դատապարտյալը:
Ռուբեն Ամատունին դատապարտվել է ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով 2010 թ-ին: Ավտովթարի հետևանքով առաջացած պարտքը մարելու գումար չունենալով`Ռուբենը կրակվառիչ-ատրճանակը պարզել է երևանյան բենզալցակայաններից մեկի աշխատակցի ուղղությամբ եւ պահանջել գումար. այնուհետեւ վերցրել է մոտ 143.000 դրամն ու հեռացել: Դատապարտվելուց հետո Ռուբենը վճարել է այդ գումարը, քաղաքացիական հայց չունի: Դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ 143.000 դրամի համար:
Ամատունին 4 տարի է՝ «Կոշ» ՔԿՀ-ում է, մշտապես մասնակցել է հիմնարկում կազմակերպվող միջոցառումներին, «Կրթական ինքնագործ միավորման» նախագահն է, որը ստեղծվել է հենց դատապարտյալի նախաձեռնությամբ, սպորտային ինքնագործ միավորման անդամ է: Ռուբենի նախաձեռնությամբ է թարմացվել և ընդլայնվել «Կոշ» ՔԿՀ-ի գրադարանային ֆոնդը, նրա խնամքի տակ է մայրը, ով երկրորդ կարգի հաշմանդամ, միայնակ կին է:
«Իմ կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք հոդվածներով (104,112, 113,175,176,178,179, 258, 266, 268) օրինաչափ է դարձել պայմանական ազատում չկիրառել: Այլ կերպ ասած` սպանություն, մարմնական վնասվածք, դիտավորյալ մարմնական վնասվածք, խարդախություն, ավազակային հարձակում, կողոպուտ, գույքի հափշտակում, թմրամիջոցների վաճառք և օգտագործում, խուլիգանություն հանցակազմերով հոդվածներն են: Սակայն ասեմ, որ դատապարտյալների մեծ մասն էլ հենց այդ հոդվածներով են դատապարտված»,- նշեց Ռուբենը:
«Հետքի» հարցին, թե ինչ չափորոշիչներ կան պայմանական վաղակետ ազատման ներկայացնելու համար: Կա արդյոք որեւէ հարցաթերթիկ, որ դատապարտյալները լրացնում են, Ամատունին նշեց. «Որևէ հարցաթերթիկ չկա, «Կոշում» վարչակազմը բոլորին լավ ճանաչում է, հարցեր տալու կարիք էլ չկա: Պարզապես ինձ մոտ տպավորություն է, որ վարչակազմը կաշկանդված է, ցանկանում է, բայց չի կարողանում ներկայացնել մեզ անկախ հանձնաժողովին: ՔԿՀ-ներում չէ խնդիրը, այլ մի ուրիշ տեղ: Կարծում եմ` վերևից ինչ-որ «հրահանգ» կա, բայց ես չեմ կարող դա ապացուցել: 2006 թ-ից եթե վիճակագրությունը նայեք, կտեսնեք, որ գնալով ավելի ու ավելի քիչ մարդ է վաղակետ ազատվում` 140-ից երևի մի 3 հոգի: Բայց այս ամենը հակասում է գրված օրենքներին` ՔՕ 77 և 76 հոդվածներին: Երբ քաղաքացուն ազատազրկման են դատապարտում, քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն, պիտի սկսեն աշխատել պատժի նպատակները` կանխել հետագա հանցագործությունները, ուղղել անձին, վերականգնել սոցիալական արդարությունը: Իմ պարագայում՝ պատժի երեք նպատակներն էլ կայացել են: Ինչի՞ համար եմ ես արդեն 6 ամսից ավելի գտնվում այստեղ, չեմ հասկանում, ո՞վ է շահում դրանից: Եթե ես համարվում եմ ուղղված ու բնութագրվում եմ դրական, ինչո՞ւ չի գործում օրենքի տառը»,- ասում է Ռուբեն Ամատունին:
Նա պարբերաբար պայմանական վաղակետ ազատման հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնում է մամուլում, գրում նաև պետական մարմիններին` Արդարադատության նախարարությանը, ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին: Բոլոր դիմումները վերահասցեագրում են Ամատունու բառերով ասված` «խեղճ» քրեակատարողական վարչություն:
«Իրենք էլ ստիպված պատասխանում են, որ հաջորդ անգամ ձեր հարցը կլսվի այսինչ օրը, ամեն ինչ հիմնավոր է, բայց կարող եք որոշումը բողոքարկել դատական կարգով»,- ասում է Ռուբենը: Հարցին, թե երբևէ բողոքարկե՞լ է վարչական հանձնաժողովի որոշումը, նա պատասխանեց. «Տեսնելով այս ամենը` հույս չունեմ, թե դատարանը ինչ-որ բան կփոխի: Այնուամենայնիվ, կարելի է պայքարի այդ ճանապարհն էլ փորձել»:
Հ.Գ. «Հետքը» դիմել է Արդարադատության նախարարության ՔԿՎ հարցմամբ, թե տարեկան քանի անգամ են ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովները քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածներով դատապարտված անձանց ներկայացրել անկախ հանձնաժողովին պայմանական վաղաժամկետ ազատման համար: Քրեակատարողական վարչությունը մեկ ամիս ժամանակ է խնդրել՝ հարցմանը պատասխանելու համար:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել