
Կողբավանում մանկավարժ են փնտրում. երեխաները 10 կմ են անցնում՝ դասի գնալու համար
Մարինե Մարտիրոսյան
Ամեն առավոտ 60-ամյա կողբավանցի Հովհաննես Դանիելյանն իր «ԳԱԶ-24»-ով գյուղի դպրոցականներին տանում է հարևան Վանանդ գյուղ: Այն Կողբավանից 10 կմ է հեռու: Սրանք Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանի համայնքներ են:
Հովհաննեսը, «Մարիբորո» գլխարկն ուղղելով, ծխախոտն է վառում: Բակում նրա բացօթյա արհեստանոցն է, ցախանոցը: Կինը՝ երրորդ կարգի հաշմանդամ Լարիսա Դանիելյանը, հենակով դանդաղ մոտենում է տան շքամուտքին, երկու-երեք աստիճանները դժվարությամբ իջնում, նստում է բակի նստարանին:
Հարցնում եմ, թե մի դպրոց երեխեքի ոնց է տեղավորում փոքր մեքենայի մեջ, ժպտում է, ասում է՝ էդ նախկինում էր, որ գյուղում դպրոցականները շատ էին, գյուղապետարանի «ՌԱՖ»-ով էին տանում, հետո մեքենան փչացավ, երեխաների թիվն էլ նվազեց: Ըստ Կողբավանի գյուղապետ Սերոբ Սերոբյանի՝ մինչև վերջերս 10 աշակերտի էին Վանանդ տեղափոխում, հիմա՝ 7: Նախորդ տարի Կողբավանից Մրգաշատ գյուղ է տեղափոխվել երիտասարդ մի ընտանիք, դա է պատճառը, որ երեխաների թիվը կրճատվել է:
Հովհաննեսը երեխաներին դպրոց տանել-բերելու համար գյուղապետարանից ամսական 55 հազար դրամ է ստանում: Ս. Սերոբյանը նշում է, որ օրական 2000 դրամի վառելիք են գնում, ամսվա մեջ նաև պատահում է, որ մեքենայի պահեստամասեր են գնում: Այդ ծախսերը ևս գյուղապետարանի բյուջեից են վճարում:
Կողբավանը հիմնադրվել է 1980-ականներին, համայնքի կարգավիճակ է ստացել 1991-ին: Առաջին գյուղապետը եղել է հենց Ս. Սերոբյանը՝ 1991-1999 թթ., ապա պաշտոնավարել է 2002-2008 թթ., վերստին ընտրվել է համայնքի ղեկավարի պաշտոնում 2016-ի աշնանը:
Կողբավանում մինչ օրս ոչ դպրոց կա, ոչ մանկապարտեզ, ոչ խանութ, ոչ էլ խմելու ջուր:
Սերոբ Սերոբյանը պատմում է, որ 1991-99-ին գյուղապետարանի մի սենյակը տրամադրել էին «դպրոցին»: Դասասենյակ-դպրոցը մի մանկավարժ ուներ, ով պարապում էր 1-5-րդ դասարանցիների հետ: Գյուղապետի ասելով՝ երեխեքը գոնե անգրագետ չէին մնում: Հետո մանկավարժին հանել են, քանի որ, ըստ Սերոբյանի, կրթության և գիտության նախարարությունից որոշում կար, որ բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները դպրոցում չեն կարող դասավանդել, իսկ իրենց մանկավարժը չէր համապատասխանում այդ պահանջին: Գյուղապետն ասում է՝ մանկավարժին հանեցին, ու մինչև հիմա Կողբավան մանկավարժ չի գնում:
«Ո՞ր մանկավարժը կգա էստեղ»,- հարցնում է նա, հետո շարունակում, թե գյուղը համ հեռու է, համ էլ խնդիրները շատ են: Կողբավանը մարզկենտրոն Արմավիրից 30 կմ է հեռու: Համայնքի ղեկավարը համոզված է, որ եթե գոնե մի մանկավարժ համաձայնի աշխատել այստեղ, ապա դպրոցի շենքի խնդիր չի լինի, գյուղում ազատ տներ կան, դրանցից մեկը դպրոց կդարձնեն. երեխաների համար դժվար է ամեն օր այդքան ճանապարհ գնալ-գալ:
Գյուղապետարանի տարեկան բյուջեն մոտ 6 մլն դրամ է, որից 4,5 միլիոնը հողի հարկերից է գոյանում, 1,5 մլն-ն էլ դոտացիան է: Այդ գումարը, ըստ Սերոբյանի, հիմնականում ծախսվում է՝ խմելու ջուր բերելու և աշակերտներին դպրոց տանելու համար:
Հայերով ու եզդիներով բնակեցված գյուղը հիմնադրման օրվանից խմելու ջուր չունի, այն ջրատար մեքենայով բերում են սահմանամերձ Երվանդաշատ գյուղից, որը Կողբավանից 13 կմ հեռավորության վրա է: Գյուղացիների պատմելով՝ տարիներ են եղել, որ ջուրը գնել են, բայց հետո գյուղապետարանը թեթևացրել է հոգսը՝ ամսական 55 հազար դրամ է վճարում երվանդաշատցի վարորդին՝ ջուր բերելու համար:
Հովհաննեսի բակում ջրով լի տարաներ են: Դրանցից մեկի կափարիչը բարձրացնում եմ, ջուրը հին է, մակերեսին փառ է կապել, գույնը դեղին է: Դրանից հետո խոսելը դժվար է, Հովհաննեսը տեսնում է դա ու ասում. «Էդ մեր խմելու ջուրն ա, հիմի կասեք, թե ոնց են խմում, չէ՞...»: Եվ իսկապես, մտածում եմ՝ ո՞նց են մարդիկ խմում այս ջուրը:
Հովհաննես ասում է՝ եթե գյուղը խմելու ջուր ունենա, կյանքը կաշխուժանա:
Կողբավանցի Ռուզաննա Գալստյանը վառարանից նոր թխած հացն է հանում: Խմելու ջրով է թխում, իսկ ոռոգման ջուրն օգտագործում են լվացքի, լողանալու ու անասունների համար:
Գյուղը ոռոգման ջուր ստանում է Ախուրյան գետից սկիզբ առնող Թալինի ջրանցքից: Գյուղի բնակիչները պատմում են, որ դեպքեր են լինում, երբ ջրի հետ գալիս են սատկած անասունի դի, կանացի ներքնաշոր ու մտքովդ ինչ կանցնի:
Ռուզաննայի ընտանիքը բակում ցիստեռնով ոռոգման ջուր է ամբարում ձմռան համար: Ջուրը ցուրտ եղանակին սառչում է, ինչից հետո ստիպված են լինում ջարդել սառույցը, լցնել դույլերը, հալեցնել ու օգտագործել լվացքի և լողանալու համար: Սառույց հալեցնելը երկար է տևում, քանի որ գյուղում նաև գազ չկա՝ հոսանքի, փայտի ու աթարի հույսին են:
«Մենք էլ ենք ուզում քաղաքացու պես բաղնիք անել»,- սա ասելուց հետո Ռուզաննան ծիծաղում է, հետո ժպիտը կորում է: Ասում է՝ առանց խմելու ջրի դժվար է ապրել, դեռ խանութ չունենալուն դիմանում են: Գնումներ անելու համար հիմնականում հասնում են Արմավիր քաղաք: Բարեկամները գիտեն, որ եթե Կողբավան են գնում, նախապես պետք է տեղյակ պահեն, որ տանտերերին անակնկալի չբերեն, քանի որ վերջիններս պիտի հասցնեն հյուր ընդունելու համար խանութ գնալ:
Կողբավանում հիմա, ըստ համայնքի ղեկավար Սերոբ Սերոբյանի, 12 ընտանիք է բնակվում՝ մոտ 70 մարդ, գրանցվածները 167-ն են: Ռուզաննան ասում է՝ գյուղում շատ են խնդիրները, բայց իրենց պահողը հարևանությունն է, մարդկային ջերմությունը և հույսը, որ մի օր իրենք էլ խմելու ջուր, դպրոց, խանութ կունենան:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել