HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե վիշտը արդարադատության գործիք է դարձել, ապա այլևս արդարադատություն չէ»

Վարդան Պետրոսյանի գործով այսօրվա դատական նիստին ներկայացել էին Հակոբյան ընտանիքները, նաև պաշտպանական կողմի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն: Նիստի սկզբում դատարանը ներկայացրեց, որ տուժողները մարտի 27-ին նամակ են գրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով, թե Վարդան Պետրոսյանը մինչ օրս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում»` կարծիք հայտնելով, որ նա «արտոնյալ» վիճակում է: Նշենք, որ ապրիլի 29-ին Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է «Նուբարաշեն» մեկուսարանի բուժմաս:

Կրկին` Վարդան Պետրոսյանի սթափության մասին

Թեպետ Վարդան Պետրոսյանին նախաքննական մարմինը չի մեղադրել 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ոչ սթափ վիճակով մեքենա վարելու մեջ, այդուհանդերձ, վարորդի սթափ լինել-չլինելու մասին քննարկումները դատարանում շարունակվում են:

 Այսօրվա նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց «Նաիրիի բժշկական կենտրոնի» բժիշկ Համազասպ Գևորգյանին որպես վկա դատարան հրավիրելու մասին: Ըստ Բալոյանի` միջնորդությունը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել վարորդի սթափության վերաբերյալ երկու արձանագրությունների առկայությունը, որոնցից մեկի վրա (դատական գործի նյութերում առկա) ստուգման մեթոդը տողում նշված է միայն ալկոմետրով բառը, իսկ մյուսի վրա, որն ի պատասխան իր հարցման` ստացել էր պաշտպան Բաղդասարյանը, պարզաբանված է նաև ստուգման մեթոդը, այն է՝ «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ»:

«Ես չեմ կարողանում պարզել, թե ինչպես է հնարավոր 2 օրինակից կազմել արձանագրություն, մեկում մի բան գրված լինի, մյուսում՝ ուրիշ: Թող այդ օրվա հերթապահ բժիշկը գա դատարան, որպեսզի պարզ դառնա ամեն բան»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Դատախազ Արթուր Սարգսյանն էլ ասաց, որ թեպետ բժիշկ Համազասպ Գևորգյանը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել, այդուհանդերձ, ինքը կողմ է, որ նա դատակոչվի որպես վկա և ցուցմունք տա:

Միջորդությանն առարկեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով. «Հիմա մենք քննարկում ենք մեղադրանքի ծավալից դուրս գտնվող հարց: Քանի որ իմ պաշտպանյալին չեն մեղադրում մեքենան ոչ սթափ վիճակում վարելու մեջ, ուստի միջնորդությունը, կարծում եմ, չի կարող բավարարվել»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը՝ դատարանին ներկայացնելով իր կատարած փաստաբանական հարցումը, որով բժիշկ Համազասպ Գևորգյանը գրավոր մեկ անգամ ևս պնդել է, որ ավտովթարից հետո Վարդան Պետրոսյանը «Նաիրիի բժշկական կենտրոնում» ստուգվել է և արձանագրվել է, որ նա եղել է սթափ վիճակում: Բժիշկը ներկայացրել է նաեւ բժշկական կենտրոնի՝ վարորդների սթափության զննության մատյանի (համարվում է խիստ հսկողության մատյան) 58-րդ էջի լուսապատճենը, որտեղ ևս գրանցված է Վարդան Պետրոսյանի սթափության զննության արդյունքը` «սթափ» բառով:

«Սուտ են ասում»,- լսելով Նիկոլայ Բաղդասարյանի առարկությունը՝ ասաց տուժողներից Արթուր Հակոբյանը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը, ով մինչ այդ արդեն նախազգուշացում էր տվել նույն անձին, այս անգամ զրկեց նրան դատական նիստերին մասնակցելու հնարավորությունից: Դատական նիստը խանգարելու համար հեռացվեց ևս երկու անձ:

Միջնորդության վերաբերյալ կարծիք արտահայտեց նաև Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Լոռ Դոզեն. «Արձանագրությունները վկայում են, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել: Զրույցն այս թեմայի շուրջ կարող է անվերջ ձգվել, սա կարող է լուրջ կասկած նետել իմ պաշտպանյալի սթափ լինելու վրա: Անհրաժեշտ է կասկած գցել, որ Վարդան Պետրոսյանը խմած է եղել, այլապես ամեն ինչ կփլուզվի»:

Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, բավարարեց միջնորդությունը: Դատարան կհրավիրվի դեպքի օրը Վարդան Պետրոսյանի սթափությունը ստուգած հերթապահ բժիշկ Համազասպ Գևորգյանը:

«Ես չեմ հասկանում, թե ինչու է Վարդան Պետրոսյանը մինչ օրս կալանքի տակ»

Ֆրանսիացի փաստաբանը սկսեց ներկայացնել իր միջնորդությունը իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերի բացակայության մասին: «Սկզբում իմ պաշտպանյալը չի մտածել որևէ փաստաբան ներգրավելու մասին, իր միամտությամբ նա կարծել է, որ երբ մարդն անմեղ է, փաստաբանի կարիք չունի: Հետո է միայն դիմել Նիկոլային, նաև` ինձ: Ես այստեղ չեմ, որ Ձեզ հայկական դատի վերաբերյալ ինչ-որ դասեր տամ, այստեղ եմ, որ պաշտպանեմ երկքաղաքացի Վարդան Պետրոսյանին: Ես չեմ հասկանում, թե ինչու է Վարդան Պետրոսյանը մինչ օրս կալանքի տակ: Եթե վիշտը արդարադատության գործիք է դարձել, ապա այլևս արդարադատություն չէ»,- ասաց ֆրանսիացի փաստաբանը, սակայն դատարանի հրավիրած թարգման, 2002-ին ԱՆ-ի կողմից լիցենզավորված թարգմանիչ, Վ. Բրյուսովի անվան Լեզվաբանական համալսարանն ավարտած Հռիփսիմե Հարությունյանը դժվարանում էր միաժամանակյա բանավոր թարգմանություն անել (դատարանում հայտնեց, որ մինչ այդ քրեական գործերով միայն գրավոր թարգմանություններ է կատարել): Դահլիճում ֆրանսերենին տիրապետողներ կային՝ Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչն ու իր թարգմանիչը, Վարդան Պետրոսյանի կինը, քույրը, ուստի սկսվեցին խոսակցություններ, որ թարգմանը ճիշտ չի թարգմանում փաստաբանի ներկայացրածը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ միջնորդությունը նախապես թարգմանվել է այլ թարգմանչի կողմից հայերեն, իսկ թարգմանը այլ ձևով է թարգմանում, ուստի միջնորդեց դատական նիստը հետաձգել: «Ես չգիտեմ՝ միտումնավոր է արվում, թե ինչպես, բայց Վարդան Պետրոսյանի պաշտպանվելու իրավունքը խախտվում է»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:  

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն առաջարկեց երկրորդ թարգման ներգրավել:

Վարդան Պետրոսյանն էլ ասաց. «Թարգմանը բանավոր խոսքում մասնագիտացած չէ: Բանն այն է, որ ֆրանսերենում բանավոր ու գրավոր լեզուն խիստ տարբեր է»:

Ռուբեն Բալոյանի առաջարկով հայտարարվեց ընդմիջում, ընդմիջումից հետո Նիկոլայ Բաղդասարյանը հետ վերցրեց նիստը հետաձգելու մասին իր միջնորդությունը, քանի որ Մարի Լոռ Դոզեն հայտնել էր, որ կիրակի օրը պիտի մեկնի Ֆրանսիա: Վերջինը շարունակեց ներկայացնել իր միջնորդությունը, բայց թարգմանն անընդհատ հարցեր էր տալիս փաստաբանին՝ փորձելով կրկին ճշտել այս կամ այն բառը: Ի վերջո, ֆրանսիացի փաստաբանն ասաց, որ չի կարող այլևս այդ պայմաններում շարունակել: «Ինձ մոտ տպավորություն է ձևավորվում, որ Դուք չեք ուզում, որ ես հասկացված լինեմ»,-ասաց Մարի Լոռ Դոզեն եւ համաձայնեց մինչև երեքշաբթի օրը մնալ Հայաստանում ու մասնակցել մյուս դատական նիստին: 

Մեկնաբանություններ (1)

henri
Վարդանի հանդէպ ցուցաբերուած այս անբացատրելի վրէժխնդրութիւնը եւ ատելութիւնը բաւարար են որ մարդ թքէ այս իշխանութիւններու երեսին, անիծէ զիրենք եւ հեռանայ այդ դժոխքի վերածուած Սուրբ Երկրէն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter