
Հայաստանից պղնձի արտահանումն աննախադեպ ծավալների է հասել
2017 թվականի ընթացքում միջազգային շուկայում պղնձի գինը շարունակաբար աճել է։ Տարվա վերջին ամիսներին մեկ տոննայի գինը հատել է 7 հազար դոլարի շեմը։ Պղինձ արտահանող երկրների համար 2017-ը նպաստավոր տարի էր, այդ թվում՝ Հայաստանի, որի արտահանման կազմում պղինձը տարիներ շարունակ առաջատար դիրք է գրավում։
Գները միջազգային շուկայում
Վերջին մեկ տարում պղնձի գինն, ըստ Լոնդոնի մետաղների բորսայի (The London Metal Exchange, LME), նման դինամիկա է գրանցել (տե՛ս ինֆոգրաֆիկան)։ Ուշադրություն դարձնենք հատկապես տարվա կեսից՝ հուլիսից գրանցված պատկերին, երբ գների աճն ավելի տեսանելի դարձավ։ Տարեվերջին այն անցավ 7 հազար դոլարի շեմը, որը ռեկորդային ցուցանիշ էր վերջին երկու տարիների համար։
(Cash Buyer)
Պղնձի գնի վրա որոշիչ ազդեցություն ունի Չինաստանի տնտեսությունը։ Միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ այս երկիրը հանքահումքի խոշորագույն սպառողն է աշխարհում։ Պղնձի գնաճը 2017 թվականին մեծամասամբ պայմանավորված է Չինաստանում դրա սպառման ծավալների ավելացմամբ, ինչպես նաև՝ չինական տնտեսության աճի վերաբերյալ դրական կանխատեսումներով։
Պղնձի գնի դինամիկան վերջին 10 տարիներին՝ ըստ Լոնդոնի մետաղների բորսայի
(Cash Buyer)
11 ամսում Հայաստանից ավելի քան 440 հազար տոննա պղնձի խտանյութ է արտահանվել
Միջազգային շուկայում պղնձի գնի բարձրացումը նպաստել է Հայաստանից պղնձի խտանյութի արտահանման մաքսային արժեքի բարձրացմանը։ Զուգահեռաբար, աճել են պղնձի արտահանման ֆիզիկական ծավալները։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանից արտահանվել է ավելի քան 444 հազար տոննա պղնձի խտանյութ (հանքաքար և խտանահանք)` 527 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով։
Համեմատության համար նշենք, որ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է ընդհանուր առմամբ 397 հազար տոննա պղնձի խտանյութ՝ մոտ 357 մլն դոլար արժեքով։ Այսինքն՝ աճել է ոչ միայն մաքսային արժեքը, այլև՝ քանակը։ Քանի որ 2017 թվականի տարեկան տվյալները դեռ հրապարակված չեն, առայժմ չենք կարող հստակ հաշվարկել, թե տարեկան աճը որքան է կազմել։ Բայց երևում է, որ այս անգամ մաքսային արժեքն ավելի արագ տեմպով է աճել, քան քանակը՝ ի տարբերություն 2016 թվականի։ Դրան նպաստել է միջազգային շուկայում պղնձի գնաճը։
Մաքսային ծառայության տվյալները վկայում են, որ պղնձի խտանյութի արտահանման թե՛ քանակը, թե՛ մաքսային արժեքը 2017-ին ամենաբարձր արդյունքներն են գրանցել առնվազն վերջին տասը տարիներին։
2017 թվականի առաջին 11 ամիսների տվյալները բավական են` հասկանալու, որ 2017-ին պղինձն ավելի թանկ գնով է արտահանվել, քան 2016-ին։ Այսպես, մեր հաշվարկներով` 2016 թվականին արտահանված պղնձի խտանյութի մեկ տոննայի միջին գինը կազմել է մոտ 900 դոլար, իսկ 2017-ին՝ մոտ 1190 դոլար։ Պղնձի միջազգային գնային տատանումներին զուգահեռ Հայաստանից արտահանման մեկ տոննայի միջին գինը խիստ տատանվել է։ Օրինակ՝ 2010-2011 թվականներին այն մոտեցել է 2500 դոլարի։ Հիշեցնենք, որ պղինձը Հայաստանում վերջնական մշակման չի ենթարկվում։ Այն արտահանվում է «հում» տեսքով։
Հայաստանից պղինձն արտահանվում է հիմնականում Բուլղարիա, Չինաստան, Շվեյցարիա, Վրաստան ու Գերմանիա։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ հիմնական արտահանող ընկերություններն են «Զանգեզուրի ՊՄԿ»-ն, «Թեղուտ»-ը, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «Ախթալայի ԼՀԿ»-ը, «Արմենիան քափըր փրոգրամ»-ը, «Կապանի ԼՀԿ»-ն։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, այս ընկերությունները դասվում են հանրապետության 1000 խոշոր հարկատուների շարքին։
Հայաստանից արտահանվում է ոչ միայն պղնձի խտանյութ, այլև՝ չզտած պղինձ և պղնձի թափոն ու ջարդոն, որոնց և՛ քանակը, և՛ մաքսային արժեքը ավելի փոքր են։ Օրինակ՝ նախորդ տարվա հունվար-նոյեմբերին արտահանվել է մոտ 11 հազ. տոննա չզտած պղինձ՝ մոտ 64 մլն դոլարով։
Ազգային վիճծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 394 հազար տոննա պղնձի խտանյութ, որը 10.1%-ով գերազանցում է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել