
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն` ընդդեմ ոստիկանության
«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դիմել է վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության` հարցմամբ պահանջվող տեղեկությունները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով: Հայցն ընդունվել է վարույթ և առաջին նախնական նիստը նշանակվել է հուլիսի 10-ին:
«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը էլեկտրոնային փոստով հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե վերջին 5 տարվա ընթացքում քանի բողոք է ներկայացվել ոստիկանություն քաղաքացիներ Ն. Ասատրյանի և Վ. Մարգարյանի դեմ, նրանց վերաբերյալ արդյոք հարուցվել են քրեական գործեր և այլն:
ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության արդեն նախկին պետ Մ. Հակոբյանը, պատասխանելով «Հետքի» հարցմանը, հղում անելով «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, տեղեկացրել է, որ «տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը»: Այնուհետև ավելացրել է.
«Օրենսդրության հիշյալ դրույթների ելնելով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ գրությանը կից չեք ներկայացրել Նաիրա Մերուժանի Ասատրյանի, և Վարուժան Ցոլակի Մարգարյանի կողմից Ձեզ տրված լիազորագրերի պատճենները, հետևաբար Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը, առանց տվյալների սուբյեկտների համաձայնության, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի հիմքով տրամադրման ենթակա չէ»:
Ոստիկանությունը չի հիմնավորել, թե ինչու են կարծում, որ պահանջված տեղեկատվության տրամադրումը խախտում է վերը նշված անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը:
Հիշեցնենք, որ քաղաքացիների բողոքների հիման վրա «Հետքը» մի քանի հոդված է հրապարակել քաղաքացիներ Ն. Ասատրյանի և Վ. Մարգարյանի վերաբերյալ: Նրանք պատմել են, թե ինչպես են տոկոսով գումարներ վերցրել Նաիրա Ասատրյանից ու Վարուժան Մարգարյանից, սակայն տոկոսները չմարելու պատճառով զրկվել ու զրկվում են իրենց բնակարաններից:
«Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիները ապրիլի 13-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որպեսզի վաշխառության հատկանիշներով մեղադրանք առաջադրվի Վարուժան Մարգարյան- Անահիտ Մարգարյան -Նաիրա Ասատրյան (առաջին երկու անձինք քույր ու եղբայր են, Նաիրան Վարուժանի կինն է) ընտանեկան եռյակի նկատմամբ:
Նշենք, որ տեղեկատվություն տրամադրելու պահանջով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն դատական գործընթաց է սկսել նաև ՀՀ դատախազության դեմ:
լուսանկարը` police.am-ի
Մեկնաբանել