
«Հաց բերողը» մահացել է
Քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արթուր Սարգսյանը, որը 2016թ-ի հուլիսյան իրադարձություններից հետո հայտնի էր «հաց բերող» անունով: Տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Արթուրի եղբայրը` Արսենը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանը առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին նրան կրկին ձերբակալել ու կալանավորել էին՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մեկ օր անց՝ ի նշան կալանավորման դեմ բողոքի, Սարգսյանը հայտարարել էր հացադուլ: 25 օր անց նրա խափանման միջոցը կրկին փոխվել էր, և նա տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն: 3 օր անց հիվանդանոցից դուրս էր գրվել, սակայն երեկ նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր: Արթուր Սարգսյանը դարձյալ տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ վիրահատվել էր: Բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը «Հետք»-ին առավոտյան հայտնել էր, որ Սարգսյանին քնեցրել են, որպեսզի հարմարվի արհեստական շնչառության ապարատին: Նրա վիճակը գնահատվում էր ծանր:
49-ամյա Արթուր Սարգսյանը մեղադրվում էր պատանդներ պահելուն և զենք-զինամթերք տեղափոխելուն ու պահելուն օժանդակելու մեջ: Արթուր Սարգսյանի մոտ առկա էր զինծառայության ընթացքում ստացած Բեխտերևի հիվանդություն, նա տարել էր նաեւ ողնաշարի վիրահատություն՝ C1 և C2 մասնահատումով և պրոթեզավորմամբ, ուներ որովայնային գծային ճողվածք՝ բավականին մեծ չափի: 2-րդ խմբի հաշմանդամ էր: Արցախյան պատերազմի ժամանակ սնունդ էր մատակարարել ազատամարտիկներին ու ստացել վիրավորում: Ուներ ֆիզիկական գործունեության սահմանափակումներ, հատուկ պայմանների կարիք: Նշենք, որ Բեխտերևի հիվանդությունը ներառված է պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում (Կառավարության 2006թ. 825-Ն որոշմամբ):
Առաջին ձերբակալումից ազատվելուց հետո «Հետք»-ը զրուցել էր Արթուր Սարգսյանի հետ: Նա պատմել էր 2016թ-ի հուլիսի 26-ին ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա Ծռեր» խմբի անդամներին հաց հասցնելու, իր ձերբակալման, կալանավորման, բանտային օրերի մասին: «Այնտեղ այդ հացի պետքությունը կար, դա մի էդպիսի մի մեծ գործ չի եղել»,- ասել էր «հաց բերողը»:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել