HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

7 տարվա ազատազրկում՝ 143 հազար դրամի համար

Ի՞նչ չգրված օրենք է գործում դատապարտյալներին պայմանական ազատման համակարգում 

«Հետքի» խմբագրություն զանգահարած «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Ռուբեն Ամատունին տեղեկացրեց, որ հունվարի 31-ին հիմնարկի վարչական հանձնաժողովը երրորդ անգամ մերժել է իրեն պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելը (հաջորդ անգամ նա իրավունք ունի դիմել ապրիլի 31-ին):

«Թեպետ ես գնահատվում եմ որպես դրական դատապարտյալ, ունեմ երկու խրախուսանք, չունեմ ոչ մի տույժ, այդուհանդերձ ստանում եմ մերժում: Վարչակազմի պատճառաբանությունը քրեական հոդվածիս ծանրությունն է, նաև այն, որ դեռ երկու տարի և ավելի պատժաժամկետ ունեմ կրելու, բայց ես ամեն նախադրյալ ստեղծել եմ՝ ազատության մեջ լինելու համար»,- «Հետքի» հետ հեռախոսազրույցում շեշտեց դատապարտյալը:  

Ռուբեն Ամատունին դատապարտվել է ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով 2010 թ-ին: Ավտովթարի հետևանքով առաջացած պարտքը մարելու գումար չունենալով`Ռուբենը կրակվառիչ-ատրճանակը պարզել է երևանյան բենզալցակայաններից մեկի աշխատակցի ուղղությամբ եւ պահանջել գումար. այնուհետեւ վերցրել է մոտ 143.000 դրամն ու հեռացել: Դատապարտվելուց հետո Ռուբենը վճարել է այդ գումարը, քաղաքացիական հայց չունի: Դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ 143.000 դրամի համար:

Ամատունին 4 տարի է՝ «Կոշ» ՔԿՀ-ում է, մշտապես մասնակցել է հիմնարկում կազմակերպվող միջոցառումներին, «Կրթական ինքնագործ միավորման» նախագահն է, որը ստեղծվել է հենց դատապարտյալի նախաձեռնությամբ, սպորտային ինքնագործ միավորման անդամ է: Ռուբենի նախաձեռնությամբ է թարմացվել և ընդլայնվել «Կոշ» ՔԿՀ-ի գրադարանային ֆոնդը, նրա խնամքի տակ է մայրը, ով երկրորդ կարգի հաշմանդամ, միայնակ կին է:

«Իմ կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ մի շարք հոդվածներով (104,112, 113,175,176,178,179, 258, 266, 268) օրինաչափ է դարձել պայմանական ազատում չկիրառել: Այլ կերպ ասած` սպանություն, մարմնական վնասվածք, դիտավորյալ մարմնական վնասվածք, խարդախություն, ավազակային հարձակում, կողոպուտ, գույքի հափշտակում, թմրամիջոցների վաճառք և օգտագործում, խուլիգանություն հանցակազմերով հոդվածներն են: Սակայն ասեմ, որ դատապարտյալների մեծ մասն էլ հենց այդ հոդվածներով են դատապարտված»,- նշեց Ռուբենը:

«Հետքի» հարցին, թե ինչ չափորոշիչներ կան պայմանական վաղակետ ազատման ներկայացնելու համար: Կա արդյոք որեւէ հարցաթերթիկ, որ դատապարտյալները լրացնում են, Ամատունին նշեց. «Որևէ հարցաթերթիկ չկա, «Կոշում» վարչակազմը բոլորին լավ ճանաչում է, հարցեր տալու կարիք էլ չկա: Պարզապես ինձ մոտ տպավորություն է, որ վարչակազմը կաշկանդված է, ցանկանում է, բայց չի կարողանում ներկայացնել մեզ անկախ հանձնաժողովին: ՔԿՀ-ներում չէ խնդիրը, այլ մի ուրիշ տեղ: Կարծում եմ` վերևից ինչ-որ «հրահանգ» կա, բայց ես չեմ կարող դա ապացուցել: 2006 թ-ից եթե վիճակագրությունը նայեք, կտեսնեք, որ գնալով ավելի ու ավելի քիչ մարդ է վաղակետ ազատվում` 140-ից երևի մի 3 հոգի: Բայց այս ամենը հակասում է գրված օրենքներին` ՔՕ 77 և 76 հոդվածներին: Երբ քաղաքացուն ազատազրկման են դատապարտում, քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն, պիտի սկսեն աշխատել պատժի նպատակները` կանխել հետագա հանցագործությունները, ուղղել անձին, վերականգնել սոցիալական արդարությունը: Իմ պարագայում՝ պատժի երեք նպատակներն էլ կայացել են: Ինչի՞ համար եմ ես արդեն 6 ամսից ավելի գտնվում այստեղ, չեմ հասկանում, ո՞վ է շահում դրանից: Եթե ես համարվում եմ ուղղված ու բնութագրվում եմ դրական, ինչո՞ւ չի գործում օրենքի տառը»,- ասում է Ռուբեն Ամատունին:

Նա պարբերաբար պայմանական վաղակետ ազատման հետ կապված խնդիրների մասին բարձրաձայնում է մամուլում, գրում նաև պետական մարմիններին` Արդարադատության նախարարությանը, ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին: Բոլոր դիմումները վերահասցեագրում են Ամատունու բառերով ասված` «խեղճ» քրեակատարողական վարչություն:

«Իրենք էլ ստիպված պատասխանում են, որ հաջորդ անգամ ձեր հարցը կլսվի այսինչ օրը, ամեն ինչ հիմնավոր է, բայց կարող եք որոշումը բողոքարկել դատական կարգով»,- ասում է Ռուբենը: Հարցին, թե երբևէ բողոքարկե՞լ է վարչական հանձնաժողովի որոշումը, նա պատասխանեց. «Տեսնելով այս ամենը` հույս չունեմ, թե դատարանը ինչ-որ բան կփոխի: Այնուամենայնիվ, կարելի է պայքարի այդ ճանապարհն էլ փորձել»:  

Հ.Գ. «Հետքը» դիմել է Արդարադատության նախարարության ՔԿՎ հարցմամբ, թե տարեկան քանի անգամ են ՔԿՀ-ների վարչական հանձնաժողովները քրեական օրենսգրքի վերը նշված հոդվածներով դատապարտված անձանց ներկայացրել անկախ հանձնաժողովին պայմանական վաղաժամկետ ազատման համար: Քրեակատարողական վարչությունը մեկ ամիս ժամանակ է խնդրել՝ հարցմանը պատասխանելու համար:

Մեկնաբանություններ (3)

ROB
MINJEV DATAPARTYALNERIN QNNADTATEL@, TE OV INCH HANCAGORCUTIUNA AREL, NAX MI HAT HL@ YERKRI VIJAK@ NAEQ... SAX MARDIK ANGORC EN, OV EL GORC UNI HAZIVA GOYUTIUN@ PAHPANUM, SAXIN KOXEL EN VARKI U TOKOSI TAK, MARDIK JRRRRUM EN PARTQERI TAK, VONC APREN? VONC DIMAKAEN ES QANDVAC ERKRUM?! DRA HAMAR EL MARDIK KARIQIC DRDVELOV GNUM EN HANCAGORCUTIAN, MEKA VOR CHGNAN EL VARKERN U PARTQER@ CHMARELU DEPQUM KKANGNEN DATARANI ARAJ... YES 33 TAREKAN EM, JISHTA CHEM TESEL SOVETI TARINER@, BAYC MECERIC LSEL EM VOR EN TARINERI POXOCNERUM PARAP MARD CHKAR, OV EL TREV ER GALIS' TANUM U ASHXATANQI EIN TEXAVORUM. ISK HIMA UR GNUM ES ASHXATATEX CHKA, VORTEX EL KA PITI CANOT U BAREKAM UNENAS VOR GORC TAN MI CEV YOLLA GNAS, AYSINQN MI QICH USH MERNES... VOR HANKARC IMANUM EN VOR NAXKIN DATAPARTYAL ES EXEL' @NDANRAPES DEMQT EL CHEN UZUM TENAN. ISK EVROPAYUM, KAM ARTASAHMANUM DATAPARTYAL@ HENC AZATVUMA VAXAJAMKET, TE ORACUYCAIN TARBERAKOV PARTADIR TEXAVORUM EN ASHXATANQI U NORMAL ASHXATAVARCOV. H.G. ERKIR@ HL@ ERKIR SARQEQ, HOTO NOR QNNADATEQ MARDKANC APRELAKERP@ U BRNAC GORC@!
Զարուհի
Հարգելի NY, մեծ իմաստով ես համամիտ եմ Ձեզ հետ, հոդվածի մեխը, սակայն, պայմանական վաղակետ ազատման չկիրառումն է, երբ դատապարտյալը չունի խախտում, դրական վարք է դրսևորել և այլն...Հարցն այն է, որ բանտերում հաճախ հանդիպում եմ երկու մետր հոսանքի լար գողացողի, բազմազավակ ընտանիքի հոր, ով չի կարողացել հոսանքի գումարը մուծել, լույսը անջատել են, իսկ նա մարտկոց է գողացել ինչ-որ տեղից, որ երեխաները լույս ունենան, փոխարենը ազատության մեջ են մնում արտոնյալները, ովքեր կարող են մարդ սպանել ու մնալ անպատիժ: Հարց.եթե այս տղան Լիսկայի տղան լիներ, արդյոք կդատապարտվեր անգամ մեկ օր? Ես հասկանում եմ՝ Դուք խոսում եք դասական արդարադատության մասին, երբ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքն է գործում: Բայց մեզանում դեռ արդիական է ասացվածքը:
Զարուհի
Հարգելի NY, այո, այս երիտասարդը պայքարում է ինքնուրույն, գրեթե մենակ, պայմանական վաղակետի կիրառման-չկիրառման դեպքերի մասով սեփական ուսումնասիրությունն ու վիճակագրությունն է արել: Ու մշտապես բարձրաձայնում է, որ կա խնդիր այդ ինստիտուտի ներսում, որ չգրված ինչ-որ օրենքով որոշակի հոդվածներով չի կիրառվում պայմանական ազատումը: Այս մասին, ի դեպ, բարձրաձայնում են նաև շատ կազմակերպություններ, անգամ պետական մարմինները, բայց ոչ մի գործնական քայլ դեռ չկա: Ռուբեն Ամատունու բարձրաձայնումներից հետո դիմել է քրեակատարողական վարչություն, որպեսզի ունենա վիճակագրություն, թե տարեկան քանի անգամ են վարչական հանձնաժողովները դատապարտյալի առանձնացրած հոդվածներով ներկայացնում անկախ հանձնաժողովին պայմանական ազատման համար: Դեռ պատասխան չունենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter