HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը մերժեց երկու ցմահ բանտարկյալների գործով բողոքները

Ըստ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 20 տարի առաջ նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի գործով արդարադատության դեմ ուղղված հանցագործություն տեղի չի ունեցել:

Նույն դատարանը նախկին զինդատախազի հայտնած օպերատիվ տվյալները համարել է ենթադրություններ: Համաձայն դատարանի որոշման՝ «նախկին զինդատախազի կողմից լրատվական միջոցներին տված հարցազրույցում կատարված ենթադրությունները չեն կարող հանդիսանալ նոր երևան եկած հանգամանքով վարույթ հարուցելու հիմք»: Խոսքը 19 տարի առաջ դատապարտված Արթուր Մկրտչյանի գործի մասին է, իսկ նախկին զինդատախազը Գագիկ Ջահանգիրյանն է, ով հարցազրույց է տվել ոչ թե լրատվական միջոցներին, ինչպես նշված է դատարանի որոշման մեջ, այլ «Հետք» ինտերնետային թերթին՝ հայտնելով ոչ թե ենթադրություննե, այլ օպերատիվ տվյալներ:

Այսպիսով՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը երկու դեպքում էլ մերժեց ցմահ բանտարկյալներ Սողոմոն Քոչարյանի ու Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանի բողոքները:

Հիշեցնենք, որ երկու քրեական գործերով էլ նախկին դատախազները 19 տարի անց բացահայտել են նախորդ դարի 90-ականներին քննված գործերով նոր հանգամանքներ: Սողոմոն Քոչարյանի գործով Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանն իր ինքնակենսագրականում հայտնել է, որ Սողոմոն Քոչարյանի մահվան դատավճռի պահանջը եղել է մեկ այլ պետության՝ Իրանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: Իսկ Արթուր Մկրտչյանի գործով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը 19 տարի անց հայտնել է օպերատիվ տեղեկություններ, որոնք քննության նյութ չեն դարձել 19 տարի առաջ:

Երկու դեպքերում էլ նախ «Հետքը», ապա Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ ի դեմս փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթներ հարուցել 19 տարի անց՝ հիմք ընդունելով «Հետքի» լուսաբանումները: Սակայն թե՛ Սողոմոն Քոչարյանի, թե՛ Արթուր Մկրտչյանի գործերով մերժվել է վերանայման վարույթի հարուցումը: Հենց այս մերժումներն էլ բողոքարկվում էին դատարանում:

Փաստաբան Ռևազյանը «Հետքին» հայտնեց, որ պատրաստվում է երկու գործով որոշումները բողոքարկել Վերաքննիչ դատարանում: 

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Ի՞նչ կշահի հայ հասարակությունը, եթե Սողոմոն Քոչարյանը մահանա բանտում։ Ազերիները նորից մեզ վրա կծիծաղեն, որ ցեղասպանություն նշող հայ պետականությւոնը թուրք սատկացրած իր հերոսին ողջ ողջ թաղել է բանտում։ Դա՞ է ձեր ուզածը, պարոնայք հայոց արդարադատներ։ Թող կյանքը նույնպես վարվի ձեզ հետ, ինչպես որ դուք եք վարվում մեր տղաների հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter