
Նժդեհի զինակցի թոռը՝ նախկին կոմունիստ, մեղվապահ Վոլոդյա պապը
Մարինե Մարտիրոսյան
Սոխակների ձայնին միանում է մեղուների բզզոցը: Թռչունները, սակայն, ավելի բարձր են երգում, ու լսողությունդ մի փոքր պիտի լարես՝ մեղվի ձայնը որսալու համար:
-Լսումը՞ք մեղուների ձայնը,- հարցնում է մեղվապահ Վոլոդյա Մարտիրոսյանը:
-Հա,- պատասխանում ենք, բայց փորձում ենք օդում որսալ բզզոցը, ու մի քանի վայրկյան անց շեշտադրումը փոխվում է՝ հա՜:
-Սա բերքի ձայնն է, հեսա քանի օր է՝ բերք է գալիս: Էս տարի մի քիչ շուտ է սկսվել, երևի եղանակից է: Անցած տարի բերք սկսեցին բերել հունիսի 27-ից:
Մեղուների օրագիրն է սեղանին: Շիշկերտցի մեղվապահը վերցնում է այն, ակնոցն ուղղում է, կարդում.
-Ըհը՛ն, հեսա, ամեն տարի գրում եմ, նայի: Վերցրել եմ ձագ մայիսի 10-ին, վաղը պետք է 46-ը մայրապտուկ տա, հիշեմ, թե որտեղից ինչ եմ վերցրել ու ինչ պիտի անեմ: Մայիսի 27-ից դրսից բերք է գալիս...
Աշխատավոր մեղուների մի թռիչքը հետադարձով 14 կմ է, ամեն ուղղությունը՝ 7 կմ: Վոլոդյա պապը դրան «ռեյս» է ասում, հավելում է, որ թիվն ինքը չի հորինել, գրականությունից գիտի: Շեշտում է, որ առհասարակ մեղվապահությունը գիտություն է: Մեր զրույցի ժամանակ մեղուների մասին որևէ տվյալ կամ բնութագրիչ նշելիս հենվում է գրականության վրա:
50 փեթակ է պահում: Բոլորը համարակալված, տարբեր գույներով ու հարկերով են: Հարկայնությունից կարելի է իմանալ փեթակի ուժը: Եթե այն երկհարկանի է, ուրեմն ներսում ուժեղ ընտանիք կա: Ամեն մեղու գիտի իր փեթակը, ու չնայած փեթակները որպես կանոն ներկվում են, որպեսզի միջատները կողմնորոշվեն նաև դրանով, Վոլոդյա պապն ասում է, որ դա պայմանական է:
Ուժեղ փեթակներում սովորաբար 60-70 հազար մեղու պիտի լինի: Աշխարհում, ըստ Վոլոդյա Մարտիրոսյանի, մեղուները 50 տոկոսով կրճատվել են: Պատճառը տարբեր տիպի ալեհավաքներն են, որոնց ազդանշանները բացասական ազդեցություն են ունենում մեղուների վրա, ինչի հետևանքով վերջիններս սկսում են դժվար կողմնորոշվել: Ըստ մեղվապահի՝ այս առումով առաջին մեծ բացասական փոփոխությունը զգացվել է Չինաստանում:
1968-ի երկրաշարժից հետո Վոլոդյա Մարտիրոսյանը Շիշկերտից տեղափոխվել է հարևան Ծավ, որի միջով անցնող գետի ձախ ափը տեղացիները Ներքին Շիշկերտ են անվանում, քանի որ այստեղ հիմնվել են Շիշկերտից եկածները:
Մինչև հիմա էլ Ծավի ամենահայտնի մեղվապահներից մեկն իր փեթակները տանում է Շիշկերտ, այնտեղ թողնում ու վերադառնում: Շաբաթը մեկ գնում, հետևում է: Ճիշտ է՝ Շիշկերտում այսօր մի քանի ընտանիք ապրում է, բայց արդյոք այնտեղ 50 փեթակ տանելն ու թողնելն ապահով է: Սրան ի պատասխան՝ Վոլոդյա պապն ասում է, որ իրենց մոտ գողություններ չկան, բայց մի անգամ պատահել է՝ գիշերով արջ է եկել փեթակների մոտ, սակայն մարդիկ կրակել են, արջը փախել է:
Ծավի մեղրի բույրը յուրահատուկ նրբություն ունի: Ալպիական ծաղիկների փունջ է: Այն, կարծես, գինու պես լինի. երբ փորձում ես, սկսում ես տրոհել համերը, միայն թե այս դեպքում աջուձախ չես կարող անել մեղրի տարան: Մեղվապահը մեջբերում է գրականությունից վերցված մի փաստ, ասում է, որ մեղվաբուծության մեջ ամենաբերքատու բույսը առվույտն է, որի հեկտարից 200 կիլոգրամ մեղր կարելի է ստանալ, երկրորդը կորնգանն է: Վոլոդյա Մարտիրոսյանն առանձնակի հպարտությամբ է շեշտում, որ 1971-ին Ծավի մեղրը Մոսկվայում մասնակցել է գյուղմթերքի ցուցահանդեսին ու ոսկե մեդալ շահել: Ասում է՝ հենց էնպես հո էնպես չեն տվել, ստուգել են, համոզվել, հետո տվել:
Մեղուների ընտանիքներով զբաղվող մասնագետը նույնիսկ ամենաաննշան դետալներով գիտի, թե ինչ է կատարվում յուրաքանչյուրի «տանը»: Ամեն փեթակ ունի իր մայր մեղուն, որի գործառույթը բացառապես ձվարկումն է, երբ ձվատվությունը քիչ է լինում, աշխատավոր մեղուները ոչնչացնում են հին մորը՝ նոր մայր ստեղծելով: Բանն այն է, որ մայր մեղվի ձվերի խնամքի տարբերության արդյունքում նրանք կարող են ստեղծել թե՛ մայր, թե աշխատավոր, թե բոռ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ընտանիքը տվյալ պահին որի կարիքն է զգում: Աշխատավոր մեղուն կարգավորում է փեթակի աշխատանքը: Մեղվապահն ասում է՝ աշխատավորը ջորու պես է, սերունդ չի տալիս: Իսկ բոռերը փեթակին պետք են միայն մայր մեղվին բեղմնավորելու համար, ինչից հետո աշխատավորները արգելում են դրանց մուտքը փեթակ՝ կազմակերպելով բոռաթափ: Մայրը օրական մոտ 2000 ձու է դնում: Եթե փեթակում մինչև 35 աստիճան ջերմություն չլինի, ձվարկում չի լինի: «Բնազդն էդպես է զարգացած»,- նկատում է զրուցակիցս:
Մեղվաբուծության կանոններով՝ եթե մեղուները չփոխեն մորը, մեղվաբույծներն են փոխում: Բանն այն է, որ չնայած մայր մեղուն ապրում է մինչև 5 տարի, նրա արդյունավետությունը բարձր է մինչև 2 տարեկանը:
Մեղվապահը հանում է շրջանակներից մեկը: Ասում է, որ օրական 20-30 անգամ մեղուները խայթում են իրեն, բայց ալերգիա չունի, ու եթե մարդ մեղվապահ է, պիտի սիրի իր գործը: Շրջանակի մեջ դրված մոմաթերթի վրա մեղուները մոմահաց (մեղրահաց) են կառուցում վեցանկյուն բջիջների տեսքով, որտեղ խնամում են ձվերը, թրթուրները, նաև մեղր կուտակում: Արևի տակ փայլող բջիջներում մեղրն է: Վոլոդյա պապը ցույց է տալիս նաև թրթուրները, որ օրեր հետո մեղուներ են դառնալու:
Պատմում է, որ քանի որ Ծավի շրջակայքում ցանքատարածություններ չկան, վայրի բնություն է, փեթակից 10-12 կգ մեղր է ստանում: Նկատում է, որ եթե, օրինակ, Ռուսաստանում հազարավոր հեկտարներով հնդկաձավար, եգիպտացորեն ու այլ ցանքսեր կան, որտեղից փեթակն օրական կարող է 4-5 կգ բերք բերել, ապա իրենց պարագայում ամենաուժեղ բերքի ժամանակ փեթակն ալպիական բնությունից կարող է 2, առավելագույնը 3 կգ բերել:
Բաց պատշգամբում մեղվապահի դիմակներն են: Հետո գնում-բերում է տաշտերով մեղրամոմը: Կապանում 1 կգ մոմ հանձնելով ու 1000 դրամ վճարելով՝ վերցնում են 12 մոմաթերթ, որոնք հետո անցկացնում են շրջանակների մեջ ու դնում փեթակները, որպեսզի մեղուները վրան աշխատեն:
![]() |
![]() |
Մեղրաքամը հիմնականում օգոստոսին են անում: Վոլոդյա պապը ցույց է տալիս մեղրաքամի սարքը: Մեղրով լցված շրջանակները տեղադրում են կլոր տարայի մեջ ու պտտում, կենտրոնախույս ուժերի ազդեցության տակ մեղրը դուրս է ցայտում բջիջներից ու տարայի պատերի վրայով ծորում հատակը, որտեղից հետո դուրս է բերվում ծորակի միջոցով:
Նորից վերադառնում ենք պատշգամբ: Արևը, կարծես, հենվել է բազրիքին: Պապն ասում է, որ այս գործը հորից է ժառանգել: Հիշում է, որ իրենց պապերի ժամանակ փեթակներ պատրաստելու տախտակներ չկային, քթոցների մեջ էին մեղու պահում: Իսկ երբ 1940-50-ականներին տախտակները հասան հեռավոր գյուղեր, սկսեցին փեթակներ պատրաստել: Նշում է, որ երբ հայրն էր պահում մեղուները, ձմռանը պատգարակով փեթակները տեղափոխում էին տաք տեղ: Հիմա ոչ տեղափոխում է, ոչ էլ շորով է ծածկում: Ասում է՝ ձմռանը փեթակը դրսում կարող է մնալ մինչև 60 աստիճան սառնամանքին:
Նժդեհի վաշտապետի կոմունիստ թոռը
Վոլոդյա Մարտիրոսյանը Գարեգին Նժդեհի վաշտապետ Ալեքսան Կոստանդյանի թոռն է: Ասում է, որ ամեն գյուղում վաշտապետ է եղել, ով գյուղի փոքր զորախմբի հրամանատարն էր: Այն ժամանակ Շիշկերտից վերև՝ Մազրայում էին ապրում:
1929-ին պապին աքսորել են Տաշքենդ, որտեղից վերադարձել է 3 տարի անց, սակայն դարձյալ բռնել են: 1937-ին Գորիսում Ալեքսան պապին ու նրա եղբորը գնդակահարել են: Պապը 64 տարեկան էր: Իսկ հայրը՝ Սամսոնը, որպես Նժդեհի վաշտապետի որդի, 1937-ին աքսոր է ուղարկվել 10 տարով: Այդ տարիներին երեք երեխաներին մեծացրել է մայրը: 1947-ին հայրը վերադարձել է, ինչից հետո ընտանիքում ևս 4 երեխա է ծնվել: «Երբ սերունդը փոխվում էր, պապի անունով էին դնում ազգանունը, պապիս պապի անունը Մարտիրոս է եղել, Մարտիրոսի հոր անունը՝ Կոստանդ,- ազգանունների տարբերությունն է բացատրում Վոլոդյա Մարտիրոսյանն ու հավելում,- մեր տոհմածառը ես կազմել եմ, 10 սերնդի բան է...»:
Վոլոդյա պապը 67 տարեկան է, շինարարական տեխնիկումն ավարտելուց հետո աշխատել է գյուղսովետի քարտուղար, հետո՝ նախագահ, 4 տարի եղել է պարտկոմի քարտուղար: Հեռակա սովորել է Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում:
-Այսինքն՝ կոմունիստներ էին պատրաստում, հա՞,- հարցնում ենք:
-Հա, կոմունիստներ, ղեկավար կոմունիստներ,- պատասխանում է:
-Նժդեհի զինվորի թոռը կոմունի՞ստ,- զարմանում ենք, ասում է՝ այդպես ստացվեց, հայրն էլ չէր առարկել իր որոշմանը:
Վոլոդյա Մարտիրոսյանը 1978-1997 թթ. ղեկավարել է Ծավը: Հիմա գյուղում մշտապես չի բնակվում, Կապան է տեղափոխվել: «Երկու աղջիկ և մեկ տղա ունեմ»,- 67-ամյա հայրը աչքերը տրորում է, ձայնը միանգամից խզվում է, հատուկենտ բառեր են լսվում: Բոլորս լռում ենք: Ակնոցը հանում է ու ձեռքով փակում աչքերը: 3 տարի առաջ ուռուցքից մահացել է որդին:
Մեղուների բզզոցը լցվում է պատշգամբ: Քիչ հեռվում Վահանն է խաղում՝ որդու տղան: Կորստի հետ հաշտվել չի լինում: Ասում է՝ մեղուները պահում է անհայր մեծացող 2 թոռների կրթության համար, ուզում է, որ ոչ մի բանի պակաս չզգան:
Ավելի ուշ Ծավից միասին վերադառնում ենք Կապան: Ճանապարհին պապը անընդհատ ձեռքով ստուգում է թոռան մեջքը, որ հանկարծ քրտնած չլինի կամ էլ թե չմրսի միջանցիկ քամուց, իսկ Վահանը գրեթե միշտ լուռ է:
Լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի
Մեկնաբանել