
Գլխավոր դատախազությունը պարտվեց նաև Վճռաբեկում
ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր է «Հետաքննող լրագրողներին» տրամադրել 1995 թ-ին մահապատժի դատապարտված, 2015 թ-ին ծանր հիվանդության հիմքով ազատված (մահացել է ազատվելուց 15 օր անց՝ հիվանդանոցում) Սողոմոն Քոչարյանի գործով հսկողական վարույթը:
«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունն այսօր է ստացել դեռևս այս տարվա հունիսի 22-ին կայացված Վճռաբեկ դատարանի որոշումը՝ ՀՀ գլխավոր դատախազության բողոքի վարույթի ընդունումը մերժելու մասին: Վճռաբեկ դատարանը նշել է, որ բողոքում բերված հիմնավորումները բավարար չեն բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար:
Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ, ՀՀ գերագույն դատարանի 1995թ. դատավճռով մահապատժի դատապարտված Սողոմոն Քոչարյանի գործով հսկողական վարույթը «Հետքը» գլխավոր դատախազությունից խնդրել էր տրամադրել դեռևս 2014-ի նոյեմբերի, ապա նաև 2015-ի մարտի համապատասխան գրություններով: Սակայն որևէ պատասխան չէր ստացել գլխավոր դատախազությունից: «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել գլխավոր դատախազությանը տրամադրել Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հսկողական վարույթը: Վարչական դատարանը, դատավոր Լիանա Հակոբյանի նախագահությամբ, բավարարել էր հետաքննողների պահանջը: Գլխավոր դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն մերժում ստացել: Այնուհետև պետական կառույցը դիմել էր Վճռաբեկ դատարան, որը կայացրել է բողոքի վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում:
Այսպիսով՝ հրապարակման պահից Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտել: Հետևաբար, Գլխավոր դատախազությունը պարտավոր է «Հետաքննող լրագրողներին» տրամադրել 21 տարվա վաղեմության քրեական գործով հսկողական վարույթի նյութերը:
Հիշեցնենք, որ «Հետքը» գրել է Սողոմոն Քոչարյանի քրեական գործի մանրամասների մասին՝ այն ուսումնասիրելով ՀՀ դատարանների արխիվում: Այս գործով մեղադրող դատախազ Ժիրայր Խառատյանն իր «Դատախազը» վավերապատման մեջ հիշատակել էր, որ ինքը դեմ է եղել մահապատժի դատավճռին, անգամ զեկուցագիր է գրել հեռանալու մասին, որը պահպանվում է հսկողական վարույթում: Նա նշել էր, որ մահապատժի դատավճռի պահանջը ՀՀ գլխավոր դատախազությանը ներկայացվել է ՀՀ-ում Իրանի դեսպանի մակարդակով (սպանվածը ԻԻՀ քաղաքացի էր): Դեսպանը պահանջել էր ՀՀ քաղաքացուն մահապատժի դատապարտել՝ որպես արյան գնի հատուցում: Հակառակ դեպքում սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել:
Հետաքննող լրագրողներ ՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը նշեց, որ այսօր կդիմի դատարան կատարողական թերթ վերցնելու համար, որից հետո այն կներկայացնի ԴԱՀԿ՝ վճիռը կատարելու նպատակով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել